կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 18:39
Քաղաքական

Կարեն Բեքարյանը Փաշինյանին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել

Կարեն Բեքարյանը Փաշինյանին առաջարկեց  ինքնաբացարկ հայտնել

ԱԺ հատուկ նիստում ելույթով հանդես եկավ նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը: Նա նշեց, որ շատ բարդ է այսօր զգալ, տեսնել կամ պատկերացնել ճիշտ լուծումը՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ ունենք, որը Փաշինյանն անվանում է ճգնաժամ: Ըստ Բեքարյանի՝ այդ ճգնաժամից դուրս գալու խնդիրն է՝ լիցքաթափո՞ւմ, թե՞ խորացում:

«Ի՞նչ ունենք մենք. մեր գործընկերները խոսում են էներգետիկայի մասին, երիտասարդությանը նոր շունչ տված շարժման մասին: Այո, նրանք ճիշտ են, դա կա: Հիմա այդ էներգիան կառուցողակա՞ն կլինի, մեր երկրին առաջ տանո՞ղ կլինի, սա կարևոր հարց է, որի պատասխանը միասին հասկանալու խնդիր ունենք: Մենք խոսում ենք սիրո և համերաշխության մասին, կա՞ դրա էլեմենտը, կա: Երբ նայում եմ պայծառ երիտասարդության երեսին, երբ տեսնում եմ նրանց ուրախությունը, որի մեջ կա օբյեկտիվ էլեմենտ, մտածում եմ, որ, այո,  սիրո և համերաշխության նշանաբառը կարող է կիրառվել»,- ասաց Բեքարյանը:

Նա նշեց նաև, թե արդյո՞ք չեն տեսնում հարցի երկրորդ կողմը, ո՞վ առիթ չի ունեցել սոցցանցերում հետևելու տարաբնույթ գրառումներին. սարսափելի վիճակ է տիրում, ատելության և թշնամանքի այնպիսի սերմանում, որ որքան էլ մակերեսի վրա են սերն ու համերաշխությունը, մեկ է, սա էլ է մնում:

«Զգում ենք, որ հերթական անգամ ուզում ենք էլի ջրբաժան գծել, սև ու սպիտակներով շարժվել` ՀՀԿ-ն աշխարհի ամենաչար ուժն է, գամված է իր աթոռներին: Լավ, էլի, ամեն ինչ այդքան պարզ ու պարզունա՞կ է: Ես դիմում եմ երիտասարդությանը կամ դրսում հավաքվածներին՝ այստեղի ելույթներին ուշադիր եղեք, ովքեր են միացել այդ շարժմանը, ձեր ջինջ, լավագույն նպատակներով շարժմանը, ովքեր են խոսում ընտրակաշառքի մասին, տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին: Այդ ի՞նչ եղավ, ինչ-որ մի ակնթարթում բոլորը մաքրվեցի՞ն, բոլորի հետ կապված ամեն ինչ մոռացա՞ք, ու այստեղ կա միայն ՀՀԿ-ի՞ խնդիրը»,- ասաց Բեքարյանը:

Նա հորդորեց` թող շուրջը նայեն՝ ինչ նպատակներով, ինչ տիպի զանգված կա ընդհանուր հավաքվածների մեջ: Բեքարյանի խոսքով՝ ուզում է յուրաքանչյուր քաղաքացուն հարց տալ՝ իրեն պատրաստ զգո՞ւմ է այդ մաքրությունն ու ջինջը պահել, և եթե զգում է, ապա ունենալո՞ւ է դրա հնարավորությունը:

«Ի վերջո, աշխարհում ցանկացած հեղափոխության կամ հեղափոխության փորձի ժամանակ իրոք եղել են մարդիկ, որ հավատացել են ու Դանկոյի նման սիրտն են տարել: Բայց հարց եմ ուզում տալ՝ տե՞ղ են հասցրել, թե ճանապարհին պղտոր ջրում ձուկ բռնողները հաղթանակի ողջ դափնիները գողացել են: Գողացել են ամեն լկտի ձևերով, ինչպես այսօր` լկտի ձևով տուրք տալով մոդային, տուրք տալով նրան, որ հողը տակից գնում է, ժամերի, րոպեների տարբերությամբ հայտարարություն են անում, որ միանում են ձեզ: Մի հատ նայեք՝ երբ են միացել, որ պահին, երբ զգացողություն է եղել, որ ուժերի տարաբաշխումը շեղվե՞ց: Այս շարժման մաքրությունը դա՞ է տանելու»,- ասաց պատգամավորը:

Ուշագրավ է, որ Բեքարյանի այս խոսքերին բուռն արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նրանց մեջ լեզվակռիվ եղավ:

Բեքարյանը շարունակեց, թե խոսվում է սիրո և համերաշխության մասինսակայն օգտագործում ասում են, թե ցունամին կգա: «Էդ ցունամին ո՞ւմ վրա պետք է գա: Կամ այսօր խոսում են, որ եթե ինչ-որ բան չեղավ, արդեն զենքեր, չգիտեմ` ինչ, նորմա՞լ է: Սա մեր սիրո և զարթոնքի գործիքնե՞րն են: Ես խոսքս ասում եմ ոչ թե որպես խմբակցության անդամ, այլ որպես վերլուծաբան: Ունենք հետևյալ իրավիճակը՝ չգիտես, թե ինչու, բոլորս տեսնում, զգում ենք ներքաղաքականում լարում, ճգնաժամի էլեմենտ: Վտանգ կա՞ սրանում, իհարկե, կա: Բայց ուզում եմ հիմա, հնարավորինս կոռեկտ ձևակերպելով, ասել՝ ժողովո'ւրդ, Ռուսաստանի և Արևմուտքի շատ խոր դիմակայության շրջանում, երբ յուրաքանչյուր փոքր երկրի մի մաս այս կողմ, մի մաս այն կողմն առաջացնում է այդ երկրի գոյության վտանգ, վերջին տարիներին կարողացել ենք ունենալ այն, ինչ ունեցել ենք»,- ասաց նա:

Բեքարյանի գնահատականով՝ հիմա ունենք իրավիճակ, երբ վարչապետի թեկնածու է մարդ, ով արել է հայտարարություն՝ ես էն ուժի հետ չունեմ անելու գործ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ինձ համար չկա: Ըստ նրա՝ կարող է դրանից հետո հասունացում է տեղի ունեցել, և մարդը հասկացել է, որ այդպես չի կարելի: «Այո, կարող է, ինչպես և բոլորիս մոտ: Բայց դրա ներքո կորել է վստահություն, և այդ բալանսը խախտվում է: Վստահություն մեզ մոտ չէ, մենք դուրս կգանք, կիջնենք ճաշարան, իրար լեզու կհասկանանք, բայց եթե մենք աշխարհաքաղաքական բալանսում վստահություն ենք խախտել, պետք է նկարագրել՝ հետն ինչ կարող է բերել: Հանրապետության հրապարակում կանգնած երեխե'ք, դուք դրա՞ համար եք այս ամենը սկսել: Դուք ձեր դժգոհությունները տեղ եք հասցրել ձեր ուղերձում, և ես ուզում եմ ասել՝ ձեր ուղերձը հասել է տեղ»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այսուհետ որևէ իշխանություն չի կարող լինել արատների նկատմամբ անտարբեր՝ տեսնելով երիտասարդների դրական էներգիան: Բայց, Բեքարյանի պնդմամբ, արժե՞ ինչ-որ տարաբնույթ պաստառների ներքո, օրինակ՝ «Պայքար, պայքար մինչև վերջ», երկիրը տանել-հասցնել մի այլ եզրի: «Վստահ եմ, որ ձեզանից ոչ ոք դա չի ուզում: Այսօր, երբ հարցը կգա, կհասնի քվեարկության, ՀՀԿ-ն կանգնելու է ջրբաժանի առաջ՝ ներքին ճգնաժամի պրոբլեմ, արտաքին առաջացման պրոբլեմ: Չի կանգնելու ջրբաժանի առաջ՝ այս աթոռը տակս է, թե` ոչ: Ի վերջո, փորձեք դա հասկանալ, դա ահավոր կարևոր է: Կա՞ լուծում: Կարծում եմ՝ կա: Ես շատ կուզեի, որ «Ելք»-ի մեր ընկերները շատ լավ հասկանան, ինչ ասում եմ: Իսկ կարո՞ղ է՝ այսօր մենք գնանք ճանապարհով, որ այսօր Փաշինյանն ինքնաբացարկ հայտարարի, ոչ մի քվեարկություն չունենանք և մեկ շաբաթվա մեջ աշխարհին միասնական ուղերձ տանք ու մեզ այդ մամլիչի մեջ բերելու վտանգ չստեղծենք»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում՝ չկա ընտրություն: «Կա ընտրություն վատի ու ավելի վատի մեջ: Երեխե'ք, ձեր պայքարը, որը պետք է տասնամյակներով արդյունք տա, այսօր լրիվ ուրիշ վտանգների դաշտ է մտել»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց նաև, որ խոսքն աթոռների վտանգի մասին չէ, և երիտասարդներին սիրել-չսիրելու վտանգը չէ: Բեքարյանի խոսքով՝ պատգամավորներից յուրաքանչյուրն էլ եթե կողմ քվեարկի, հետագայում կրելու է այդ պատասխանատվությունը: «Մշտապես դեմ եմ եղել գալչկաների համար այս ամբիոնից ելույթ ունենալուն` տպավորություն ստեղծելու համար, բայց այսօր այդ օրը չէ»,- ասաց նա: