Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի քաղաքացու ականջին պարբերաբար հասնում են տեղեկություններ ռադիոյից, հեռուստաէկրաններից, թե փոխվել է այս կամ այն օրենքը: Ծուլորեն լսվում է դա ու մոռացության տրվում: Դե փոխել են՝ թող փոխեն, իրեն ինչ: Իրականում՝ իրեն ինչ: Չեն էլ բացատրում, թե ինչ է տալիս նրան՝ ներկայիս իշխանության կուռք, երբեմնի ՀՀ հպարտ քաղաքացուն: Չեն բացատրում, նա էլ չի հետաքրքրվում: Չանդրադառնալով էլ, որ այդ օրենսդրական փոփոխություններով վաղն իր դուռն է գալու ոստիկանը, հարկայինը, ԴԱՀԿ-ն, քննիչը, փոստատարը՝ դատարանի հաստ ծրարով, կամ զրկվելու է հավաստի, ամբողջական տեղեկատվություն ստանալու իրական հնարավորությունից: Առայժմ համարում է՝ իրեն ինչ: Չանդրադառնալով էլ, որ իր հաշվին ապրող, փող ու պարգեւավճար ստացող պատգամավորը, օրենք մշակող պաշտոնյան, նախարարը օրնիբուն, օրենք գրելով, հետո դրանք փոփոխելով, կրկին փոփոխելով, զբաղված են իշխանությունը պահելու, իշխանությունն ամրապնդելու, սեփական իշխանության համար խանգարող օրենսդրությունը չեզոքացնելու հիվանդագին ընթացքով, որը սկիզբ չի առել այսօր կամ երեկ:
Արդեն տեւական ժամանակ Հայաստանն ապրում է այդ վիճակում: Իշխանությունն իր ճաշակին, նպատակներին համապատասխան ազատ գործելու համար ամեն վայրկյան դիմում է օրենսդրական փոփոխությունների գործիքին: Արագ, հապշտապ պատրաստում են նախագծերը, արագ բերում խորհրդարան, շատ հաճախ առանց լուրջ քննարկման, բանավեճի, լուռ ու մունջ՝ իմքայլական 80 ավելի քվեով անցկացնում ու լուծում իշխանական ամենաթողության ապահովման հարցը:
Ճիշտ մեկ տարի առաջ այս օրերին էր, երբ իրեն մեծագույն սահմանադրագետ հռչակած իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը խորհրդարանում օրենսդրական փոփոխություններով վարում ու ցանում էր, որ իշխանությունը զավթի Սահմանադրական դատարանը: Բազում ներքին ու արտաքին մարտահրավերներ, Հայաստանին մոտեցող համավարակը թողած՝ լծվել էին Սահմանադրական դատարանը գրավելու գործին: Օր ու մեջ պատգամավորը բերում էր փոփոխության որեւէ նախագիծ, այդ ընթացքում նկատում, որ անգրագետ է կազմված, արագ վերադարձնում էին, ապա՝ նորից բերում: Հայաստանի մասնագիտական հանրությունը բղավում էր, ընդվզում, բողոքում, միջազգային կազմակերպություններն իրենց անհանգստությունն էին հայտնում, բայց իշխանական երկաթյա բուլդոզերն աշխատում էր, քննարկում՝ պետք չէ, փաստարկները լսելի չեն: Ով է կողմ, դեմ, ձեռնպահ: Հնազանդ մեծամասնության քվեն արդեն կա: Նրանց ինչ, որ պետական համակարգն է դրանից խարխլվում, մեկ միասնական օրենսդրական դաշտը դառնում հակասություններով լեցուն: Կարեւորը՝ իշխանությունը ձեռքերի ազատություն էր ստանում: Դե հետո արդեն յուրայինների կողմից ուսապարկ կոչված պատգամավորները, ստանում էին երբեք իրենց կարճ կյանքում չերազած աշխատավարձը, պարգեւավճարը, ծառայողական մեքենան, տաքուկ դահլիճներում նստելու՝ հեքիաթ թվացած հնարավորություն ու, դրան էլ վրադիր, կարողանում էին լուրջ դեմքերով խոսել իրենց առաքելության, նոր Հայաստանի մասին:
Այս օրերին էլ բողոքի առիթ դարձած նոր փաթեթը կառավարությունը շտապ բերեց Խորհրդարան: Իհարկե, ներկայացնելիս լուրջ դեմք ընդունած զեկուցում էին բարձրագոչ տերմիններով, մտահոգություններով, սակայն պատճառը, իրական հարցը նույնն էր՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել, որ անցնող երկու ամիսներին, իր պարտության, հայրենազրկման դեմ բողոքող՝ փողոց իջած քաղաքացիներից մեծ մասին ոստիկանական բռնի ուժով բերման ենթարկելուց, հլու-հնազանդ ստրկատիրական պայմաններում գործող քննչական մարմինների կողմից սպիտակ թելերով կարված քրեական գործերի հարուցումից հետո դատական համակարգում հայտնվել են կամ շարունակում են գործել արժանապատիվներ, որոնք օրենքը վեր են դասում, քան Հանրապետության հրապարակի շենքի աշխատասենյակից եկող՝ արդեն մոլագարության հասնող՝ բռնելու հրահանգները: Լուծումը կառավարությունը գտավ՝ գործի դնելով նույն արատավոր աշխատաձեւը. եթե օրենքը խանգարում է իրենց ուզածն անել, պետք է փոխել այդ օրենքը: Ու շատ արագ Հայաստանում կալանավորման որոշումներ կայացնող նոր դատարանների ստեղծումը կշտկեր իրենց պատկերացրած մտահոգիչ վիճակը: Իշխանությանը պետք էր հրահանգ կատարող, առնվազն երկու ամսով քաղաքական հակառակորդների անազատության մեջ պահող ինչ-որ դատարան: Գտան պայմանական անուն: Ավելացրին նոր դատարան, ու վերջ:
Վաղն արդեն փոխված օրենքով ստանալու են իրենց ուզածը: Բայց լավ, կալանավորելը՝ կալանավորեցին, ում էլ կալանավորում էին, տեսնում էին, որ վիճակը չի փոխվում, կգան կալանավորվածների փոխարեն նոր դեմքեր, որոնք եւս կալանքներից չեն վախենում: Հո խոսքի ազատությունը չէին կարող կալանավորել մեկ դատական որոշմամբ:
Հանրահավաքներում իրենց դեմ ելույթ ունեցողների, քաղաքական հակառակորդների պես իշխանությանը, հատկապես՝ վարչապետի աթոռին նստած Փաշինյանին զայրացնում է նաեւ մամուլը, մամուլում այլեւս չդադարող փաստերի հոսքը: Պակաս անհանգիստ չէին այս հարցով պատգամավորները, երբ ամեն վայրկյան սրտներում ահ կա, թե չհայտնվի նրանցից շատերի մասին որեւէ տեղեկություն, որ իրական է, բայց ապացուցման կարիք ունի: Դե ինչ պետք է անե՞ն: Իհարկե՝ վերցնեն օրենսդրական մկրատն ու ձեւափոխեն օրենսդրությունը: Եվ արդյունքը՝ այս օրերին աղմուկ հանած նախաձեռնությունը՝ պատասխանատվություն անանուն աղբյուրների վրա լրատվության հաղորդումը: Վախն ուժգին է իրենց մոտ: Հիմա արդեն շատ հաճախ անանուն աղբյուրները ավելի շուտ են տալիս տեղեկատվություն, քան հայտնի է դառնում: Մակունցը գնում է դեսպան Միացյալ Նահանգներ, հերքում են, հետո պարզվում է՝ լավ էլ գնում է: Փաշինյանի ընտանիքը Մոսկվայում է, շքեղ հյուրանոցում, մեկ կինն է հասնում հեռավոր Կալիֆորնիա, իշխանական գզվռտոցներ, փոխատեղումներ, ներքին խարդավանքներ: Այդ ամենն արդեն անանուն աղբյուրներով մամուլում է: Դե լռեցնելու գործիքը օրենքն է, ու արագ գործի է դրվում նույն մեխանիզմը՝ նախագիծը մի քանի օրում պատրաստ է, դրվում է շրջանառության մեջ, կոճակ սեղմելն էլ Ազգային ժողովում մեկ բաժակ ջուր խմելու պես բան է:
80-ից ավելի ուսապարկը պատրաստ է ինքնահրկիզման՝ հանուն իրենց միակ, անփոխարինելի, արժանապատվությունից, ինքնասիրությունից ավելի թանկ, իրենց աթոռ տված ու աթոռի վրա պահող, թեկուզ ժամանակավոր պահող առաջնորդի: Օրենքի ուժով վաղն էլ լռեցնել են փորձելու լրատվամիջոցներին: Բայց հատկանշական է: Երբ սադիստն է գործը անում, անում է առանձնակի դաժանությամբ, որից հաճույք է ստանում: Մամուլը լռեցնելու անպատվաբեր գործը դրվել էր մի քանի պատգամավորների ուսերին՝ առանձնակի դաժանությամբ: Հեղինակները նախկին լրագրողներ են, որոնք խորհրդարանում են հայտնվել: Ժողովրդավարության մասին ճամարտակողներ, որոնք այդ ամենի մասին խոսեցին, մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը: Հայաստանում սեփական իշխանության գեթ մեկ օր ավել պահպանման հերթական բլուրը կգրավվի: Դա կլինի միայն բլրի գրավում, որին Փաշինյանը կզոհաբերի պատգամավորի մանդատ ունեցող ուսապարկերի հերթական խմբաքանակը: Նա վարժ է զոհ տալուն: Առանց աչք թարթելու: Բայց անկեղծ ասած՝ այս մի բլուրն էլ չի փրկելու իշխանությանը, այնքան են կարկատելու Հայաստանի օրենքները, որոնք իրենց պատկերացմամբ կարելի է թաշկինակի պես փոխել, մինչեւ այնքան խճճվեն, որ արդյունքում սայթաքելուց կարծեն մի թմբից են ընկնում՝ չանդրադառնալով, որ ընկնելիք կիրճը շատ խորն է, մահաբեր: