Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենյաց պաշտպանի օրը ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության մի խումբ անդամներ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված նահատակների հիշատակին:
Այնուհետև միության անդամները բարձրացել են Շուշիի տանկ-հուշարձանի մոտ։ Պատերազմի օրերին հուշարձանի տարածքը ենթարկվել էր հրետակոծության, վնասվել է նաև բուն հուշարձանը, և ակնհայտ էր, որ դրանից հետո այնտեղ մաքրման և վերականգնման աշխատանքներ չեն կատարվել:
Միության անդամները տեղում որոշել են հուշարձանի տարածքը մաքրել աղբից, քարերից ու ավազից: Ներկայումս հուշարձանը գտնվում է պատերազմից հետո հաստատված նոր բնագծերի մոտ։
ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Շուշիի տանկ-հուշարձանը հաղթանակի խորհրդանիշ է և իրենք հաճախ են տոնական օրերին այնտեղ այցելում: Իսկ այժմյան անմխիթար վիճակը չէր կարող անտարբեր թողնել երիտասարդներին:
«Թեև թշնամու տիրապետության տակ անցած, այնուամենայնիվ, Շուշին և Շուշիի տանկ-հուշարձանը շարունակելու են համարվել հայ ազգի հաղթանակի և վերածննդի խորհրդանիշ։ Սերունդները պետք է շարունակեն դաստիարակվել հաղթողի հոգեբանությամբ, և շարունակեն պայքարել պատմական արդարության վերականգնման համար։ Ցավը մեծ է, բայց մենք պարտավոր ենք վերագտնել մեզ և տեր կանգնել մեր երկրին ու մեր արժեքներին։ Այս է պատգամում ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության նախաձեռնությունը, որով ավելի արժևորեցինք այս օրը»,- նշել է Վահագն Խաչատրյանը:
ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները հույս են հայտնել, որ մաքրման աշխատանքներից հետո համապատասխան մարմինները կզբաղվեն վերանորոգման աշխատանքներով:
Օրվա վերջին երիտասարդներն այցելեցին մի շարք դիրքեր և զինվորներին շնորհավորեցին Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: