կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 12:04
Քաղաքական

Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ․ միջազգայնագետ

Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ․ միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել․

«Բայդենի նախագահությունը եւ Հայաստանը ՄԱՍ 1

Այսօր պաշտոնը ստանձնում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը

Բնականաբար մեզ հետաքրքրում է, թե ինչ է Բայդենի նախագահությունը տալու Հայաստանին:

Միանգամից ասեմ: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ:

Ինչու՞; Եթե շատ կարճ, ապա ամերիկյան քաղաքականության ազդեցությունը Հայաստանի վրա ունի հետեւյալ աստիճանակարգումը եւ այստեղ կա երեք բաղադրիչ։

1. Գլոբալ քաղաքականությունը եւ դրա ազդեցությունը Հայաստանի վրա, տարածաշրջանային քաղաքականությունը եւ դրա ազդեցությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները: Նախ կանդրադառնամ առաջին երկուսին:

2. Բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարեւան Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ հարվածում են նաեւ մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանեւրելու մեր հնարավորությունը:

Թուրքիայի պարագայում, կարծում եմ, նոր վարչակազմը նույնպես կփորձի հարաբերությունների հաստատման փորձեր ձեռնարկել Հայաստանի հետ:

3. Այսինքն գլոբալ քաղաքական գործընթացները մեզ վրա ազդեցություն ունենում են առանց մեր կամքի։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը կլինի «Метод кнута и пряника»՝ համեմված պրագմատիկ լուծումներով: Այսինքն թույլ կետերին մշտապես կխփեն, բայց ոչ շատ ուժեղ: Նոր վարչակազմը որոշ ուղղություններով կհամագործակցի ՌԴ-ի եւ Իրանի հետ, սակայն հարաբերությունների ամբողջական կարգավորում պետք չէ ակնկալել։ Նոր վարչակազմը նույնպես Ռուսաստանի հետ մնալու է մշտական մրցակից, Իրանի հետ՝ հակառակորդ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կճնշեն այնքան բալանսավորված եւ վարպետորեն, որ ոչ իր տեղը մոռանա, ոչ էլ Ռուսաստանին շատ գրկախառնվի։

4. Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության շտկումներ կլինեն, հաշվի առնելով վերջին պատերազմն ու դրանից հետո ձեւավորված իրողությունները, ինչպես նաեւ ՄԽ համանախագահ լինելու եւ գործընթացներից որոշակիորեն դուրս մղված լինելու հանգամանքները: Սակայն գլոբալ փոփոխություններ, ինչպես արդեն նշեցի, պետք չէ ակնկալել:

Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին, (կամ դրա բացակայությանը) կանդրադառնամ հաջորդիվ»: