կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 23:55
Քաղաքական

Կարելի է ունենալ դատարկ սեղան, բայց քննարկել փաստաթուղթ․ Կ․ Բեքարյանը՝ արցախյան բանակցություններում սպորտից ու եղանակից խոսելու մասին

Կարելի է ունենալ դատարկ սեղան, բայց քննարկել փաստաթուղթ․ Կ․ Բեքարյանը՝ արցախյան բանակցություններում սպորտից ու եղանակից խոսելու մասին

Պայմանավորվածություն չկա, կա ընթացք, որի վերաբերյալ, այո՛, Լավրովը արտահոսք է տալիս՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Նրա համոզմամբ՝ ռուսական կողմը ոչ թե առաջ է մղում փուլային տարբերակը, այլ արտահայտում է բանակցային սեղանի ընկալումը, որը համահունչ է մյուս համանախագահների ընկալումներին։

Իրավիճակը սխեմատիկ կարելի է վերլուծել մի քանի տարբերակով․ առաջին՝ ենթադրենք՝ Լավրովը ճիշտ չի ասում։

«Այստեղ կա մի պարզ հարց՝ եթե Լավրովը ճիշտ չի ասում՝ դա պետք է մի կողմից հերքվեր ՀՀ արտգործնախարարության կողմից, որը չարվեց, մյուս կողմից՝ եթե քո ռազմավարական գործընկեր և դաշնակից երկրի արտգործնախարարը այսպիսի՝ քեզ համար զգայուն հարցում կիրառում է ապատեղեկատվություն կամ անում է տեղեկատվական դիվերսիա, ուրեմն փոխհարաբերությունները այդ երկրի հետ ո՜ւր են հասել, եթե դա ընդհանրապես հնարավոր է»,-ասաց Կարեն Բեքարյանը։

Տարբերակ երկրորդ՝ եթե Լավրովը ամբողջովին ճշմարտությունն է ասում։

«Եթե Լավրովն ասում է ամբողջապես ճշմարտությունը, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերը տապալված են և նշանակում է նաև, որ այսքան ժամանակ իշխանությունները սեփական ժողովրդին ստել են այն իմաստով, որ չկան բանակցություններ, չկա փաստաթուղթ և այլն»,-նկատեց նա։

Եվ երրորդ տարբերակը, որ Լավրովը որևէ կերպ չի ստում, ուղղակի բանակցային սեղանից ինքը ունի այդ ընկալումը, որն, ի դեպ, համընկնում է Ադրբեջանի ընկալման հետ և նաև համընկնում է համանախագահների հունվարի 30-ի հայտարարություն հետ, իսկ ՀՀ արտգործնախարարն ունի ուրիշ ընկալում։

«Այսինքն, այստեղից հետևում է, որ այս մարդիկ իրար լեզու չեն հասկանում»,-եզրակացրեց Կարեն Բեքարյանը։

Նրա հետևությունն այն է, որ, քանի որ մեր իրավասությունների շրջանակում չէ փոխել բանակցային սեղանի մյուս դերակատարներին, որոնք ունեն նույն ընկալումը, ուրեմն պետք է փոխենք մեր արտգործնախարարին և նշանակենք մարդ, որը նրանց ընկալումներին համահունչ կկարողանա առաջ տանել մեր պետական, ազգային շահերը։

Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Լավրովին՝ հայկական լսարանի առջև, Կարեն Բեքարյանին չի համոզել։

«Ինքը կարող է անել այդ հայտարարությունը օրվա մեջ, օրինակ, 100 անգամ, ի՞նչ է փոխվում դրանից, եթե բանակցային սեղանի մնացած դերակատարները դա կա՛մ չեն հասկանում ու չեն ընկալում, կա՛մ դա չի համապատասխանում փակ դռների հետևում կատարվողին»,-բացատրեց նա։

Բանակցային սեղանին, ի վերջո, փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ՝ Կարեն Բեքարյանի համար հստակ է։

«Գիտեք, կարելի է ունենալ դատարկ սեղան, բայց քննարկել փաստաթուղթ․ երբ որ բոլորը այդ փաստաթուղթը անգիր գիտեն և ամեն հանդիպման ժամանակ անդրադառնում են դրա բովանդակությանը»,-ասաց նա՝ պարզաբանելով, որ պետք չէ մանիպուլացնել հանրությանը, թե՝ սեղանին թուղթ լինել-չլինելու մասին է խոսքը։

Նրա համոզմամբ՝ խոսքը ոչ թե ստորագրված, ընդունված, կնիքներով ինչ-որ մի բանի մասին է, այլ  նախագծի, առաջարկի, որի շուրջ ընթանում են բանակցությունները։

«Ինձ թվում է՝ շատ պարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների ներկայացուցչները՝ ի դեմս համանախագահների, ամեն հանդիպման ժամանակ չեն խոսելու եղանակից կամ սպորտից։ Այսինքն, բնականաբար, կա գործընթաց և այդ բոլոր հայտարարությունները, թե՝ մենք չենք բանակցում, մենք քննարկում ենք, չգիտեմ ինչ ենք անում․․․ իհարկե, ծիծաղելի են»,-ասաց Կարեն Բեքարյանը։

Նա նկատեց, որ Մնացականյանը երեկվա խոսքում մի քանի անգամ նշեց, որ բանակցություններ են եղել և ասաց, որ առանձին բաղադրիչների շուրջ ունեցել են բանակցություններ և քննարկումներ։

«Ի դեպ, «առանձին բաղադրիչների շուրջ» ասվածը Ադրբեջանի մշտապես պնդած՝ առարկայական կամ սուբստանտիվ բանակցություններն են, որոնցից էլ անցումը դեպի փուլային կես քայլ էլ չէ՝ ավելի փոքր է»,-ասաց Կարեն Բեքարյանը։

Նա թյուրիմացություն որակեց նաև Մնացականյանի խոսքի այն մասը, որ ասաց՝ իմ գործընկերը ներկայացրել է ի՛ր տեսակետը, ես ներկայացնում եմ ի՛մ տեսակետը․ «Նկատի ունի Լավրովին, բայց մի բան մոռացել է՝ Լավրովը կոնֆլիկտի կողմ չէ, նա միջնորդ է, ի՞նչ է նշանակում՝ նա ներկայացրել է ի՛ր տեսակետը, ես ներկայացնում եմ   ի՛մը»։

Զոհրաբ Մնացականյանը նաև ասաց, որ 2014 թ-ի փաստաթուղթը բանակցությունների սեղանին չէ․ Կարեն Բեքարյանը նկատեց, որ երբևէ որևէ մեկը չի էլ պնդել, որ 2014 թ-ի փաստաթուղթն է սեղանին, այլ մշտապես խոսք է եղել, որ բանակցությունների սեղանից չեն վերացել «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթուղթը կամ  նրա լրամշակված, նորացված որևէ տարբերակ։

«Այդ մասին ուղղակի և անուղղակի ձևով համանախագահները բազմիցս արտահայտվել են, բայց եթե հղվենք Լավրովի ասածի վրա՝ գործ ունենք Մադրիդյան սկզբունքների նորացված շատ վատ տարբերակի հետ, որտեղ որևէ կերպ չի երևում, որ դրված է սկզբունքների անպայման համաձայնեցման, ստորագրման, հետո նոր՝ շրջանակային համաձայանագրի անցման խնդիր, այլ դրված է փուլի խնդիր»,-ասաց նա։

Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքները ամրագրում են, որ կողմերը փաստաթղթով համաձայնեցնում են կարգավորման սկզբունքները, որից հետո նոր անցում է կատարվում շրջանակային համաձայնագրի։ Շրջանակային համաձայանագիրը ունենում է իրականացման ժամանակացույց, բայց ինքը՝ շրջանակային համաձայնագիրը, արդեն կաշկանդված է պայմանավորված և ստորագրված սկզբունքներով։ Այդ սկզբունքների մեջ ներառված է կարգավորման գործընթացի ողջ փաթեթը․ սա՛ է նրբությունը։  

Վերջնական կարգավիճակի հետ կապված ևս դրվում էր հստակ խնդիր, որ այն պետք է որոշվի Արցախի ժողովրդի՝ իրավական ուժ ունեցող պարտադիր կամարտահայտմամբ։

«Ենթադրենք, Ադրբեջանը ստորագրեր այդ փաստաթուղթը, որը որևէ կերպ մեր երազանքի փաստաթուղթը չէր, բայց Ադրբեջանը դնում էր ստորագրություն նրա տակ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվելու է Ղարաբաղի ազգաբնակչության հանրաքվեով։ Ո՞րն է սրա տարբերությունը փուլայինից․ շատ տարրական է՝ երբ դու չես պայմանավորվում ամբողջականի հետ կապված որևէ բան, այլ ասում ես՝ իմ սեղանին ընդամենը կա, ինչ Լավրովը բարձրաձայնեց՝ առաջին փուլում զորքերի դուրսբերում որոշակի շրջաններից և կոմունիկացիաների բացում։ Լավ, տարբերությունը ակնհա՛յտ է, չէ՞»,-բացատրեց նա։

Առաջին փուլի ընտրությունը ևս հայկական կողմի տեսանկյունից խիստ վիճելի է․ ինչպե՞ս են որոշել, որ ամենահրատապը հենց տարածքների հանձնումն է և արդյո՞ք դա նույն կշիռն ունի, ինչ կոմունիկացիաների բացումը։ Կարեն Բեքարյանն ասաց, որ այս հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ արտաքին գործերի նախարարին։

«Ո՞նց կարող է քո՝ միջնորդ հանդիսացող 3 երկրներից մեկի արտգործնախարարը ունենալ ընկալում, էլ չասեմ, որ նա քո դաշնակիցն է և ռազավարական գործընկերը, որ առաջնահերթ են այս երկու խնդիրները և այս երկու խնդիրները՝ առաջին փուլով պետք է կարգավորել։ Այս հարցը պետք չէ ուղղել որևէ մեկին, այս հարցը ուղղվում է նրան, ով ներկայացնում է երկիրը բանակցային գործընթացում։ Իսկ նրանք երկուսն են՝ ՀՀ վարչապետ և արտգործնախարար։ Ո՞նց է ստացվել, եթե դա դուք չեք արել, որ այդ մարդկանց մոտ այդ ընկալումն է»,-ասաց նա։

Սերգեյ Լավրովի՝ ոչ ծավալուն անդրադարձի մեջ ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս բանակցային գործընթացում մեր՝ այս պահի տկարությունը և ապիկարությունը՝ նկատեց Կարեն Բեքարյանը։

Առաջին՝ Լավրովը ֆիքսում է, որ կա բանակցություն,

Երկրորդ՝ Լավրովը ֆիքսում է, որ բանակցությունները փուլային տարբերակի շուրջ են,

Երրորդ՝ Լավրովը ֆիքսում է, որ առաջին փուլում տարածքների հետ անգամ ոչ թե Արցախի ժամանակավոր կարգավիճակն է դրվելու, այլ ինչ-որ կոմունիկացիաների բացում,

Չորրորդ՝ Լավրովը ուղղակիորեն խոսքը կառուցում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի վրա, որտեղ նաև ակնարկով սկզբից՝ հարցի մեջ, վերջում՝ պատասխանով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության էլեմենտը առկա է,

Հինգերորդ՝ Լավրովը, չգիտես ինչու, որը չէր պահանջվում  այդ հարցի շրջանակում որևէ կերպ, հիշում է, որ գործընթացում ժամանակներ են եղել, երբ Արցախը մասնակցել է, ժամանակներ են եղել, երբ չի մասնակցել, բայց հիմա արդեն տարիներ ի վեր գործում է և արդյունավետ է և կյանքի իրավունք ունի այս ձևաչափը։

«Այսինքն, սա միանգամից մտածելու տեղիք է տալիս՝ ո՜ւր ենք հասել։ Հիմա, էդ «ուր ենք հասելը» մե՛կ հարցում ունի ճաշակի խնդիր․ ո՜ւր ենք հասել հայ-ռուսական հարաբերություններում, ո՜ւր ենք հասել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, թե՞ ո՜ւր ենք հասել ղարաբաղյան կարգավորման գործընթացում և հայ-ռուսական հարաբերություններում։ Ամեն մարդ, ըստ իր ճաշակի, կարող է այս հարցադրումներից մեկն ունենալ, բայց «ուր ենք հասել» հարցը չի վերանում»,-ասաց Կարեն Բեքարյանը։

Արդո՞ք նոր իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը բանակցային սեղանի շուրջ, թե՞ նոր փուլ են սկսել, վերլուծաբանն այսպես պատասխանեց․ «Եթե դա իրականացնողների մոտ չկա ընկալում՝ իրենք ինչ են ուզում, իրենք ինչ են պատկերացնում, ինչպես վարչապետն արտահայտվեց՝ իրենք ղարաբաղյան կարգավորման գործընթացի հայեցակարգը սեղանի շուրջ փնտրում են, ես ո՞նց պատասխանեմ այդ հարցին»։

Վերջին՝ հնգակողմ հայտարարությունը Կարեն Բեքարյանը վերլուծում է իրադարձային եռյակի համատեքստում․ «Երեկվա իրադարձային եռյակը նայեք՝ Լավրովի հայտարարություն, որից հետո Զոհրաբ Մնացականյանի, իբրև թե, պատասխան, որից հետո այդ հնգակողմ հայտարարությունը։ Հայտարարության մեջ կա հղում հունվարի 30-ի Ժնևյան փուլից հետո համանախագահների հայտարարությանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ կան բանակցություններ՝ այդ թվում բովանդակային հարցերի շուրջ, պայմանավորված ժամանակացույց և այլն։ Այսինքն, Լավրովը Մնացականյանից առաջ և հնգակողմը Զոհրաբ Մնացականյանից հետո նույն բանը ասում են․ որ այդ փչվող թոզը, որ՝ չկա բանակցություն, չկա փասաթուղթ, չկա գործընթաց, որևէ կյանքի իրավունք չունի»։

Բեքարյանի առաջարկած լուծումը ստեղծված իրավիճակից ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ժամ առաջ հրաժարականն է։

«Պիտի հրաժարական տա կամ հեռացվի պաշտոնից։ Այնուհետև պիտի աշխատի արտգործնախարար, որը կարողանում  է սեփական ընկալումները և բանակցային սեղանի ընկալումները իրար հետ հատման բերել։ Կամ եթե չի կարող աշխատել այդպիսի արտգործնախարար, ուրեմն պետք է պահանջել վարչապետի հրաժարականը»,-եզրափակեց Կարեն Բեքարյանը։

Աննա Բալյան