Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Եվրոպան Պարսից ծոցին կապող երկաթգծի իր տարբերակն է առաջարկում՝ ի հակադրություն Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հայտարարությամբ հաստատված տարբերակի։
Yerkir.am-ի հետ զրույցում նա նկարագրեց իր առաջարկի էությունը․ «Եվրոպական բոլոր երկրներից, ովքեր բեռներ են ուզում փոխադրել Պարսից ծոցի երկրներ, այսօրվա դրությամբ առնվազն 5-6 ծով են անցնում, որն անվտանգ չէ առնվազն։ Իսկ մեր ծրագրով՝ ցանկացած բեռ դրվում է երկաթգծի վրա և Եվրոպայով, Ուկրաինայով, Ռուսաստանով, Աբխազիայով, Վրաստանով, Հայաստանով, Նախիջևանով, Իրանով գալիս հասնում էր Պարսից ծոց։ Բացի դրանից, Թեհրանից դեպի Աշխաբադ կա նաև երկաթգիծ, որը թույլ է տալիս այդ ամբողջը կապել Չինաստանի հետ»,-ասաց Արամ Սարգսյանը։
Այս նախագիծը նա ներկայացրել է երբ դեռ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական էր։ Սա, նրա համոզմամբ, իսկապես տարանցիկ ճանապարհ է՝ Եվրոպայից եկող բեռները տեղափոխելու մինչև Բանդեր Աբբաս՝ Պարսից ծոցի իրանական նավահանգիստ։ Այդ ծրագիրն այն ժամանակ ընդունվել էր բոլոր կողմերից, բացի Անգլիայից։ Եվ դրանով այդ ծրագիրը, ցավոք սրտի, չէր իրականացվել։
Արամ Սարգսյանն առաջարկում է իր ծրագրի նախաձեռնությունը տալ նաև Ռուսաստանին, որին ձեռնտու է այդպիսի նախագծի իրականացումը, որը իսկապես կլինի տարանցիկ ճանապարհ։
Մինչդեռ այն, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են Մոսկվայում, նրա գնահատմամաբ, Պոլ Գոբլի ծրագրի մի հատվածն է և մեզ ոչ թե դուրս է բերելու շրջափակումից, այլ Հայաստանը դնելու է թուրքական պարկի մեջ․ եթե ցանկություն լինի՝ մի կողմից Թուրքիան կփակի այդ ճանապարհը, մյուս կողմից՝ Ադրբեջանը։
«Կամ մենք մոռացե՞լ ենք, ինչպես է Ադրբեջանը վերաբերվել մեզ անգամ Խորհրդային Միության ժամանակ․ երկաթգիծը հումանիտար բեռներ էր տեղափոխում երկրաշարժից հետո, ինչեր էր կատարվում Ադրբեջանի տարածքում»,-հիշեցրեց Արամ Սարգսյանը։
Վստահությունը Ադրբեջանի հանդեպ վերականգնված չէ հաշվի առնելով նաև այն, որ հայ գերիները դեռ գտնվում են Ադրբեջանի տարածքում, ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում տարածաշրջանային համատեղ որևէ ծրագիր կյանքի կոչել։
Նիկոլ Փաշինյանը այս օրերին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական տարբեր ուժերի հետ։ Դեմկուսի ղեկավարը համոզված է, որ Փաշինյանի հետ որևէ լուրջ քաղաքական կառույց չի գնա բանակցությունների՝ պարզ պատճառով․ «Ինչի՞ մասին մենք նրա հետ խոսենք։ Եթե մենք իմանայինք, որ նրան կարելի է ինչ-որ կերպ ուղղորդել, ներկայանել, որ ինքն այդ ծրագրից հրաժարվի, կգնայինք, բայց ինքն արել է արդեն այն ամենը, ինչ մեզ համար անընդունելի է»։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ասում է, Փաշինյանը չէ, որ պետք է իրենց հետ հարցը քննարկի․ միակ խնդիրը, որ Փաշինյանի առջև դրված է՝ իր կազմով հեռանալն է, որպեսզի երկիրը առաջ գնա։
«Ինքը քայլ առ քայլ հաստատում է, որ ինքը չի կարող կառավարել։ Վերջին այս Մոսկվայի այցը ցույց տվեց, որ այս մարդը դիվանագիտության տարրական բաները չի հասկանում, եթե հասկանում է՝ չի անում»,-ասաց նա։
Արամ Սարգսյանը համոզված է, որ եթե Փաշինյանը չի կարող, դա դեռ չի նշանակում, որ չկա ուրիշը, որը կկարողանա իրավիճակը փոխել և անել այն, ինչ անհրաժեշտ է երկրին․ «Եթե համաձայն չես, մի՛ կատարիր, ո՞նց կարելի է՝ երկրի ղեկավարն ասի՝ ես ուրիշ ելք չունեմ»։
Փաշինյանի մոսկովյան հայտարարությունը, որ՝ Արցախի կարգավիճակի հարցը դեռ բաց է, Արամ Սարգսյանի համոզմամբ, քաշ կունենար, եթե փաստաթղթի մեջ հասներ նրան, որ հստակ գրված լիներ հայկական դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։
«Չի՛ կարողացել անգամ դա անել, չի կարողացել սակարկել այդ փաստաթղթի անգամ մի ստորակետը»,-արձանագրեց Արամ Սարգսյանը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․