Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժոողվրդական խոսք կա՝ ստի ոտքը կարճ է: Այն այնքան վտանգավոր չէ, եթե վերաբերում է առօրեական հարցերին: Անթույլատրելի է, բայց հանրային վտանգ չի պարունակում: Իսկ ահա պետական մակարդակով սուտն իր ավերն անդառնալի է գործում: Վերջին շրջանում մենք ականատես եղանք պետական, կառավարական իրարահաջորդ ստերի այնպիսի ծավալի, որն այլեւս դուրս է բանականությունից: Սուտ՝ պատերազմի մասին, սուտ՝ առաջնագծի մասին, սուտ՝ բանակցությունների մասին: Իշխանական, փաշինյանական ստերն այլեւս սահման չեն ճանաչում: Արդեն որերորդ անգամ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին միջազգային մակարդակով մեղադրում են ստախոսության մեջ: Մեղադրում են հրապարակային, պաշտոնապես, բարձր մակարդակով: Մեկ Ռուսաստանի նախագահն է ստախոսությունը բացահայտում՝ պնդելով, որ բանակցություններում Շուշին հանձնելու մասին խոսք չի եղել, մեկ Ռուսաստանի արտգործնախարարության բարձր պաշտոնյան է պնդում, որ Նիկոլ Փաշինյանը ստել է նախկինում բանակցային ձեւաչափերի շուրջ հայտարարություններում: Ահավոր է, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները դիմում են սեփական ժողովրդին ու ստում:
Պատերազմից հետո քննարկվող հարցերից մեկը՝ կա՞ արդյոք որեւէ այլ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դեռ դեկտեմբերին Փաշինյանը պնդում էր, որ չկա: Բայց խելացի մարդիկ հարց էին տալիս: Լավ, եթե չկա, ինչ փաստաթղթի, համաձայնությունների հիման վրա է հայկական բանակը նահանջում Սյունիքում ու թողնում իր շահավետ ռազմավարական դիրքերը, ինչի՞ հիման վրա են տեղաշարժերը կատարվում: Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, թե բանավոր ինչ-որ պայմանավորվածույթունների: Ի՞նչ պայմանավորվածություններ են, ի՞նչ կետերից է բաղկացած, պահում էին գաղտնի: Որեւէ հիմնավոր, հանգամանալից բացատրություն չէին ներկայացնում, թե ինչի հիման վրա է դա կատարվում: Բայց ակնառու էր, որ անհնար է առանց համաձայնությունների զորքին ետ քաշել մի քանի կիլոմետր առաջնագծի մի հսկայական հատվածում՝ վտանգելով Սյունիքի խոշոր բնակավայրերը, դրանով ուղղակի անպաշտպան թողնել սյունեցուն ու բազմաթիվ բնակավայրեր: Բանական մարդիկ հարց էին տալիս, թե ինչպե՞ս են կատարվում սահմանազատումները, երբ համաձայնություններ չկային: Բայց քանի որ կառավարությունն ի սկզբանե ստել էր, թե այլ պայմանավորվածություններ չկան, սկսել էր խուսանավել, պարտադրել այլ գերատեսչությունների, որ նրանք եւս մասնակիցը դառնան մեր ժողովրդին խաբող մեծ մի ստի:
Օրինակ՝ այս փաստաթուղթը: Հայաստանում տեղեկատվության ազատության հարցերով զբաղվող պրոֆեսիոնալ կազմակերպություններից մեկը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, 2020 թվականի հունվարի 15-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ինչ իրավական փաստաթղթի, համաձայնագրի, հայտարարության հիման վրա են ՀՀ Զինված Ուժերի ստորաբաժանումները կատարել դիրքային փոփոխություններ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն առավել մոտեցել են ՀՀ բնակավայրերին, ենթակառուցվածքներին, արոտավայրերին, արդյունաբերական համալիրներին կամ զբաղեցրել բնակավայրերի մի մասը: Հարցմամբ Կենտրոնը խնդրել է նաեւ տրամադրել համապատասխան փաստաթղթի/երի բնօրինակ պատճեն/ները: ՊՆ պատասխան գրության մեջ նշել է, որ ՀՀ Զինված ուժերը դիրքային փոփոխություններն իրականացնել 2020 թ. նոյեմբերի 9-ի ՀՀ, ԱՀ եւ ՌԴ-ի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների կատարման շրջանակում եւ տրամադրել է հայտարարության տեքստի հղումը: ԻԱԿ-ը պատասխանը որակել էր անհիմն: Պաշտպանության նախարարությունը, որպեսզի սքողի իշխանական մեծ սուտը, հղում էր արել համատեղ հայտարարությանը: Բայց բոլորն էլ գիտեն, որ այդ հայտարարությունում Զանգեզուրի, հարակից շրջանների մասին ոչ մի բառ չկար: Ոչ մի տառ չկար, ոչ մի կետ չկար:
Հունվարի 26-ին պաշտպանության նախարարությունը սեւով սպիտակի վրա գրում է՝ համատեղ հայտարարության: Խուսափում է հստակ ասել՝ այլ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ: Իսկ այսօր արդեն Ազգային ժողովի ամբիոնից փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է ասում, որ Սյունիքում սահմանազատման հարցում, բացի նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններից, կա եւս մեկ պայմանավորվածություն, Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը: Պայմանավորվածության ձեւաչափն ի՞նչ է՝ փաստաթո՞ւղթ է, պայմանագի՞ր է, ռեստորանային անձեռոցիկի վրա գրառու՞մ է, թե մի լաթի վրա գրվածք: Չի պարզաբանում Տիգրան Ավինյանը, խորհրդավոր խոսում գաղտնիության, պետական գաղտնիքի մասին: Ու՞մից են գաղտնիքը պահում: Եթե եղել են համաձայնություններ Ադրբեջանի հետ, ապա դա այլեւս գաղտնիք չէ, քանի որ թշնամին գիտի:
Ավինյանը կամ էլ, գաղտնիք ասելով, նկատի ունի սեփական ժոողվրդից գաղտնի պահելը: Սա Հայաստանն է, ինչպես իշխանություններն էին սիրում կրկնել՝ «Նոր Հայաստանը», որտեղ ժողովրդից գաղտնի ոչինչ չեն անելու, որտեղ որոշողը պետք է լիներ 3 միլիոն քաղաքացին: Բայց ինչպես Արցախի ճակատագիրը որոշեցին գաղտնի, որոշեց միայն նիկոլ Փաշինյանը, հիմա էլ սահմաններն են վերաձեւում, Ադրբեջանի հետ են շարժվում նույն գաղտնիությամբ, մեկի առանձնասենյակից: Բայց սա նաեւ իրավական առումով հանցանք է:
Ու հատկանշական է՝ Ավինյանն այսօր փորձեց վաղվա օրվա համար իրեն ապահովագրել: Նա ասաց՝ «ես առանց Ռուսաստանի միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ», վերջում էլ շեշտեց՝ «դա (ճանապարհի մասին պայմանավորվածությունը) կրկին միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»: Ավինյանը չի ասում, որ որեւէ փաստաթուղթ չկա: Նա ասում է՝ իրեն հայտնի չէ: Իսկ միգուցե կա, բայց ինքը տեղյակ չէ՞: Ինչպես տեղյակ չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությունից մինչ դրա հրապարակվելը: Երկրորդը՝ Ավինյանն ասում է՝ «ես առանց Ռուսաստանի միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ»: Իսկ Ռուսաստանի մասնակցությամբ այլ փաստաթղթից տեղյա՞կ է:
Հարցեր, որոնց պատասխանները չկան: Մի առիթով իշխանական ստերին անդրադառնալիս ցանկացա տեղեկանալ, թե գիտնականներն ինչ են ասում այս հարցում: Ահա մեկ մեջբերում. «Պաթոլոգիկ սուտ՝ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում: Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սեւեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարեւորությունը»: Բայց անկեղծ ասած, երնեկ այս ամենը չառնչվեր պետական կառավարմանը, Հայրենիքին, երկրի անվտանգությանն ու մեր ժողովրդին, այլ մարդկային մանր հիվանդություն լիներ, որը կազդեր նեղ ընտանեկան շրջանակի միայն: