Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան հանդիպման արդյունքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:
– Տիկի՛ն Կյուրեղյան, Մոսկվայում երեկ տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, հանդիպման մեկնարկին Պուտինը հանդես եկավ կարճ ելույթով: Ի՞նչ էր ենթադրում այն իրենից, ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահ Պուտինի ելույթը տվեց հակիրճ նկարագրություն ինտենսիվ գիշերային հեռախոսազանգերի արդյունքում նոյեմբերի 9-ին համաձայնեցված հայտարարության կատարման ընթացքի մասին։ Փաստորեն նա շատ հստակորեն արձանագրեց, որ մեր երկրի կապիտուլացիան գիշերային հեռախոսազրույցների արդյունք է։
Պուտինը նշեց, որ հետագա 2 ամիսների ընթացքում հետևողականորեն իրականացվում են եռակողմ համաձայնությունները և այդ ամենը ստեղծում են արդարության հենքի վրա հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև արդեն վաղուց գոյություն ունեցող կոնֆլիկտի երկարաժամկետ ու ամբողջական կարգավորման անհրաժեշտ նախապայմաններ։ Իսկ մեր վարչապետ կոչված գերագույն գլխավոր խեղկատակը՝ չանդրադառնալով դրան, փաստորեն ընդունեց, որ մեր երկրի հետ կատարվողը արդարության հենքի վրա է։
Հաջորդիվ Պուտինը հստակ նշեց այն հարցերը, որոնք կդառնան այդ հանդիպման համար քննարկման նյութ, և ոչ մի խոսք ռազմագերիների վերադարձման, անհետ կորածների ճակատագրերի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնաղափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման մասին։
Իսկ հիմա ուզում եմ հիշեցնել հանրային խորհրդի խեղկատակ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան խոսքը Նիկոլի Մոսկվա մեկնելուն ընդառաջ։ Նա հորջորջում էր, թե, այո Մոսկվայում որքան էլ քննարկվելու են տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակման հարցերը, բայց դա՝ նախապայմանով, որ ռազմագերիների հարցը պարտադիր պետք է լուծվի։
Հանրային խորհրդի նախագահ, դու հիմա պարտավոր ես հանրության կողմից պահանջել բացատրություն քո սրտի վարչապետից, թե ինչու նա այս անգամ էլ ձեզ կանգնեցրեց փաստի առաջ, ինչու ձեզ այս անգամ էլ ստախոս հանեց, ինչու չապահովեց քննարկվող թեմաների համար մեզ համար կարևոր առաջնահերրթությունները։
Իսկ Նիկոլի խոսնակ Մանեն այդ կապակցությամբ ասում էր, թե «հայկական կողմի համար անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը։ Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի՝ չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմն այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»։
Մի հարցում համաձայն եմ Մանեի հետ, որ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը։ Բայց ու՞ր էր հայկական կողմը այդ հանդիպմանը։ Դուք տեսա՞ք Նիկոլի դեմքը հանդիպման կադրերում։ Մի՞թե այդ տրորված, ամեն ինչից ու ամեն մեկից փախցնող հայացքով դեմքը կարող էր այդ հանդիպմանը քննարկմանը սեփական որևէ հարց բարձրացնել, էլ ուր մնաց, ի օգուտ Հայաստանի լուծել։ Այդ քննարկմանը Հայաստանը բացակայում էր։ Ներկա էին Ռուսաստանը, Ադրբեջանը և Ադրբեջանի կողմից գնված և ղեկավարվող մանեկեն։
– Ալիևն ու Փաշինյանը չողջունեցին միմյանց, որն արարողակարգ է: Սա ինչի՞ մասին է խոսում:
– Այո, Ալիևն ու Փաշինյանը չողջունեցին միմյանց, ինչպես պահանջում է արարողակարգը, բայց ես համոզված եմ, որ դա արդյունք էր միմիայն այն բանի, որ Ալիևը փորձ էլ չարեց մոտենալու Նիկոլին, իսկ վերջինս միայն վախվորած բարևեց և ստացավ Ալիևի չոր պատասխան բարևը։ Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ Նիկոլը չի կարող որևէ կերպ մնալ որպես բանակցող կողմ։ Նա ամեն անգամ ստորացվում է, արհամարհվում, նմանին որպես բանակցող, որպես սեփական տեսակետը հայտնելու իրավունք ունեցող երբեք չեն ընդունի և ոչ մի բանակցային սեղանի շուրջ։
– Ի՞նչ ունենք հանդիպման արդյունքում։
– Ունենք Նիկոլի կողմից ինքնախոստովանություն, որ ինքն ի վիճակի չէ որևէ կերպ առաջ քաշելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարց միջազգային հարթակներում, ինքն ի վիճակի չէ լուծելու գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնաղափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը։ Հանդիպման արդյունքում ունենք նորից մի ստորագրված փաստատուղթ, որի իրականացումը, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացումը, կընթանա առանց հայկական կողմի էական ներկայության և ազդեցության։ Ունենք մի ստորագրած փաստաթուղթ, որում հայկական կողմի շահերին հետևելու որևէ հնարավորության համար տեղ չկա, եթե այս կառավարությունը իր վարչապետ կոչվածի հետ օր առաջ չհեռանա։