Քաղաքագետ Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե Սյունիքցի գյուղապետը դիմում է իր հայրենակիցներին, խնդրում, որ Երկրի և գյուղի սահմանները պահելու համար զինվենք և օգնության հասնենք, իսկ պետությունը այս օրհասական պահին չի արձագանքում, չի կանգնում իր իսկ տեղական իշխանության թիկունքին, ապա, պետության կողմից սա դավաճանություն է մեր իսկ հիմնարար շահերին և երկիշխանության սկիզբ է։ Այո, երկիշխանության։
Այսօր հայտարարում են, որ թշնամին Կապանի օդանավակայանի մատույցներում դիտակետեր է հիմնում։ Վաղը, այդ թշնամին կհայտնվի մեկ այլ բնակավայրի սահմաններում։ Բնականաբար, տեղի բնակիչները դարձյալ կդիմեն իրենց հայրենակիցներին և սա ավարտ չունի։
Հայրենակիցներն էլ մնում են իրենց սառնության մեջ՝ անդրդվելի ու անխոցելի, իրենց եղբայրների ցավին անմասն, երբ տեսնում են, որ պետությունը իրենց վրա թքած ունի։ Եւ, եթե հանկարծ նախաձեռնություն ցուցաբերեն, մեղմ ասած, "քցվելու" են, եթե ոչ՝ ձերբակալվելու, ի վերջո, այնպես, ինչպես եղավ պատերազմից հետո, երբ, առայսօր գերիների ու անհայտ կորածների հարցը պատշաճ լուծումներ չի ստանում։
Սիսիանը սպասում է սահմանափոխության իր հերթին, Վայոց Ձորն՝ իր, Գեղարքունիքն՝ իր, Տավուշն՝ իր, Արարատն՝ իր։
Իսկ Սյունիքի ղեկավարները ստիպված կլինեն սեփական քաղաքական քայլերն անելու ու մի օր էլ կհայտարարեն իրենց Հայաստանից անկախ։ Ուրիշ ի՞նչ պիտի անեն հիասթափության եզրին ապրող մեր եղբայրները, մանավանդ պատմական փորձն էլ առկա է։ Մի՞թե պիտի սպասեն այնքան ժամանակ, մինչև որ մենք ուշքի կգանք ու կապրենք մեր Երկրի ցավերով։
Իսկ մենք ուշքի կգա՞նք։
Հիմա էլ, պետության բացակայությունից սթափված ծնողներն են հրաժարվում իրենց զավակներին Արցախ ծառայության ուղարկել։ Այսպես եթե մնա, Արցախը հանձնելու գործընթացը հասնելու է, նաև, քո տան շեմին, սիրելի հայ մարդ ու քաղաքացի։ Հույսդ ինչի՞ վրա ես դրել։ Քո վարչապետի ու նրա գործակալական ցանցի՞ վրա։ Ու՞ր են քո գովելի հատկանիշները։ Թե՞ պիտի շարունակես հպարտանալ դատարկ բաներով, սրան նրան պատմել՝ թե մենք ուրիշ ու այլ ենք, թե Հայերենը Աստվածների լեզուն է, թե քաղաքակրթության օրրան ենք։ Այդ օրրանը ո՞վ է պահելու։ Ռու՞սը։ Քաղաքակրթության վերաբերյալ նա էլ իր լեգենդներն ունի, բայց, ի տարբերություն մեզ, պատմությունից մի բան լավ է յուրացրել՝ սեփական երկրի հիմնահարցերը լուծել օտարների տարածքներում։
Ձեր ասած՝ կլանային, մաֆիոզ, ոչ դեմոկրատական պետության ղեկավար Ալիևն էլ իր սովորական ընթացքի մեջ է։ Երեկ էր, թե առաջին օրը, երբ հայտարարեց, թե ՀՀ պաշտոնական անձիք Արցախ կարող են արցելել լոկ իրենց, Ադրբեջանի պետության թույլտվությամբ։ Կարծում եմ, Ձեր սրտի վարչապետը այդպես էլ կանի, եթե մի օր որոշի գնալ Արցախ։
Ես ամեն բան մի կողմ եմ դնում ու հարցս ուղղում եմ Երևանի բնակիչներին։ Դուք գիտե՞ք որ մայրաքաղաքի բնակիչ եք, որ մայրաքաղաք՝ նշանակում է պատասխանատու քաղաք։ Դուք եթե Ձեր Երկրին տերություն չեք անում, ի՞նչ մայրաքաղաք։ Շուկա ենք, էլի։ Չե՞ք ուզում հրաժարական տա Ձեր սրտի վարչապետը, լավ։ Երկիրն ինչու՞ եք տալիս թշնամուն։
Զինվել և ֆիդայական խմբեր ձևավորել՝ սա է այսօրվա հրամայականը։ Եթե բանակ ու իշխանություն չկա, ուրեմն Նիկոլի ասած զրոյական կետն է, այլևս։ Ուրեմն, հարկավոր է, որ ժողովուրդն իր անվտանգության ու պաշտպանության հարցերը հոգա։ Թուրքն ու Ադրբեջանցին պիտի իմանան, որ յուրաքանչյուր գյուղ ու շեն, քաղաք ու ավան՝ ամրոցներ են, և յուրաքանչյուր պատուհանից կրակ կբացեն իրենց վրա։
Իրականում, մենք թուրքից չենք պարտվել, այլ մեր զզվելի հատականիշներից ձևավորված մեր երկրորդ կեսից ու ինքնությունից։ Մենք մեր իսկ փորած փոսն ենք ընկել ու սպասում ենք, որ, դուրս գալու համար մեզ օտարները աստիճաններ տան։ Նիկոլը մեր ղեկավարը չէ, մեր պատիժն է, մեր թողտվության ու հոգևոր ճորտության արգասիքը, ինքնախարազանման մեր մտրակը։
Հիմա, Մոսկվայում սպասվող նոր փաստաթղթերի մասին, որոնք, ինչպես ենթադրվում է, պիտի ստորագրվեն, Ձեր կողմից «կիսաաստվածացված» վարչապետի կողմից։ Եթե մենք առողջ ազգ ու հանրություն լինեինք, ապա նրա ինքնաթիռը չէր կարող թռչել, անգամ։ Այնպես որ, եթե կա փաստաթուղթ, նա ստորագրելու է, որովհետև, մեծարգո քաղաքացի, դու քեզ չես հարգում»: