կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-30 10:17
Քաղաքական

Հանրապետության հիմնադիր Արամն ու երկիրը պարտության մատնած հակաԱրամը. «Անկեղծ ասած»` Գեղամ Մանուկյանի հետ

Խոսքս ուզում եմ այսօր վերնագրել՝ Արամն ու հակաԱրամը: Ահա թե ինչու: Այսօր փոքրաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին Առաջին Հանրապետության հիմնադիր, մեր պետականության 600-ամյա դադարից հետո վերականգման ճարտարապետներից մեկի՝ Արամ Մանուկյանի հուշարձանին: Այնպես չէ, որ երկրում եղած մթնոլորտի պատճառով է, որ շատերը չեկան Արամին այցի: Այդպես է եղել արդեն երկար տարիներին: Արամին հիշում են, խոնարհվում են դաշնակցականներն ու այն մարդիկ, որոնք գնահատում են նրա գործը, վաստակը, պայքարը:

Խորհրդային տարիներին գաղտագողի, կագեբեական լրտեսների աչքից հեռու Երեւանի քաղաքային գերեզմանոցում նրա շիրիմին այցի էին գնում մի բուռ հայրենասերներ, մտավորականներ, համալսարանականներ: Հետո արդեն անգամ Հայաստանի անկախացումից հետո, հակառակ իր վաստակին, գործին, Արամին փորձեցին թողնել ստվերում: Ենթադրելի էր, որ Արամին նույնացնում էին Դաշնակցության հետ, ու խուսափում էին նրան ներկայացնել պետականության վերակերտչի կերպարով: Որքան էլ ասվում էր, որ Արամը համազգային դեմք է, գործիչ է, նեղ կուսակցական դիտակետով չպետք է նրան ընդունել: Բայց բոլոր ժամանակներում իշխանավորների վախը եղել է: Անգամ երկար ջանքերից հետո, երբ արդեն հնարավոր եղավ Երեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակում վեր հառնեցնել Արամ Մանուկյանի հուշարձանը, դա չեղավ պետական միջոցներով: Դաշնակցության նախաձեռնությամբ, բարերաների մասնակցությամբ գործը գլուխ էր գալիս արդեն 2018 թվականին: Անգամ այդ պայմաններում խոչնդոտներն անսպառ էին: Արամի հուշարձանն արդեն 2018-ի ապրիլին պատրաստ էր, պատրասվում էին մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության կերտման օրը կազմակերպել բացումը: Սակայն այս անգամ խոչնդոտը նոր իշխանությունների կողմից էր: Երկրի բարձրագույն իշխանության մակարդակում հազար ու մի պատճառաբանություններով ձգձգվում էր Արամի արձանի բացումը: Մինչեւ, որ առանց պետական որեւէ արտոնության որոշվեց հուլիսի 17-ին, 2018-ին Արամ Մանուկյանին իր պատվավոր տեղը հատկացնել Երեւանում: Արամի համազգային տարողությունն անգամ այդտեղ էր արտահայտվել: Իր շուքի տակ հավաքել էր բոլորին՝ նախագահ, Վեհափառ, վարչապետ: Նիկոլին սիրողին ու չսիրողին, անգամ Արամ Մանուկյանի հուշարձանի նախագծի դեմ ամիսներ առաջ Երեւանի ավագանում դեմ արտահայտվողներին:

Արամն էր, որ 1918-ին միավորեց հայությանը, Արամն արդեն հարյուր տարի անց՝ 2018-ին կրկին միավորող դեր ունեցավ: Թվում էր լավ մեկնարկ, լավ սկիզբ, լավ խորհուրդ, որ կարող էր նաեւ բովանդակություն ստանալ: Այդ օրը խոսք ասեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այդ խոսքն այսօր արդեն կարող եմ կոչել Արամն ու հակաարամը: Այդ օրը ճնշող մեծամասնության մոտ խոսքի բովանդակությանը կասկածողներ •րեթե չկային, մեծ մասի համար դա հո•ու խորքից բխող խոսք էր, որ արտասանեց Փաշինյանը: Բայց կրկնեմ, ճնշող մեծամասնության համար միայն: Կար մի փոքրամասնություն, որը թերահավատ էր նիկոլական խոսքին, որը հիմա երեւի ափսոսում է, որ իր այդ թերահավատությունը տեղին էր, վախերը՝ արդարացված: Թանկ գին էր վճարվելիքը: Գովեստի արժանացավ Փաշինյանի խոսքը, որն արձանագրեց՝ «ի դեմս նրա (Արամ Մանուկյանի), գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետեւ նրա կյանքը եւ գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի եւ գործունեության, ով ծնվեց, ապրեց եւ մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն եւ ի վերջո իրագործեց այդ առաքելությունը»:

Հանրապետության հիմնադրի առաքելությունների մասին խոսելուց հետո հուլիսի 17-ին, 2018-ին, Արամի հուշարձանի մոտ նա սկսեց ներկայացնել առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաքելությունն է «լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը եւ ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ եւ ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է հավիտյան»: Ահա թե ինչու այսօր խոսքս վերանգրած եմ ներկայացնում՝ Արամն ու հակաԱրամը: Ինչպիսինն էր Արամը, որին 2018-ին խոստացավ նմանվել Փաշինյանն ու իր իշխանությունը, բայց գործեց ամբողջովին հակառակ, դառնալով՝ հակաարամ:

Ինչու՞ այս ջրբաժանը գծեցի. քանի որ Արամ Մանուկյանը չեղած պետականության պայմաններում հայությանն առաջնորդեց Հաղթանակի՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում, իսկ Փաշինյանի կառավարումը, իր տամադրության տակ ունենալով, թեկուզ թերություններով, բայց կայացած պետական եւ անվտանգային լիարժեք համակարգ, զինված ուժեր, հանգեցրեց 44-օրյա պատերազմից հետո կապիտուլացիայի, այն էլ գաղտագողի, վախվորած ու ամեն օր նոր զիջումներով ընթացքի:

Արամ Մանուկյանը չբողոքեց ամեն քայլափոխի, թե երեւանցին վախենում է մեկնել ռազմաճակատ, փախուստ է տալիս, զենք չի վերցնում, որն այդպես էր իրականում, այլ ուղղակի երկաթյա բռունցքով սաստեց այդ ամենը, ու դարձավ համաժողովրդական պայքարի մղիչ ոււժը:

Փաշինյանը 44 օրվա ընթացքում ավելի շատ ֆեյսբուքյան ստատուսներով ինչ-որ խորհրդավոր դավաճանությունների  ու դավաճանների, անհասցե մեղադրանքների մասին գրեց, քան կառավարման գործով զբաղվեց:

Արամ Մանուկյանը Սարդարապատում հաղթելուց հետո միայն Երեւանում ընդունեց թուրք զորահրամանատար Վեհիբ Փաշային, որին հաղթել էր նաեւ Վանի պաշտպանությամբ, ու թուրք զինվորականն ակնածանքով եկավ Արամ Մանուկյանի մոտ: Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ամեն քայլափոխի անցնող տարիներին խոսում էր Ալիեւի կիրթ լինելու ու Արցախյան հարցը խաղաղ լուծելու պատրաստակմաության մասին, արժանացավ Ալիեւի ծաղրանքին, «նե օլդու փաշինյան» հայության համար կարծես անեծք դարձած թեւավոր խոսքին, ու չպատասխանեց անգամ, դեռ ճաշի էլ նստեց հետը:

Արամ Մանուկյանը նեղ տեղում՝ ուղղակի ավազի վրա, իր զինակիցներով հիմնեց պետություն, պետական համակարգ, որբերի ու գաղթականների երկրում սոցիալական կառույցներ, կրթություն, բանակ, իսկ Փաշինյանն այս երեք տարվա ընթացքում ուղղակի ամլության մատնեց կառավարման աշխատող համակարգը՝ դարձնելով այն չգործող, անկարող մի կառույց:

Արամ Մանուկյանը թեեւ համարվում էր Հանրապետության անվերապահ առաջնորդ, բայց հրաժարվեց կառավարությունը ղեկավարել, հրաժարվեց վարչապետությունից ու ստանձնեց միայն  ներքին գործերի նախարարությունը, որի պարտականությունների մեջ էր գաղթականությանը, փախստականներին օգնության հասնելը, երկիրը ոտքի կանգնեցնելը: Իսկ Փաշինյանը Սարգսյանին հեռացնելուց հետո հանդես եկավ մեկ վերջնագրով՝ կամ ինքը լինում է վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենում:

Արամ Մանուկյանը աշխատանքում ոչ թե մեղավորներ փնտրեց, ռուսահայ, տաճկահայ, ցարական ու օսմանական տարբերակումները դրեց Արարատի փեշերի տակ հավաքված հայությանը, այլ եղավ գործի առաջամարտիկը, այդ աշխատանքում էլ վարակվեց գաղթականներից ու հոգին ավանդեց:

Փաշինյանն անգամ հայաստանյան եղանակային անբարենպաստ պայմանների համար սկսեց մեղադրել նախկիններին, շրջապատին ու դոփեց տեղում:

Արամն ապրեց ժուժկալ կյանքով, չունենալով անգամ մեկ տուն, մի քանի ձեռք հագուստ: Իսկ հիմա ողջ երկիրը փաստերով խոսում է Փաշինյանների ցոփ կյանքի մասին: Վերջապես Արամը գործեց Շուշիում, այնքան սիրվեց, որ մինչեւ հիմա վեճ կա Արամը շուշեցի է, թե՞ կապանցի: Իսկ Փաշինյանի օրոք Շուշին հանձնվեց թուրքին:

Այսպիսինն են Արամն ու հակաԱրամ Փաշինյանը: Ու անկեղծ ասած՝ ինչու այսօր այս երկընտրանքը դրեցի. քանի որ 2018 թվականի հուլիսի 17-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստացավ այնպես գործել, որպեսզի ամեն անգամ նրա արձանի մոտով անցնելիս ունենա իրավունք «ուղիղ նայել նրա աչքերի մեջ եւ ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է հավիտյան»:

Շուրջ երեք տարվա ընթացքում երբեք, երբեք Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ պետական հիշատակման միջոցառում չի կազմակերպվել, ծաղիկ չի խոնրահվել, հիշատակի հավաք կառավարական մակարդակով չի եղել ու Նիկոլ Փաշինյանն էլ չի կատարել իր խոստումը՝ գեթ մեկ անգամ ուղիղ նայի Արամի աչքերի մեջ ու հաշվետու լինի: Ինչու՞: Քանզի ինքը նոր Արամը չէր, այլ՝ հակաԱրամը: