կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-21 12:35
Արցախ

Ղարաբաղում պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե կյանքի կոչվեին Մոսկվայի՝ 2016 թ. առաջարկները. ՌԴ ԱԽ

Ղարաբաղում պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե կյանքի կոչվեին  Մոսկվայի՝ 2016 թ. առաջարկները. ՌԴ ԱԽ

Եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի՝ 2016-ի առաջարկները կյանքի կոչվեին, ապա պատերազմից հնարավոր կլիներ խուսափել: Այդ մասին հունվարի 20-ին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ 2016 թվականին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «հայեցակարգ էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի փուլային կարգավորման վերաբերյալ»: 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Բաքվին և Երևանին փոխանցել էին համապատասխան փաստաթղթի վերջնական տարբերակը:

Նուրգալիևը բացատրել է, որ առաջարկվող կարգավորումը երկու փուլով էր: Առաջին փուլում ԼՂ 5 շրջանները պետք է «վերադարձվեին» Ադրբեջանին՝ «միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո»:

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղին տրվում էր սեփական իշխանություններ և ինքնապաշտպանական ուժեր ստեղծելու իրավունք, չեղյալ կհայտարարվեր շրջափակումը Ադրբեջանի կողմից, և պետք է վերականգնվեին առևտրատնտեսական հարաբերությունները:

«Երկրորդ փուլում նախատեսվում էր հանձնել մնացած երկու շրջանները՝ միջազգային նորմերին համապատասխան հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը զուգահեռ»,– նշել է Նուրգալիևը։

Նա հավելել է, որ Բաքվի և Երևանի համաձայնությամբ պետք է պահպանվեր Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության համար:

«Եթե այդ առաջարկները կյանքի կոչվեին, ապա Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պայմաններ կստեղծվեին բնականոն կյանքի համար»,- ասել է Նուրգալիևը։