կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 19:47
Քաղաքական

Պատմաբանների մտահոգությունը Փաշինյանի՝ Շուշիի մասին հնչեցրած մտքերի առնչությամբ

Պատմաբանների մտահոգությունը Փաշինյանի՝ Շուշիի մասին հնչեցրած մտքերի առնչությամբ

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՇՈՒՇԻԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՄՏՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ 

«Հայաստանի պատմագետների ընկերակցություն»-ը խիստ մտահոգություն է հայտնում սույն թվականի հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից Շուշիի վերաբերյալ հնչեցված խիստ վտանգավոր մտքերի առնչությամբ: Նախևառաջ նշենք, որ հայոց հինավուրց քաղաքի պատկանելության հարցը հայ պատմաբանների համար նույնիսկ քննարկման առարկա չէ, քանի որ այն դարեր շարունակ եղել է հայկական, և պատմական ինչ-որ փուլում բնակչության էթնիկ կազմի փոփոխություններով չէ, որ կարելի է կասկածի տակ դնել նրա հայկականությունը: Անգամ այդ փոփոխությունների պարագայում պարտավոր ենք ուշադրություն դարձնել ստորև շարադրված հանգամանքներին:

Թյուրքալեզու տարրը Շուշիում առաջին անգամ հայտնվել է 18-րդ դարի կեսերին, սակայն մինչև 1920 թ. հայ բնակչության զանգվածային ջարդը երբևէ մեծամասնություն չի կազմել: 1897 թ. Ռուսական կայսրության առաջին համընդհանուր մարդահամարի տվյալներով` Շուշի քաղաքում բնակվել է 14.420 հայ (բնակչության 55.8%-ը), իսկ Շուշիի գավառակի գյուղերը գրեթե բացառապես հայաբնակ են եղել։ Շուշիի հայ բնակչությունը տուժել է 1905 թ. թաթարական հարձակումներից, սակայն հետագայում շարունակել է աճել՝ 1917 թ. սկզբի դրությամբ ռուսական «Кавказский календарь» վիճակագրական ժողովածուում հրատարակված պաշտոնական տվյալներով հասնելով 23.400-ի (բնակչության 53.3%-ը)։ 1918 թ., 1919 թ. և հատկապես 1920 թ. հայերի զանգվածային կոտորածների հետևանքով հայ բնակչությունը կորցրել է մեծամասնությունը քաղաքում, բայց գյուղերի զգալի մասում շարունակել է գերակշռել։ Քաղաքային և գյուղական հայ բնակչության ընդհանուր կորուստը կազմել է մինչև 30.000 մարդ, որից միայն քաղաքում՝ ավելի քան 20.000: Հետագա տասնամյակներում հայերի թիվը մասամբ վերականգնվել է քաղաքում` 1939 թ. ԽՍՀՄ մարդահամարով հասնելով շուրջ 1.500-ի (բնակչության 27.2%-ը), իսկ գյուղական բնակչության կեսից ավելին հայեր էին, հատկապես՝ Բերդաձորի ենթաշրջանում։ 1960-ական թթ. սկզբից Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները գործուն քայլեր են ձեռնարկել քաղաքը վերջնականապես հայաթափելու և հայկական գյուղերի էթնիկ դիմագիծը փոխելու ուղղությամբ։  
 
ԽՍՀՄ 1970 և 1979 թթ. մարդահամարների տվյալներով Շուշիում համապատասխանաբար 1.540 (17.7%) և 1.410 (13.1%) հայ է բնակվել, իսկ գյուղական բնակչության մեջ հայերը դեռևս մեծամասնություն են եղել, թեև 5 գյուղեր հայաթափվել են, վերաբնակեցվել ադրբեջանցիներով։ Շարունակված հայաթափման քաղաքականության եզրագիծը ԽՍՀՄ փլուզման շրջանում էր. 1988 թ. բռնի տեղահանվել է քաղաքի հայ բնակչությունը, որ հասել էր շուրջ 2.000-ի, իսկ հաջորդ տարի նույն մոտեցումը իրագործվել է Մեծշեն, Հինշեն, Եղցահող և այլ գյուղերի հայերի նկատմամբ։ Հենց այս գործողությունների արդյունքում է նվազագույնի հասցվել հայերի տեսակարար կշիռը Շուշիի շրջանում, և Ադրբեջանի պետական այրերի կողմից 1989 թ. ԽՍՀՄ մարդահամարին հղվող ավելի քան 90% ադրբեջանցիների ցուցանիշը միայն այդ գործողությունների արդյունքում էր, այն էլ՝ քաղաքի պարագայում. նման թիվ խաղաղ պայմաններում չի հաշվառվել, և սա ընդունում են նույնիսկ ադրբեջանցի հետազոտողները։ 1992 թ. քաղաքի և ամբողջ շրջանի լիակատար ազատագրումից հետո վերը նշված գյուղեր և քաղաք հայ բնակչությունը վերադարձել է, ընդ որում՝ Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը ներկայումս բարեբախտաբար մնացել են հայկական վերահսկողության հատվածում և ամբողջությամբ հայաբնակ են։ 

2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ Շուշիում բնակվում էին շուրջ 4.300 հայեր` 1979 թ. համեմատ 3 անգամ շատ։ Բնակչության էթնիկ կազմի մասին և նրանց տեսակարար կշռի մասին խոսելիս մենք պետք է առաջնորդվենք ոչ թե Ադրբեջանի համար ելակետ հանդիսացող 1989 թ. տվյալներով, որ ուժային կառույցների օգտագործմամբ հայաթափման պայմաններում է հաշվառվել, այլ 2020 թ. նախապատերազմական վիճակագրությամբ (շուրջ 4.300) կամ առնվազն 2015 թ. Արցախի մարդահամարի տվյալներով (շուրջ 4.100 հայ)։ 
 
Վերը շարադրվածից ելնելով՝ ՀՀ պաշտոնատար անձանց հորդորում ենք ազգային և պետական կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտել միայն տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո:

Հայաստանի պատմագետների ընկերակցություն