Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էլի անհարմար բան ստացվեց: Այսօր արդեն որերորդ անգամ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին միջազգային մակարդակով մեղադրեցին ստախոսության մեջ: Մեղադրեցին հրապարակային, պաշտոնապես, բարձր մակարդակով:
Հայաաստանի Հանրապետության սիրելի քաղաքացի, կամ այս անգամ դիմելով այն հեռուստադիտողին, ով դեռ հույս ունի, որ ինչ-որ բան կարելի է ուղղել մեր երկրում,
կարելի է կորուստ ետ բերել, կարելի է տնտեսական վիճակ կայունացնել եւ դա կարող է անել վարչապետի աթոռը ներկայումս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նրան այսօր էլ Մոսկվայից մեղադրեցին, որ սուտ է խոսել, խաբել է Հայաստանի քաղաքացիներին, խաբել է արտաքին աշխարհին, երբ օրերս պատերազմի անխուսափելիությունն արդարացնող ու հիմնավորող հոդվածում Նիկոլ Փաշինյանը գրել էր, թե ռուսները ժամանակին առաջարկել են ազատագրված յոթ շրջանները հանձնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու:
Մինսկի խմբի ռուս համանախագահն ասել է, որ դա «իրականությանը չի համապատասխանում»: Իհարկե դիվանագետ համանախագահն օգտագործել է «Իրականությանը չի համապատասխանում», որը ոչ դիվանագիտական բառապաշարով հնչում է՝ սուտ է ասում: Հատկանշական է, որ ռուս դիվանագետն այս հարցին չի անդրադարձել ընթացիկ, սովորական հարցազրույցի ժամանակ, այլ՝ պաշտոնապես ձեւակերպված հարց է եղել, պաշտոնական պատասխանով, որը տեղադրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում, ասել է թե՝ պաշտոնական Մոսկվան պաշտոնապես է ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում ստել է: Առաջին անգամ չէ, որ միջազգային մակարդակում Նիկոլ Փաշինյանին մերկացրել են ստախոսության մեջ: Հիշո՞ւմ եք, նոյեմբերի 17-ին էլ Ռուսաստանի նախագահը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանը ստել է՝ ասելով, որ զինադադարի բոլոր տարբերակներում կար Շուշին հանձնելու հարցը: Պուտինն էլ ասաց՝ ոչ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հատկապես նրանք, որոնք այդքան կուրորեն շարունակում են հավատալ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին, առանց Շուշին հանձնելու զինադադարի տարբերակ սեղանին դրված է եղել, Մոսկվան Ալիեւին էլ է համոզած եղել դեռ հոտեմբերի կեսերին, բայց Փաշինյանն է մերժել այդ տարբերակը:
Այս շրջանի հետ կապված փաշինյանական հաջորդ ստախոսությունը բացահայտեց օրերս ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ տեղեկացնելով, որ Փաշինյանը Պուտինի առաջարկի մասին թաքցրել է: Փաշինյանական պատերազմական ստերից մեկը բացահայտեց նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը՝ հայտարարելով, որ դեռ հոկտեմբերի 4-ին զեկուցել է երկրի բարձրագույն ղեկավարությանը պատերազմն օր առաջ դադարեցնելու ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին: Թեեւ Փաշինյանն ավելի վաղ չքմեղանում էր, թե իրեն վստահեցնում էին, որ ամեն ինչ լավ է:
Շարունակե՞մ այս շարքը, երբ Նիկոլ Փաշինյանը ստել է միջազգային, հրապարակային, ռազմաքաղաքական մակարդակներում: Երնեկ թե այդ ստերն ուղղակի համարվեին քաղաքականության մասնիկ միայն, սեփական իշխանությունը երկարաձգելու, ապահովագրելու թեկուզ խղճուկ փորձեր: Բայց ամեն մի նման ստի արդյունքը մարդկային կորուստներն էին, մարդկային հարյուրավոր, հազարավոր կյանքեր և հայրենքի կորուստը: Այնքան է այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողը տարված համատարած ստախոսությամբ, որ անգամ ինքն իրեն է ամեն քայլափոխի հակասում. մեկ ասում էր պատերազմը սկսելու մասին տեղյակ էին, միայն ժամն ու տեղը չգիտեին, մեկ հայտարարում է անտեղյակության մասին: Ամեն մի նման սուտ խոսք, թվարկածներիցս բոլորի դեպքում ունեցել է ծանր հետեւանքներ՝ տարածքային կորուստներից մինչեւ հայրենազրկում, մարդկային անգնահատելի զոհերից մինչեւ դիվանագիտական, արտաքին հարաբերությունների վատթարացումներ:
