կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-07 15:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերի նկատմամբ Արցախում վայրագություններ են եղել․ սահմանադրագետ

Արցախում հայ ժողովրդի, հայ բնակչության նկատմամբ խտրականություն, վայրագություններ են տեղի ունեցել։ Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ մի կողմից պետք է ցույց տանք այդ փաստերը, մյուս կողմից՝ ուշադրություն հրավիրենք այն իրողության վրա, որ Արցախը 30 տարի առաջ արդեն անջատվել էր եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ունի պաշտպանության իրավունք։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Ազգային աղետ եւ վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ժամանակ։

Սահմանադրագետը վստահեցնում է՝ Արցախը՝ որպես պետություն, միջազգային իրավունքի պաշտպանության տակ է։ Ուժի կիրառման արգելքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ըստ Պողոսյանի, տարածվում է նաեւ չճանաչված պետությունների վրա։ Սահմանադրագետը մատնանշում է՝ 1973 թ․-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ ագրեսիայի բնորոշման փաստաթուղթը, որում ասվում է, որ չճանաչված պետությունները եւ այն պետությունները, որոնք ՄԱԿ-ի անդամ չեն, այդ փաստաթղթով եւս համարվում են  պետություն։

«Այս տեսանկյունից շատ կարեւոր է ընդգծել, որ ուժի չկիրառման արգելքը միջազգային սովորութային եւ պայմանագրային իրավունք է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշեց սահմանադրագետը՝ շեշտելով՝ 1994-1995թթ․-ներին կնքված զինադադարի 3 համաձայնագրերը նախատեսվում էին, որ պետք է անժամկետ լինեն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այդ համաձայնագրերն արգելում են, որպեսզի Ադրբեջանը ուժ կիրառի ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ։

Պողոսյանը շեշտեց՝ Արցախի նկատմամբ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ․-ի պատերազմում, միջազգային իրավունքի տեսանկյունից, համարվում է ագրեսիա։ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային հիմնական խնդիրը, ըստ նրա, հենց այս արգումենտացիան առաջ տանելն է՝ միջազգային ատյաններում, Մինսկի խմբի եւ այլ ձեւաչափերում, նաև այն բանին հասնելը, որ միջազգային իրավական առումով Արցախի Հանրապետությունում մեր կրած կորուստերը ենթարկվեն դատապարտման, խնդիր դրվի դեօկուպացնել այդ տարածքները։

Անդրադառնալով բնակչության ինքնորոշման իրավունքին՝ Պողոսյանն ասաց, որ Արցախյան պատերազմի ժամանակ ինքնորոշման իրավունքը լուսանցքից դուրս է մնացել: «Դրան պատշաճ ուշադրություն չի հատկացվել։ Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից՝ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Արցախի Հանրապետությունը ի սկզբանե ձեւավորվել է որպես կայացած պետություն՝ ինչպես սովետական, այնպես էլ միջազգային իրավունքին համապատասխան։ Ուստի Արցախը պետություն է՝ անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ է որեւէ պետության կողմից, թե՞ ոչ»,- շեշտեց սահմանադրագետը։

Նրա խոսքով՝ այժմ հիմնական խնդիրն է գիտակցել եւ միջազգային հարաբերություններում, դիվանագիտության ասպարեզում հասնել նրան, որ սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցածը համարվի ագրեսիա պետության նկատմամբ, որը միջազգային իրավունքով արգելված է։

Պողոսյանը ելույթում անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքով իրավունք ուներ հռչակելու իր անկախությունը դեռեւս 1991թ․-ին եւ հենց այդ ժամանակ ձեւավորվելու որպես անկախ պետություն:

 Մանրամասները՝ տեսանյութում։

Լիանա Սարգսյան