|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երկու տարի առաջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից հետո թուրքական քարոզչամեքենան սկսեց տարածել, թե դրանցով լուծվում է Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Իսկ ՀՀ-ի բոլոր հերքումները մեծ արձագանք չունեցան քարոզչական դաշտում:
Սակայն այստեղ կար մի նրբություն. խոսվում էր պատմաբանների խմբի ստեղծման մասին, ովքեր պետք է քննեին Ցեղասպանության հարցը: Սա բավականին մեծ ազդեցություն ունեցավ թուրքական հասարակության շրջանում:
Եթե հայկական միջավայրում այդ հանգամանքն ընկալվում էր, որ դրանով Հայոց ցեղասպանության հարցը կասկածի տակ է դրվում, ապա թուրքական միջավայրում ճիշտ հակառակը կատարվեց:
«Այնտեղ տասնամյակներով քարոզվել է, թե Ցեղասպանություն չի եղել, եւ նրանց մոտ առաջանում էր հետեւյալ հարցը` մի՞թե քննարկելու են այն, ինչը Թուրքիան ժխտում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքերով` թուրքական պատմագրության ճեղքերը բացահայտնվեցին. ստեղծվեց այլախոհ թուրք պատմաբանների խումբ, որը սկսեց Հայկական հարցի վերաբերյալ այլ տեսակետներ հնչեցնել. «Թուրք պատմաբանները առաջ էին քաշում թուրքական պետական թեզից տարբերվող տեսակետներ»:
Առաջ էր քաշվել այն տեսակետը, թե Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին, սակայն այլախոհ այս պատմաբանները եկան այն եզրահանգման, որ դա ոչ թե պատմական, այլ քաղաքական խնդիր է: Եվ երբ թուրքական իշխանությունները այդ հարցը թողնում են պատմաբաններին, նկատի են ունենում ոչ թե անկախ պատմաբաններին, այլ իրենց կամակատարներին:
Պատմաբաններից հայտնի Թաներ Աքչամը մեկ այլ կարեւոր բացահայտում արեց. թուրքական իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում` արտասահմանցի պատմաբաններին վարձելու եւ Ցեղասպանությունը ժխտելու համար: