Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ձերբակալվեց, ապա կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը, նրա փաստաբանական խմբի կողմից կալանքի, ինչպես նաև խուզարկության և ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները բողոքարկվել էին վերաքննիչ քրեական դատարան:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ ապշելու արագությամբ ու հետաքրքիր «զուգադիպությամբ» նշված գործի նյութերը մակագրվել են իշխանությունների «սրտի դատավոր» Արմեն Դանիել յանին, որը հանրությանը հայտնի է քաղաքական մի շարք գործերով ու բոլոր այդ գործերով կալանքի միջնորդությունները բավարարելով: Երեկ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտարարեցին, որ օրենքով սահմանված կարգով հետ են վերցնում ներկայացված վերաքննիչ բողոքը, քանի որ «այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է»: Նշվում է նաև, որ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ, գրեթե ավարտին են հասցվել: Սամվել Կարապետյանն ինքն էլ նամակ է գրել Արմեն Դանիել յանին ու նշել, որ դատավորը մշտապես աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։
«Գտնում եմ, որ պաշտպանիս՝ Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը Ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է, ուստի նրա բողոքը հետ եմ վերցնում»,- նշել է Կարապետյանը։
Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև երկամսյա ժամկետի ավարտը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, եթե արտակարգ պրոցեսներ չլինեն: Հաշվի առնելով, որ նա կալանավորվել է հունիսի 18-ին, ապա ստացվում է, որ նա կարող է ազատ արձակվել օգոստոսի 18-ին՝ ճիշտ այն օրը, երբ լրանում է Կարապետյանի ծննդյան 60-ամյակը:
Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, իշխանությունները ավելի են անհանգստացել Սամվել Կարապետյանի՝ դատարանից գրված նամակների հրապարակումից: Բանն այն է, որ դրանք փաստացի թե՛ ծրագրային «ելույթներ» են, թե՛ կոնկրետ «մեսիջներ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշակի շրջանակների հատկապես ցավեցրել է երեկվա իր նամակում Սորոսին կոշտ անդրադարձը հետևյալ ձևակերպմամբ. «Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը»:
Եվ ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը չափազանց մեծ անհանգստություններ ունի այն առումով, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել ընդդիմադիր դաշտի յուրատեսակ «մերան», միավորել հասարակության գերակշիռ մասին: Այսինքն, նրա վախերը վերաբերում են նրան, որ, այսպես ասած, Հայ առաքելական եկեղեցուն և Սամվել Կարապետյանին «լոկալ» պաշտպանելու գործընթացը կարող է վերաճել քաղաքական լուրջ պրոցեսների: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, սարսափում է ցանկացած՝ նույնիսկ ամենափոքր շարժումից ու ակցիայից: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, նա հրահանգել է իր «ավանգարդ ուժերին» ու սատելիտներին, ինչպես նաև համապատասխան կառույցներին՝ Կարապետյանին վարկաբեկելու ճանապարհին ամեն կերպ «կեղտ բռնել» նրա հետ կապված ընկերությունների, ինչպես նաև անհատների վրա: Այս հրահանգի համատեքստում էին թե՛ «Տաշիր պիցցայի» տասից ավելի կետերի, թե՛ Տաշիրի կաթնամթերքի արտադրամասի գործունեության դադարեցման մասին ՍԱՏՄ որոշումները, թե՛, առավել ևս, ՀԷՑ-ի վրա քպականների տոտալ հարձակումները: Մեր ունեցած տեղեկություններով, սրանք, ինչպես ասվում է, միայն ծաղիկներն են...