Փաստերը ցույց են ստալիս, որ ստախոսության մեկ-երկու դեպք չէ, որի հետ գործ ունենք, այն շարունակական է, անդադարար, մի ստով մյուսը փակելու փորձ: Կարո՞ղ է պետությունը կառավարվել նման անդադար ստախոսությամբ: Կարո՞ղ է երկիրը դառնալ վստահելի գործընկեր բանակցող մի մարդու ներկայությամբ, որի ստախոսությունների մասին արդեն միջազգային հարթակներում են բարձրաձայն ասում: Այս ողջ զրույցի ընթացքում ես որեւէ օրինակ, դեպք չներկայացրի ներհայաստանյան, ներքաղաքական կյանքից: Դրանք ոչ թե չկան, այլ այնքան շատ են, այնքան ճղճիմ են հաճախ, որ անգամ կարելի էր շրջանցել: Հիշեք, թե քանի դատական հայց է ներկայացվել Նիկոլ Փաշինյանի դեմ: Ոչ թե Հայկական ժամանակի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ, դրանք շատ-շատ են եղել, այլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Մեկը հիշեցնե՞մ. Հրայր Թովմասյանի հայտնի գրիչի պատմությունը.իբրև Սահմանադրական դատարանի այն ժամանակվա նախագահը գրեթե բռնությամբ է Փաշինյանին իր թանկարժեք գրիչը տվել: Բայց կարճ ժամանակ անց տեսանյութից պարզ դարձավ, որ Փաշինյանը ստել է. իր գրիչը չի գտել, կողքին նստած Թովմասյանն էլ իրենը փոխանցել է, որ գրի: Մանրուք մի սուտ, որ ուղղակի ներկայացնում է երեկ, երեկ չէ առաջին օրը, այսօր, վաղը պետական կառավարման ողջ աշխատաձեւը:
Սակայն գալիս է նոր ու մեծ ստի առավել վտանգավոր փուլը, որն արդեն ճակատագրական է լինելու: Այդ սուտը շրջանառվում է տեւական ժամանակ, պատերազմից հետո՝ խաղալով հասարակակական որոշ շրջանակների զգացմունքների վրա: Ստերի տարափ, Փաշինյանով սկսվող ու հետո բազմացվելով պետական քարոզչական, ներիշխանական շրջանակների կողմից: Ստերի ողջ շարք՝ թե այլեւս վտանգավոր սահմանագոտում ծառայություն չի լինելու, կրակոց չի լինելու, ճանապարհները բացվելու են, առեւտուր է լինելու, լավ են ապրելու, փող է գալու: Լոկ սպառողական, շահադիտական զգացմունքներ բավարարող ստերի մի ողջ երանգապնակ: Ստեցին, թե սահմանները հանդարտվել են, մեկ օր անց՝ կրակոցներ առաջնագծում, ստեցին, թե Մոսկվայում կնքված հայտարարության արդյունքում ճանապարհներ, երկաթուղին են բացվելու, մեկ օր անց սուտը բացվեց, պարզվեց ադրբեջանական ու թուրքական պահանջները բավարվել են, փոխարենը հային առաջարկում են գնացք նստել ու ողջ Ադրբեջանով անցնել Ռուսաստան գնալու համար: Վաղը, մյուս օրը, հաջորդ օրը լինելու են ստեր, ու այդ ստերի արագ բացահայտումներ: Կա՞ մեկը, որը ցանկանում է ապրել այդ ստի պայմաններում, լսել քաղցր բաներ, բայց ուտի դառը մի կտոր բլիթ, ունենա ղեկավար, որին միջազգային մակարդակով են ամեն օր բացահայտելու ստախոսության մեջ:
Այս թեմային անդրադառնալիս՝ ցանկացա տեղեկանալ, թե գիտնականներն ինչ են ասում: Ահա մեկ մեջբերում: Պաթոլոգիկ սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում: Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը:
Բայց անկեղծ ասած՝ երնեկ այս ամենը չառնչվեր պետական կառավարմանը, հայրենիքին, երկրի անվտանգությանն ու մեր ժողովրդին, այլ մարդկային նեղ հիվանդությունը լիներ, որը կազդեր առնվազն նեղ ընտանեկան նեղ շրջանակի վրա միայն: