կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-07 17:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանական ռեսուրսներն ամենակոպիտ եւ գռեհիկ ձեւով օգտագործվելու են. հոգեբան Նալչաջյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Վտանգավոր եմ համարում այս իրադրության մեջ ընտրությունների գնալը, իշխանական ռեսուրսներն ամենակոպիտ եւ գռեհիկ ձեւով օգտագործվելու են. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ շեշտելով, որ չկա բարոյական սահման ու պատնեշ այսօրվա իշխանությունների համար:

«Վտանգները շատ են: Հաստատ այս ընտրությունները, վատ իմաստով, տարբերվելու են նախորդ ընտրություններից, որոնք էլի փայլուն չեն եղել։ Բոլոր դեպքերում, եթե ընտրությունները լինելու են, պետք է այդտեղ մտնեն նաեւ պարկեշտ, հայրենիքը սիրող, հայրենիքի փրկության հետո նաեւ զարգացման մասին մտածող մարդիկ»,- ասաց հոգեբանը:

Բանախոսը շեշտեց՝ բոլորս պատասխանատվություն ունենք, երկիրը բոլորինն է, հետեւաբար՝ ժողովուրդը պետք է կողմնորոշվի, մարդիկ հասկանում են՝ ինչ-որ մի բան ճիշտ հունով չի գնում: «Մեր այն հայրենակիցները, որոնք ծուղակի, ներքին խուճապի մեջ են, չեն կողմնորոշվում, նրանց կողմնորոշել եւ արթնացնել է պետք: Ընտրությունների ելքը միշտ կախված է լինում չկողմնորոշված մարդկանցից: Համակրանք են շահում այն ուժերը, որոնք կարողանում են ճիշտ աշխատել այս մարդկանց հետ: Ժողովրդի մի հատված կա, որն իսկապես անորոշության մեջ է: Փաշինյանի ջատագովներ գրեթե չեմ հանդիպում: Բայց շատ են նրանք, ովքեր միջանկյալ դիրք են գրավել: Ոգեւորված մարդկանց բազմությունից՝ մի ճնշող մեծամասնություն եկել է միջանկյալ դիրքի»,- նշեց Նալչաջյանը:

Այն ուժերը, որոնք այս իշխանությունների ձեռքով աշխատում են մեր երկիրը կործանելու ուղղությամբ, ըստ հոգեբանի, շտապեցնում են. «Մեզ հետեւում են, ուսումնասիրում: Այսօր ընդդիմադիր ուժերի գործը բավականին բարդ է, պետք է ամեն ինչ փորձենք, որպեսզի ժողովրդին կարողանանք հանել թմբիրից»:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ հոգեբանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, որ այս իրավիճակում առաջանում են առողջացման կենտրոններ, կետեր՝ ի դեմս դաշինքների։ «Մենք հիմա այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ պետք է հասկանանք՝ իշխանությունը վայելք չէ: Այն մարդիկ, որոնք ուզում են մտնել քաղաքականության մեջ, պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաները»,- շեշտեց Կարինե Նալչաջյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։