Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմում կիրառվել է զանգվածային հիպնոս՝ հայ ազգին պարտություն պարտադրելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի կասկած հայտնեց հոգեբան, դոցենտ Հակոբ Դաշյանը։
Նա համոզված է, որ քաղաքական գործիչներին հատուկ վերապատրաստում են՝ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման ու հիպնոսի միջոցով զանգվածներին կառավարելու, գունավոր հեղափոխություններ անելու, պատերազմները հաղթելու կամ պարտվելու համար, և «թավշյա հեղափոխությունն» ու «44-օրյա պատերազմը» բացառություն չէին։
«Հոգեբանական գործողությունները բոլորը վարակովի են՝ մեկը մեկին փոխանցելով են լինում։ Պատերազմի ելքը հիմնականում որոշում է խուճապը։ Հենց մարդկանց սկսում են խուճապի մեջ գցել՝ խուճապը վարակովի է, տարածվում է ռազմաճակատում տեղի ունեցող ամբողջ գործողությունների վրա։ Խուճապը զենք է, որը կիրառեցին բոլորիս վրա։ Դա՝ մեկ։ Հետո կարողացան մարդկանց ներշնչել, որ իրենք արժևորված են այն աստիճանի, որ իրենք կարող էին հարուստ լինել, բայց իրենց խաբեցին, թալանեցին, իրենց չվայելածը յուրացրին ուրիշները․ ներշնչումներով կարողացան թշնամանք սերմանել մարդկանց միջև։ Այս ենթատեքստում է, որ նաև ասում էին՝ ինչու հարուստների երեխաները չեն գնում, մերն են գնում»,-պարտության հոգեբանական կողմը պարզաբանեց Հակոբ Դաշյանը։
Պարտության հիմնական պատճառներից է նա համարում ամենասկզբից մեր բանակի հրամանատարական կազմին գլխատելն ու զինվորին սովորեցնելը, որ կարող է հրամանատարին սադրել, նկարահանել ու ուղարկել իրենց․ սա, նրա համոզմամբ, մարդկային ամենավատ հոգեբանության դաստիարակում է։
Այս բոլոր գործողությունները, նրա համոզմամբ, հատուկ կենտրոններից կառավարվում են և ամբողջ մի ժողովուրդ ընկնում է նույն էյֆորիայի մեջ, նույն շարժման մեջ։
«Մասսաներին կառավարել է պետք, չէ՞, եթե ուզում ես կառավարել երկիրը, նախ՝ պետք է հասկանաս նրանց հոգեկան վիճակը, ազգի հոգեբանական վիճակը, որոնց պետք է տեղայնացնես ու կառավարես, դրանք հատուկ ծրագրեր են տարբեր տեսակի»,-ասաց Հակոբ Դաշյանը։
Անգամ այն փաստը, որ թշնամի երկրի ղեկավարը ծայրահեղ վիրավորական արտահայտություններ է հնչեցնում Հայաստանի վարչապետի հասցեին ու Փաշինյանը չի արձագանքում, հոգեբանի համոզմամբ, կոտրում է ամբողջ ազգի ողնաշարը։
«Ալիևին չպատասխանելը դա մարտավարություն չէ, դա վախկոտություն է, քծնանք է, չի կարելի չպատասխանել։ Դա տարածվում է ազգի վրա և ազգը դառնում է այնպիսին, ինչպիսին ինքն է։ Նա ղեկավարն է, եթե նա իրեն այդպես է պահում՝ նույն վախն ապրում է իր ժողովուրդը, որն իրեն վստահել է։ Այդ վախերը վարակովի են, տարածվող են։ Այդպես է՝ ուզես թե չուզես, եթե ընտանիքում մեկը հիվանդանում է, բոլորն էլ նույն հիվանդի կարգավիճակում են հայտնվում»,-վստահեցրեց հոգեբանը։
Այսպիսի դեպքերում, նրա համոզմամբ, պետք է հիվանդին մեկուսացնել և բուժել։
Հակոբ Դաշյանը զինվորի վրա հոգեբանական հարձակում է համարում այն, որ գերիներին վերադարձնելուց հետո Հայաստանում դատում են։
«Մենք այնտեղ մոտ 100-ի հասնող գերիներ ունենք, որոնց դատում է Ադրբեջանը։ Հիմա տեսեք՝ հոգեբանական ինչպիսի ճնշում է նրանց վրա լինելու։ Հիմա ով որ այնտեղ իրեն հերոսաբար է պահել, լսելով, որ Հայաստանում իրեն դատելու են՝ շատ բաներ կարող է սկսել պատմել, որ չի պատմել, կամ ցանկանա երրորդ երկիր գնալ»,-վստահեցրեց նա։
2016 թ-ի քառօրյա պատերազմից հետո Հակոբ Դաշյանը հոգեբանական օժանդակություն է ցուցաբերում մարտական գործողությունների ժամանակ տրավմաներ ստացած զինծառայողներին։ Նա ինքն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է և խնդիրներին մոտից է ծանոթ։ Ասում է՝ հոգեմարմնական խնդիները տարբեր են՝ վախեր, սթրեսներ, մեղքի զգացողություն տարբեր իրավիճակներում այլ կերպ չվարվելու համար։ Այժմ էլ հոգեբանի անվճար ծառայություններ է մատուցում պատեազմին մասնակցած տղաներին։
Ինքնաբուժումը հոգեբանը արդունավետ չի համարում, հատկապես հոգեմետ դեղամիջոցներ օգտագործելը վտանգավոր է համարում, ասում է՝ ավելի խորացնում են խնդիրները։ Պետք է դիմել մասնագետ հոգեբանի, որպեսզի հատուկ հնարքներով դուրս բերվի խնդիրը։
Հակոբ Դաշյանը կիրառում և շատ արդյունավետ է համարում հիպնոսը։
«Հիպնոսի արդյունավետությունը հիմնականում կայանում է նրանում, որ պետք է արթնացնես մարդու ենթագիտակցությունը, աշխատես ենթագիտակցության հետ։ Հիպնոսի ժամանակ ենթագիտակցությունը շատ արդյունավետ արթնանում է և ներշնչումների արդյունքում այդ խնդիրները կառավարում, դուրս ես վռնդում։ Դրանից հետո պացիենտը կարող է կառավարել իրեն շատ ավելի արդյունավետ, արդեն ինքն է սովորում և ինքը ենթագիտակցորեն պայքար է մղում և կառավարում սթրեսներ ունենալու դեպքում»,-ասաց նա։
Հոգեբանությունը ի զորու է բուժելու շատ խնդիրներ, հակոզված է Հակոբ Դաշյանը, բայց դավաճանությունը՝ ոչ․ դավաճանին, նրա համոզմամբ, բուժում է միայն գերեզմանը։
Աննա Բալյան