կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-05 11:55
Քաղաքական

Ինչպիսին էր քաղաքական ուժերի վերաբերմունքը Հայաստանի անկախության նկատմամբ. «Երկիր»-ի բացառիկ անդրադարձը 28-ամյա հեռավորությունից

Ինչպիսին էր քաղաքական ուժերի վերաբերմունքը Հայաստանի անկախության նկատմամբ. «Երկիր»-ի բացառիկ անդրադարձը 28-ամյա հեռավորությունից

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ` ԱՅՈ՛, ԻՍԿ ՀԵՏՈ՞

Սեպտեմբերի 21-ին կանցկացվի մեր ժողովրդի պատմության մեջ անկախության առաջին հանրաքվեն: Խիստ ցանկալի է, որ բոլորս այդ օրը միանշանակ «այո» ասենք անկախ ապրելու` մեր իրավունքին և ստանանք 100 տոկոսանոց դրական արդյունք: Իսկ հետո՞: Սեպտեմբերի 22-ին բոլորս թեթևացած շո՞ւնչ քաշենք, հայրենիքի և ժողովրդի հանդեպ մեր պարտքը կատարած համարելով՝ շարունակենք մեր ամենօրյա սովորական գործունեությո՞ւնը: Իսկ փոփոխությունները կլինե՞ն, արդյոք, մեր կյանքում հանրաքվեից հետո: Եվ եթե` այո, ինչպիսի՞ն կլինեն դրանք: Ամենևին որևէ մեկից չպահանջելով հանդես գալ բախտագուշակի դերում՝ ավելորդ չեմ համարում ասել, որ նման ճակատագրական քայլի գնալուց առաջ լրջամիտ, պատասխանատվության զգացում ունեցող քաղաքական գործիչները պարտավոր են իրենց հետևից գնացող զանգվածներին բացատրել, հիմնավորել նման քայլի անհրաժեշտությունը, մատնանշել դրանցից բխող բոլոր հնարավոր հետևանքները. մի բան, որ քաղաքական լիդերների կողմից առ այսօր չի արվել: Այն բոլոր լրագրային հրապարակումները և ռադիո-հեռուստատեսային ելույթները, որոնք վերաբերում էին անկախությանը, հիմնականում քարոզչա-գաղափարական բնույթի հրապարակումներ ու ելույթներ էին, որոնցում շեշտն ավելի դրվում էր հարցի բարոյական կողմի վրա՝ հիմնականում անուշադրության մատնելով նրա քաղաքական, ռազմաստրատեգիական և տնտեսական բովանդակությունը և այլ բնույթի հնարավոր հետևանքները:

Նման կարևոր հարցերի միանշանակ պատասխանները տալ չհավակնելով՝ միևնույն ժամանակ ավելորդ չեմ համարում վերջին պահին արտահայտել հանրաքվեի մասնակցի որոշ մտորումներ:

Նախ՝ հարցադրումն իր կառուցվածքով, որը ձևակերպվել էր ամիսներ առաջ, որքանով է պահպանել իր իմաստը ներկա պայմաններում, գոյություն ունի՞, արդյոք, ԽՍՀՄ կոչվածն այսօր, որի կազմով մենք ցանկանում ենք դուրս գալ: Երկրորդ՝ անհրաժեշտ է ճշտել. սեպտեմբերի 21-ին մենք կոնկրետ ինչին ենք վերաբերմունք ցույց տալու՝ անկախության սոսկ գաղափարի՞ն, թե՞ իրական անկախությանը. սրանք խիստ տարբեր բաներ են: Ընդ որում, չպետք է մոռանալ, որ անկախության չափանիշները պատմական տարբեր ժամանակահատվածներում և պայմաններում խիստ տարբեր են:  Օրինակ՝ կա քաղաքական անկախություն, տնտեսական անկախություն, մշակութային  անկախություն, լեզվի անկախություն, կրոնական անկախություն և, վերջապես, այս բոլորը ընդգրկող պետական անկախություն: Այսօր մեզ համար շատ կարևոր է ճշտել, թե տվյալ դեպքում մենք կոնկրետ ինչ ենք հասկանում` անկախություն ասելով: Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ է, որ այսօր հանրապետությունում գոյություն ունեցող տարբեր կազմակերպություններ տարբեր կերպ են մոտենում խնդրին: Այսինքն՝ անկախություն ասածը մեր մեջ չունի միանշանակ բացատրություն: Կարծում եմ` սխալված չենք լինի, եթե անկախության նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքով հանրապետության քաղաքական ուժերը բաժանենք երեք հիմնական խմբերի՝ տալով պայմանական անուններ.

  1. արմատական անկախականներ,
  2. ռացիոնալ կամ շրջահայաց անկախականներ,
  3. անորոշ անկախականներ, որոնց խոսքերի և գործերի միջև մեծ հակասություններ կան:

Առաջին խմբի մեջ, անշուշտ, մտնում են Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ը և նրան հարող մյուս կազմակերպություններն ու ուժերը: Նրանք չափազանց անկեղծորեն, առանց որևէ երկընտրանքի գնում են անկախության՝ հաճախ չկատարելով որևէ հաշվարկ և չառաջարկելով որևէ կոնկրետ ծրագիր: Նրանք բացարձակ անկախության կողմնակիցներ են: Հանրաքվեն նրանց համար անցյալից եկող գաղափար է և ինչ-որ չափով այսօր հնացած, քանզի դեռ այն ժամանակներում, երբ ԱԻՄ-ը պահանջում էր հանրաքվե, անկախության գնալու այլ ճանապարհ հնարավոր էլ չէր պատկերացնել: Նրանք, փաստորեն, անկախություն են ուզում ամեն գնով, թեկուզև հանրապետության միայն ներկա տարածքի վրա: Մեր բոլոր անելիքները նրանք կապում են միմիայն անկախության նվաճման հետ:

Երկրորդ խումբը չափավոր կամ շրջահայաց անկախականներն են: Այդ խումբը հիմնականում ներկայացնում է ՀՅԴ-ն: Մեր ազգային հնագույն կուսակցություններից մեկը իր ծրագրում միշտ էլ ունեցել է անկախ Հայաստանի ստեղծման գաղափարը, և այս տեսանկյունից անկախության նկատմամբ նրա դրական վերաբերմունքը կասկած չպետք է հարուցի: Սակայն ՀՅԴ-ն իր ծրագրում ունի նաև միացյալ Հայաստանի գաղափարը: Ուստի ՀՅԴ-ն, բնականաբար, չի կարող անկախ Հայաստանի գաղափարը կտրել միացյալ Հայաստանի գաղափարից, այն է՝ անկախությունը անջատել պահանջատիրությունից: ՀՅԴ-ն չի կարող ասել` անկախ Հայաստան, և պատկերացնել այն առանց Արցախի, առանց մեզնից բռնագրավված տարածքների: ՀՅԴ-ն չի կարող նաև հաշվի չառնել գոյություն ունեցող կոնկրետ քաղաքական և տնտեսական հանգամանքներն ու պայմանները, մեր ժողովրդի իրական հնարավորություններն ու շահերը, կուսակցության պատասխանատվությունը ազգի առջև: Ուստի ՀՅԴ-ն անկախության իր ծրագիրը կազմում է առավելագույն չափով իրատեսորեն, հաշվարկում մեր և մեր հնարավոր հակառակորդների և դաշնակիցների շահերը, հակադրում և համադրում դրանք, իր հետագա քայլերն ու գործողությունները ճշտում ՝ ելնելով յուրաքանչյուր կոնկրետ քաղաքական և տնտեսական իրավիճակից: Այս տեսանկյունից ՀՅԴ-ի համար անկախությանը այո՛ ասելուց հետո ոչ մի շփոթություն կամ անորոշություն չի կարող լինել, քանի որ ՀՅԴ-ն ունի գործողությունների այնպիսի ծրագիր, որ նրան անելիքներ է ապահովում դեռ շատ երկար ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր համազգային իղձերի կատարմանը՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծմանը: Եվ այս տեսակետից այն ասույթը, թե չկան հավերժական թշնամիներ և  հավերժական դաշնակիցներ, այլ կան հավերժական շահեր, առավելագույն չափով արտահայտվում է հենց ՀՅԴ-ի գործողություններում, որի համար հավերժական շահը հայոց ազգային շահն է, իսկ հակառակորդներին ու դաշնակիցներին նա ճանաչում և արժեքավորում է յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում` հայոց ազգային շահերին նրանց համապատասխանության կամ անհամապատասխանության տեսակետից: Ուստի հանրաքվեից հետո էլ, բնականաբար, ՀՅԴ-ն պետք է առաջնորդվի ազգային շահերի առաջնության դրույթներով, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական բնագավառներում պետք է կատարի այն քայլերը, որոնք առավելագույն չափով են համապատասխանում մեր ազգային շահերին, նպաստում Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտմանը:

Երրորդ խումբը, փաստորեն, Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական ղեկավարության շուրջը համախմբված ուժերն են: Սրանք հիրավի յուրահատուկ տեղ են գրավում մեր այսօրվա քաղաքական կյանքում: Կարծում եմ` սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դրանք հիմնականում այն ուժերն են, որոնք, փաստորեն, հանդիսանում էին նախորդ՝ կոմունիստական վարչակարգի բնական հերթափոխը: Սակայն, դեպքերի բերումով, նրանց ընթացքը դեպի իշխանության բարձունքները արագացվեց, և Արցախյան պահանջատիրության ալիքի վրա բարձրանալով՝ նրանք արագորեն քաղաքական բարձրագույն իշխանության հասան: Ժողովուրդը նրանցից, իհարկե, ակնկալում էր առաջին հերթին Արցախյան հարցի դրական լուծում, սակայն նրանք շուտով հասկացան, որ Արցախյան հարցի լուծումը նրանց ուժերից վեր է, ուստի և  անհրաժեշտ գտան ժողովրդի աչքին իրենց հեղինակությունը պահելու համար այս անգամ էլ անկախության կարգախոսը որդեգրել՝ լիարժեք չպատկերացնելով ո՛չ այդ կարգախոսի իրական իմաստը, ո'չ էլ նրա իրագործման բուն մեխանիզմները և նրանից բխող հետևանքները: Այստեղից էլ նրանց խոսքերի ու գործերի միջև օրեցօր խորացող հակասականությունը: Նրանց գործունեությունը ոչ թե ազգային ծրագրի հետևողական իրագործումն է, այլ երևույթների ընթացքին ինչ-որ ձևով համակերպվելու և գրաված դիրքերը պահելու ձգտում: Անշուշտ, պատմության մեջ տեղի ունեցող հաճախ անկանխատեսելի երևույթները երբեմն կարող են խիստ վճռական դեր խաղալ, և քիչ չեն այնպիսի, այսպես կոչված, գործիչները, որոնք իրենց գործունեությունը կառուցում են հենց նման պատահականությունների, պատմության խաղերի վրա:

Այս տեսակետից Կրեմլում կազմակերպված օգոստոսյան թատերախաղը բավականին հեշտացրեց մեր հանրաքվեի գործը՝ նրա անցկացման համար ապահովելով միանգամայն բավարար պայմաններ, մյուս կողմից` այդ դեպքերից հետո այն տպավորությունը ստեղծվեց, որ կարծես թե արժեզրկվեց մեր հանրաքվեի իմաստը, քանի որ, փաստորեն, Կենտրոնն ինքը այլևս կարծես թե արգելքներ չի հարուցում մեր անկախ ապրելու իրավունքին, իսկ ԽՍՀՄ կոչվածի գոյությունը, որպես այդպիսին, այսօր խիստ անորոշ է, համենայնդեպս նման հայտարարություն արեց նաև մեր քաղաքական ղեկավարը՝ հանրապետության խորհրդարանի այսօրվա նախագահը:  Ուստի այժմ կարևոր է ոչ թե այն, թե ինչ կասենք մենք հանրաքվեի օրը (իսկ որ մենք բացարձակ մեծամասնությամբ կասենք` այո, կասկածել պետք չէ), այլ թե ինչ կանեն մեր քաղաքական առաջնորդները հանրաքվեից հետո: Իսկ ինչպես ցույց են տալիս հանրապետության քաղաքական լիդերների վերջին գործողություններն ու ելույթները, այսօր նրանք հստակ ծրագիր չունեն: Այլապես ինչպես հասկանալ խորհրդարանի նախագահին, որը մինչև վերջերս կտրականապես հրաժարվում էր միութենական պայմանագրի ստեղծման կամ ստորագրման շրջանակներում որևէ գործնական քայլ կատարելուց, իսկ ընդամենը մի քանի օր առաջ միանգամայն ինքնագլուխ կերպով իր ստորագրությունը դրեց տասնմեկի հայտնի հայտարարության տակ: Իհարկե, միայն քաղաքականապես միամիտներին կարելի է համոզել, որ դա իբր պայմանավորված է նրանով, որ հին Միությունը փոխարինված է նորով: Հնարավո՞ր է արդյոք, նման բան համոզել, ասենք, Պարույր Հայրիկյանի նման անկախականներին: Կամ` այսօր ո՞վ կարող է երաշխիք տալ, թե այս Միություն կոչվածն ավելի համեղ է լինելու, քան հինը: Այլ բան, որ ՀՅԴ-ն է անընդհատ հիշեցնում` անկախ Միության ունեցած համից և որակից՝ երբեք չպետք է մոռանալ մեր յուրահատուկ վիճակը և անհրաժեշտ է մեր վիճակին համեմատ շրջահայաց ու խելամիտ քաղաքականություն վարել, իսկ տասնմեկի հայտարարությանը միանալը դիտել որպես նման քաղաքականության արդյունք: Բայց չմոռանանք, թե ինչպիսի չկամությամբ ու թշնամանքով էր վերաբերվում խորհրդարանի նախագահը ՀՅԴ-ի նման տեսակետներին: Իսկ այսօ՞ր:

Մի խոսքով` ով ինչ էլ ասի, այսօրվա դրությամբ հանրապետությունում միակ քաղաքական ուժը, որն իր անելիքները հանրաքվեից հետո որոշակիորեն գիտի և դա չի թաքցնում ժողովրդից, ՀՅԴ-ն է: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական առաջնորդի՝ խորհրդարանի նախագահի դիրքորոշմանը, պետք է ասել, որ որքան հստակ է նրա խոսքի առոգանությունը, որքան ինքնավստահ է ղեկավարի` նրա կեցվածքը, այնքան խառնաշփոթ են նրա կոնկրետ գործողությունները, և կասկածելի է նրա դերը մեր ազգի այս խիստ ճակատագրական պահին:

Մ.Շահվերդյան

«Երկիր», 1991 թ., սեպտեմբեր