Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղավորներ փնտրելու ու սլաքներն ուղղելու փաշինյանական հետեւողական քաղաքականության թիրախում տեւական ժամանակ Հայաստանի զինված ուժերի հայտնվելուն զուգահեռ, հիմա արդեն Բանակի դեմ ճակատը ընդլայնվել է՝ խորհրդարանական իմ քայլական խմբակցությունից մինչեւ իշխանական մեդիառեսուրսներ: Իրականում զինված ուժերը միշտ էլ եղել են ներկա իշխանության թիրախում, դեռ տարիներ առաջ բազում նախաձեռնություններով, բանակում ցանկացած զանցանքը համահայկական հարց դարձնելու մոլուցքով, պարտադիր զորակոչի դեմ համակարգված պայքարով, բանակի ու հասարակության կապն առավել ամրապնդող, հետագայում համաժողովրդական բանակ ունենալու նպատակակետով մշակված «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ խոշոր ֆինանսական աջակցությամբ լայնածավալ արշավ վարելը, այն հեղինակազրկելը, ի վերջո, իշխանության գալուց անմիջապես հետո իսպառ մոռացության տալը, դպրոցներում նախնական զինվորական պատրաստվածության առարկայի ջնջելու փորձերը: Դրան արդեն հաջորդեց երկուսուկես տարիների պետական քարոզչություն դարձած արշավը, քրեական գործերի հարուցումը, Զինված ուժերում բարձրագույն սպայական կազմի հեղինակազրկումը, ուրացումը, դատական քաշքշուկների մեջ մտցնելը, տարվող պետական քարոզչության մեջ հերոսի, զինվորական հերոսի կերպարի իսպառ անտեսումը:
Մեկ պարզ օրինակ միայն՝ իշխանության գալուց հետո անկախության տոներին նվիրված նոր նախաձեռնության՝ մեր ժամանակների հերոսը կոչումին մի քանի տասնյակ արժանացածների մեջ երբեք չի եղել զինվորականը: Բար կամ փոքրիկ սրճարան աշխատացնողը, պանիր պատրաստողը հերոս էր, բայց երբեք այլեւս զինվորականը: Կհակաճառեն՝ բա 2020-ի հուլիսին, երբ տավուշյան մարտից հետո այդքան շքեղ պարգեւատրեցին զինվորականներին, մարտական խաչեր, փայլուն հանդերձանք, Սարդարապատ, ջերմ խոսքեր: Բայց այդ օրերին արդեն բոլոր գիտակիցների համար պարզ էր՝ Սարդարապատում տեղի ունեցած տոնակատարությունը բանակի համար չէր արվում, Զինված ուժերին ոգեւորելու ու փառաբանելու համար չէր արվում: Այդ ամենը տեղի ունեցավ լոկ Փաշինյանի փառասիրությանը հագուրդ տալու համար: Ամեն ինչ գծված ու մշակված էր, կարված էր նրա հագով: Օրն այնպես ընտրվեց, որ Հայաստանի նախագահը մեկ օր առաջ մեկներ արձակուրդ եւ Հայաստանում չլիներ, քանզի տրամաբանական չէր լինի, երբ Ազգային հերոսի, պարգեւատրումներ հրամանագրերը նա է ստորագրում, իսկ պարգեւները հանձնում է Նիկոլ Փաշինյանը: Նրան պետք եղավ Տավուշի դեպքը, իրեն իբրեւ զորահրամանատար ներկայացնելու, դրա համար էլ խելագարության հասնող այդքան շատ մարտական խաչեր բաժանելը, իր պաշտոնյաների շուրթերով, ֆեյքային բանակով ամենուր տարփողելը, թե ռազմական գործողությունները համակարգել է հենց վարչապետը: Դա նաեւ Փաշինյանի վրեժն էր բանակից, անցնող 28 տարիներին գործած, կազմավորված, ամրացած, պատերազմներով ու բազում ռազամական, դիվերսիոն միջադեպերով անցած Զինված ուժերից ու հերոսական հրամանատարներից:
Թերեւս պատահական չէր, կարծես մեկ կետից ուղղորդված, հուլիսին Տավուշում եղած զինված գործողությունը սկսեցին լրատվամիջոցներով, պաշտոնական ելույթներով անխտիր անվանել հուլիսյան մարտեր, անգամ՝ պատերազմ, փորձելով ստվերել Ապրիլյանը: Նույնը շարունակվեց արդեն պատերազմի ընթացքում, հակառակ պաթոսային հաղթելու ենք քարոզչության, անդադար տարվեց դավաճանության գիծը, բայց սլաքը միշտ ուղղելով հենց զինված ուժերի ներկա ու հատկապես նախկին բարձրագույն հրամանատարական կազմին: Քարոզչությունը ակնառու էր, քաոսային պաշտպանությունն էր դառնում հերոսականության խորհրդանիշ: Հետո արդեն զինադադարից հետո իշխանական քարոզչամեքենայով, արբանյակներով, ֆեյքային հսկայական բանակով, իշխանական շրջանակներով նույն քարոզչական գիծն էր, որ տարվում էր ու շարունակվում է տարվել՝ մեղավորների փնտրտուք, բայց՝ զինված ուժերում: Այս հարցը դեռ տեւական մասնագիտական քննարկման ու ուսումնասիրության կարոտ է: Բայց միտումնավոր, ծրագրված, հետեւողական սլաքներն ուղղվում են հենց զինված ուժերին: Գերիների՞ն եք ուզում՝ գնացեք պաշտպանության նախարարություն, ձեր զավակների աճյուններն եք փնտրո՞ւմ՝ պաշտպանության նախարարություն ու բանակ, զոհ եք ունեցել՝ մեղավոր են միմիայն հրամանատարները, վախենո՞ւմ եք ձեր զավակների ապագայի համար՝ շրջափակեք Վազգեն Սարգսյան ակադեմիան, բոլորի պատասխանատուն հենց բանակն է, զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը: Եվ երբ տեսան, որ զինվորականությունը լռում է, չի հակադարձում, չի պաշտպանում մեր հասարակության կողմից նախկին տարիներին արված բոլոր սոցհարցումներով ամենաբարձր վստահությունն ունեցած Զինված ուժերի, բանակի, անցյալի պատիվը, հիշատակը, երբ որեւէ մեկը չի խփում ձեռքը սեղանին, պատին դեմ չի տալիս վարչապետի աթոռը զբաղեցրած Փաշինյանին, որ ուղղակի փակի իր պատգամավորների, իր կուսակցույթան խոսնակի կարծիքով Նիկոլի ուսապարկերի բերանը, որ ուղղակի արգելի իր պետական կառույցներին, ֆեյքերի ֆաբրիկաներին հակաբանակային կեղտոտ քարոզչությունը, չարեցին զինվորականներն այդ քայլը, սրանք առավել են ոգեւորվել:
Հայաստանի խորհրդարանի պատերից ներս, ամբիոններից են սկսել հակաբանակային արշավը. մեկը՝ թե անցնող երեսուն տարում բանակ չենք ունեցել, մյուսը, որի ազգանունը ոչինչ չի ասի հանրույթանը, որը նոր է կարծեմ ստացել Նիկոլի ուսապարկի փաստաթուղթը, ճամարտակում է, թե «իշխանությունը վերջին 2.5 տարում բանակում այնպիսի ռեֆորմներ է արել, ինչի արդյունքում Զինված Ուժերի վիճակը շատ ավելի է լավացել: Նախկինների ժամանակ զինվորը չէր զգում, որ պետությունն իր կողքին է: Նախկինները զինվորներին դրդում էին, որ ամեն ինչ անեն մոտիկ տեղ ծառայելու կամ չծառայելու համար, իսկ մենք բացառեցինք դա»: Հասկանո՞ւմ եք, ասում է «Իմ քայլի» պատգամավորը, որը համաձայն իր պաշտոնական կենսագրության, բնականաբար չի ծառայել Զինված ուժերում, ինչպես իր խմբակցության տղաներից շատ շատերը: Այս հայտարարություններին հանրային լուրջ բողոք է լծվում, շատերն ունեն հարցադրում, իսկ իրենց, իրենց զոհված զինակիցների, նախկին հերոսների արժանապատվության պաշտպանության համար ինչո՞ւ չի խոսում զինվորականությունը, դե պաշտպանության նախարարի մասին չեն էլ ասում, նա այսօր ուղղակի փախավ լրագրողներից, որ պատգամավորի հայտարարությունը, թե 30 տարի բանակ չենք ունեցել, չմեկնաբանի:
Բարձրաստիճան զինվորականությունն իր համար գտել է մեկ արդարացում՝ դե օրենքի, երդման մարդ են, կարգուկանոն, վերից վար կառավարման համակարգ, ապաքաղաքական կառույց, օրենք ու սահմանադրություն: Նրանք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Բայց Հայաստանի Հանրապետությա՞նն են ծառայում, երբ չեն հակադրաձում մի պատգամավորի, որը կասկածի տակ է դնում մեր Հանրապետության անվտանգության երաշխավոր Զինված ուժերի գոյությունը, Հայաստանի Հանրապետությա՞նն են ծառայում, երբ լռում են, երբ բանակից թռած ինչ-որ մի երիտասարդ պատգամավոր իրեն թույլ է տալիս արժեզրկվել Զինված ուժերի անցյալն ու ելակը զինվորական ճաշարանում համարում մեծագույն ռեֆորմ, Հանրապետությա՞նն են ծառայում, երբ թույլ տվեցին, որ մի պատգամավոր Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի սուրն առած երկու տարի սեւացնի բոլոր հրամանատարներին, արվածը, 2016-ին զինվորականության հերոսությունը, Հանրապետությա՞նն են ծառայում, երբ ֆիդայական, կուսակցական, գյուղապետական ու մարզպետական ջոկատներ կազմելու չմտածված կոչերով Նիկոլ Փաշինյանն էր առաջնագիծը խարխլում, Հայրենիքի՞ն են ծառայում, երբ իշխանական քարոզչամեքենան է օրնիբուն թաղում բանակը, սեւացնում ամեն ինչ:
Ծառայում են Հայաստանի Հանրապետությանը ասելով, իսկ լռելով, ամեն մի պատահական գործչի հարվածները լուռ ընդունելով չե՞ն գիտակցում, որ ամեն օր նրանց երիտասարդ տարիների վիրավորումով, անդամահատումով, զոհված ընկերոջ արնաշաղախ մարմինը գրկած մարտը շարունակելով ձեռք բերված վաստակը, պարգեւը, ուսադիրը, ամիսներ շարունակ ընտանիքի երես չտեսած, տարիներ շարունակ սեփական բնակարան չունենալով այս բնակավայրից այն բնակավայր իր նվիրյալ ընտանիքիներին փոխադրելով Զինված ուժերի կայացմանը անձնվիրաբար ծառայելու գնով բյուրեղացած ուսադիրներն են այս երես առածները արժեզրկում, հեղինակազրկում, թուլացնում մեր երկրի անվտանգությունը:
Շաբաթներ առաջ, մի առիթով հաղորդմանս ընթացքում ասել էի՝ բառացիորեն՝ հունվարի 28-ին, երբ Հայոց Զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է, ի՞նչ է ասվելու հրապարակային: Ի՞նչ ուղերձ է հղվելու Բանակից հայությանը: Ապագայի համար, անվտանգության, ապահովության մասին: Լռությամբ մեկ պաշտոնական ուղերձով բավարարվեցին միայն: Փոխարենը, ինչ նորելուկ պաշտոնյա կար իրեն իրավունք տվեց ուղերձով հանդես գալ: Ու անկեղծ ասած՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» սպայական կանչը նշանակում է անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը ծառայել, ամուր պահել Զինված ուժերի մարտունակությունը, բարոյական ոգին, ու ոչ թե ինչ-որ պատգամավորների ծառայել, թեկուզ Ազգային Ժողովն են, բանավոր պայմանավորվածություններով հայրենիքի սահմանները նեղացնող ճակատը ամեն օր ետ քաշող վարչապետի աթոռը զբաղեցնողին ծառայելը: Ընտրություն կա. իրապես ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կամ լռությամբ դիտորդ դառնալ Հանրապետության կործանմանը՝ նաեւ բանակի դեմ կազմակերպված այս արշավի արդյունքում: