Ահավոր դեպք է տեղի ունեցել։ Էլի մահ։ Մահեր․ երիտասարդ մայր և չծնված երեխա։ Մահերը էլի կապված են Նիկոլ Փաշինյան անվան հետ։
Նախ պատկերացնենք ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Վարչապետ Փաշինյանի կորտեժը մեծ արագության տակ բարձրանում է Պարոնյան փողոցով։ Եթե արագությունը այդքան մեծ է, ուրեմն «Ուղևոր N1»-ը մեքենայի մեջ է։ Եթե կորտեժը առնվազն 7 մեքենայից է բաղկացած, ուրեմն հաստատ մեջն է։ Եթե, անգամ ուղեկցող ՃՈ ամենագնացն է մահացու հարվածել կնոջը, դա, միևնույն է, համարվում է Վարչապետին ուղեկցող շարասյան մեքենա։ Այդ մեքենան, պատկերացնենք, դիմացից, կամ թեկուզ կողքից երթևեկելիս հարվածում է կնոջը․ ականատեսների ասելով՝ հարվածի ձայնը շատ ուժեղ է լինում։ Այդ հարվածից հետո, մեքենան (մեքենաները) 20 մետր դեպքից վերև կանգ են առնում, մի պահ․․․ Ու շարունակում են երթևեկել Փաշինյանի մեքենայի հետևից, որը նույնպես չէր կանգնել։
Եթե կանգնեին, վերցնեին խեղճ կնոջը, դնեին մեքենան ու արագ հասցնեին կողքի հետ գտնվող հիվանդանոց, միգուցե հնարավոր կլիներ փրկել կյանքերը։ Բայց ոչ, մեքենան կանգ է առել, ենթադրում եմ՝ մտածել կամ հարցրել են՝ ի՞նչ անել, ու որոշել են ՉԿԱՆԳՆԵԼ, շարունակել․․․ Երևի մեկ այլ մարդու անվտանգությունը, կյանքը այդ պահին ավելի կարևոր էր։
Հղի կինը այդպես էլ ընկած մնում է, օգնության են հասնում անցորդները, մոտակայքում ապրող ու աշխատող քաղաքացիները։ Մինչ կանչ են տալիս Շտապ օգնություն, մինչ հասնում ու տեղափոխում է հիվանդանոց, կնոջ ու չծնված երեխայի կյանքերը չի հաջողվում փրկել։
Մահանում են։ «Ուղևոր N1»-ը անվտանգ հասնում է տեղ։
Հ․Գ․ Կարծես ճակատագրական է նաև դեպքի վայրը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ։ Լեո-Պարոնյան խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների արդյունքում չբացահայտված կրակոցից զոհվում են 2 հոգի՝ մեկ ցուցարար և մեկ զինծառայող։ Այդ դեպքից ժամեր առաջ Փաշինյանի հոգին փառավորվում էր ցուցարարների անկարգություններից։
Սևակ Հակոբյան
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր