կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-15 13:10
Տարածաշրջան

Պոլսահայ մամուլն աշխարհը ցնցած 10 տարվա ընթացքում

Պոլսահայ մամուլն աշխարհը ցնցած 10 տարվա ընթացքում

Ֆերդա Բալանջար

«Դողու» հրատարակչության կողմից լույս է տեսել Խաչատուր Ներսեսօղլուի «Վենիզելոսը օսմանյան շրջանի հայ մամուլում 1910-1920 թթ» վերնագրով առաջին գիրքը։ Ներսեսօղլուի հետ զրուցել ենք հայ հասարակության և Թուրքիայի համար պատմության ամենակրիտիկական ժամանակաշրջաններից մեկի՝ 1910-1920 թթ վերաբերյալ օսմանյան շրջանի հայ մամուլի դիրքորոշման մասին՝ հիմք ընդունելով նրա առաջին գիրքը։

-Նախևառաջ ծանոթանանք Ձեզ հետ։ Կպատմե՞ք Ձեր մասին։
– Ծնվել եմ 1991 թ․ Ստամբուլում։ Մեծացել եմ մի ընտանիքում, որը կապված է եղել իր լեզվին և մշակույթին։ Ասեմ, որ գրելու ունակությունս մեծ մասամբ ժառանգել եմ իմ պապից։ Հատկապես 70-ական թթ․ կեսերին տարբեր հարցերի շուրջ նրա հոդվածները հրապարակվել են «Ժամանակ» և «Մարմարա» օրաթերթերում։ Ես դրանք համարել եմ ոչ միայն հայերենի դաս, այլև՝ իմ մշակույթի կարևոր մի տարր։ Այնպես որ տարբեր կազմակերպություններում փիլիսոփայություն ուսուցանելուց բացի, նաև հայերեն եմ դասավանդել և նաև ձգտել եմ կատարել տարբեր աշխատաքներ։ Ավագ դպրոցից սկսած՝ բացահայտեցի պատմության նկատմամբ իմ հետաքրքրությունը։ Չնայած ավագ դպրոցում ես փիլիսոփայություն եմ սովորել, մագիստրատուրայում որոշեցի պատմություն ուսանել։ Այդ նպատակով 2017 թ․ Ստամբուլի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների և հեղափոխության պատմության ինստիտուտում սկսեցի ստանալ բարձրագույն կրթություն։

– Խոսենք գիրքը գրելու ընթացքի մասին։ «Վենիզելոսը օսմանյան շրջանի հայ մամուլում (1910-1920)» վերնագրով աշխատանք կատարելու միտքը ինչպե՞ս ծագեց։

– Դա իմ թեզի թեման էր։ Երբ որոշում էի, թե ինչ թեմայով գրեմ թեզս, ցանկանում էի ուսումնասիրել որևէ պետական պաշտոնյայի կյանքն ու գործունեությունը։ Երբ այդ մասին հայտնեցի իմ ղեկավար դասախոս դոկ․ Դր․ Նիլյուֆեր Էրդեմին, նա ինձ խորհուրդ տվեց գրել իր ուսումասիրության առանցքում եղած, թուրք-հունական հարաբերությունների մեջ էական ներդրում ունեցած Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի մասին։ Նա մի կարևոր քաղաքական գործիչ է, որի մասին գրվել են թեզեր ու հոդվածներ։ Ես էլ, որպես ակադեմիական ոլորտում առաջին աշխատանք, որոշեցի նրան ուսումնասիրել օսմանյան շրջանի հայ մամուլի միջոցով։ Աշխատանքս սկսեցի 2018 թ․ հոկտեմբերից։ Աղբյուրների լավ ուսումնասիրությունը, թարգմանությունները և թեզը գրելու գործընթացը տևեցին մեկուկես տարի։ 2020 թ․ հունիսին վերջացրեցի թեզս և ավարտեցի մագիստրատուրան։ Դրանից հետո խորհրդատու դասախոս և ինստիտուտ ընդունվելուս առաջին օրից ի վեր ինձ միշտ աջակցած դոկ․ պրոֆ․ Մուստաֆա Բուդաքի խորհրդով որոշեցի թեզս գրքի վերածել։ Ի վերջո հայ, թուրք ու հույն հասրակության մեջ կարևոր դեր կատարած հույն պետական պաշտոնյայի վերբերյալ լուրերը օսմանյան շրջանի հայ մամուլում գրավելու էին այդ մասին տեղեկանալ ցանկացող և պատմությամբ հետաքրքրված անձանց ուշադրությունը։

– Ձեր  աշխատության մեջ ուսումնասիրում եք 14 հայկական թերթերում նրա մասին առկա հոդվածներն ու լուրերը։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ թերթերն ամբողջությամբ արտացոլում են Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած հայկական համանքում գերիշխած տեսակետները և ուղղվածությունը։

– Կարծում եմ՝ այդ հարցին անդրադառնալիս ճիշտ կլինի նախևառաջ խոսել օսմանյան հայկական թերթերի բովանդակության մասին։ Խնդրո առարկա ժամանակաշրջանում թերթերը հիմնականում բաղկացած են եղել չորս էջից։ Առաջին էջում ներկայացվել է օսմանյան ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցող զարգացումները, իսկ երկրորդ էջի սյունակներում՝ արտերկրում կատարվող իրադարձությունների մասին լուրերը։ Երրորդ էջում զետեղվում էին այդ ժամանակաշրջանի ամենակարևոր հաղորդակցության միջոցով՝ հեռագրերով ստացված լուրերը և վերջին նորությունները։ Իսկ չորրորդ և վերջին էջում հրապարակվում էին գովազդներն ու հայտարարությունները։ Լուրերից բացի՝ սյունակագրությունները կամ մեկնաբանությունները հիմնականում առաջին և երկրորդ էջերին էին տպագրում։ Այդ էջերում հայկական համայնքում գերիշխող տեսակետների և ուղղվածությունների ձևավորման գործում մեծ դեր են խաղացել օսմանյան մամուլում զետեղված երկրի ներսից և արտերկրից եկած հեռագրերը, տեղական և արտասահմանյան մամուլի լուրերն ու մեկնաբանությունները։ Իմ ուսումնասիրած թեմայի շրջանակներում ակնառու է այն փաստը, որ հայկական համայնքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քննադատություն հրապարակելիս առավել չափավոր դիրքորոշում է ցուցաբերել, իսկ պատերազմի ավարտից հետո՝ 1918-20 թթ․ ընթացքում, քննադատություններն ավելի շատ ու սուր են եղել։ Պետք է տեղեկացնել նաև, որը հայկական մամուլը ձգտել է ներկայացնել անաչառ լույսի ներքո իրադարձութունները։ Դա կարող ենք հասկանալ նաև նրանից, որ թերթերը տեղ են հատկացրել նաև թուրքական, հունական և արտասահմանյան մամուլում առկա լուրերին և տեսակետներին։

– Օսմանյան հայկական մամուլում ինչպիսի՞ տրամադրվածություն էր տիրում Վենիզելոսի շուրջ։ Կարո՞ղ ենք ասել, որ Վենիզելոսը համարվում էր «հայերի բարեկամ հույն քաղաքական գործիչ»։

– Օսմանյան շրջանի հայ մամուլը միշտ չէ, որ դրական է վերաբերվել Վենիզելոսի գործերին, ինչպես դա նկատելի է հունական մամուլում։ Օրինակ՝ օսմանյան շրջանի հայ մամուլի կողմից քննադատվել է Բալկանյան պատերազմների ընթացքում Անգլիայից և Ֆրանսիայից նրա վերցրած կաշառքը, որը համարվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանի ներքին ճգնաժամի պատճառ։ Դրա հետ մեկտեղ՝ օսմանյան շրջանի հայ մամուլի աչքից չեն վրիպել նաև Վենիզելոսի ինտրիգները։ Նույնիսկ մի լուր կա, որի վերնագրին է՝ «Խեղճ Վենիզելոս», իսկ մեկ այլ լուրում նրա ինտրիգներից մեկն ընթերցողներին է ներկայացվել «Վենիզելոսությունը որպես կատակերգություն» վերնագրով։  Սակայն այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները փոխել են նրանց տեսակետը։ Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ (Հունվարի 18, 1919-հունվարի 21, 1920) Պողոս Նուբար փաշայի հետ բարեկամաբար հանդիպելու և հայերի իրավունքները պաշտպանելու համար Վենիզելոսը համարվել է «հայերի բարեկամ քաղաքական գործիչ»։

– Ժամանակի օսմանյան շրջանի հունական մամուլի հետ համեմատելիս պոլսահայ մամուլում ինչպիսի՞ տարբերություններ են նկատվում Վենիզելոսի և հետևաբար 1910-1920 թթ տեղի ունեցած իրադարձությունների մասին լուրերում և մեկնաբանություններում։

– Ինչպես ավելի վաղ նշել էի, օսմանյան շրջանի հայ մամուլը ոչ միշտ է դրական վերաբերմունք  արտահայտել անձանց և դեպքերի նկատմամբ։ Սակայն վիճակն այլ է նույն շրջանի հունական մամուլում։ Այստեղ խոսքը գնում է վենիզելիստ և հակավենիզելիստ թերթերի մասին։ Վենիզելիստ թերթերը միշտ մեծ մասամբ աջակցել են Վենիզելոսին, իսկ հակավենիզելիստ թերթերը ամենափոքր դեպքի ժամանակ անգամ հանդես են եկել Վենիզելոսին ուղղված կոշտ քննադատությամբ։ Սակայն հիմնականում չենք կարող նույնն ասել հայկական մամլո օրգանների դեպքում։

– Երբ հայացք ենք գցում 1910-20 թթ օսմանյան շրջանի հայ մամուլին, կարո՞ղ ենք ասել, որ  երկրի  օրակարգային խնդիրներին վերաբերող լուրերում և մեկնաբանություններում «1915»-ն է համարվել կարևոր։ Այլ կերպ ասած, 1910-20 թթ երկրի ներքին և արտաքին օրակարգի մասին լուրերում և մեկնաբանություններում այդ շրջանի հայ մամուլում կա՞ն ակնհայտ տարբերություններ «1915»-ից առաջվա և հետոյի միջև։

– Ուսումնասիրությանս եզրակացության համաձայն՝  օսմանյան շրջանի հայ մամուլի համար շրջադարձային կետը 1918 թ․ է։ 1918 թ․ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, բացի այդ՝  1918 թ․ հոկտեմբերի 30-ին Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության միջև կնքված Մուդրոսի զինադադարը և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները կարևոր են եղել օսմանյան շրջանի հայ մամուլի համար։

Օրինակ՝ «Ժամանակ» պարբերականը 1918 թ․ հրատարակված մի համարում տեղեկացնում է, որ տխրում է Մոդրուսի զինադադարի ստեղծած դժվար իրավիճակի համար, բացի այդ՝ հիշեցնում է 1915 թ․  դեպքերի մասին  (Հայոց ցեղասպանություն- Ակունքի խմբ) և նշում, որ այդ ժամանակ հայերը մահացու վիրավորում են ստացել, որի պատճառով այդ իրավիճակին անդրադառնում են մակերեսորեն։ Զինադարդարից հետո հերթը հասել էր խաղաղության պայմանագրի կնքմանը։ Պատերազմը հաղթած Անտանտի պետությունները 1918 թ․ վերջին Փարիզում վեհաժողով կազմակերպելու որոշում են կայացրել։ Փարիզի խաղաղության վեհաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչներ Պողոս Նուբար փաշայի և Ավետիս Ահարոնյանի գործունեությունը օսմանյան հայկական մամուլի համար շրջադարձային կետ է դարձել։

http://www.agos.com.tr/tr/yazi/24955/dunyayi-sarsan-10-yilda-osmanli-ermeni-basini

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net