Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։ Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի բովանդակությունն այդ նշաձողից ցածր եղավ, կարող է մեծ հիասթափություն առաջացնել հասարակության շրջանում։
Իսկ հանրահավաքի բովանդակությունն ամենակարևորն է, որից էլ, մեծ հաշվով, կախված է լինելու ընդդիմության հետագա հաջողությունը կամ անհաջողությունը։ Դա նշանակում է, որ այսօր հրապարակ եկող մարդիկ ընդդիմության առաջնորդներից պետք է լսեն գործողությունների հստակ ռազմավարություն ու ծրագիր, քայլերի ու անելիքների հաջորդականություն։
Եթե դա տեղի չունենա, և եթե հանրահավաքի հարթակից կրկին հնչեն միայն Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու, ամեն ինչ հանձնելու պատրաստակամության, իրավիճակի կործանարարության մասին բոլորին հայտնի արձանագրումներ ու գնահատականներ, ապա դա որևէ գործնական արդյունք չի ունենալու և մեծապես հարվածելու է ընդդիմության գործողությունների արդյունավետությանը։ Բոլորը, առանց հանրահավաքային ելույթների էլ, գիտեն՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, ինչի է ընդունակ ապագայում, երկիրն ինչ վտանգների առջև է կանգնած, և ինչու պետք է նրան անհապաղ հեռացնել իշխանությունից։
Հետևաբար՝ բոլոր այս արձանագրումներից բացի, ընդդիմությունը պետք է պատասխանի «ինչպես» հարցին։ Կտա՞ն ընդդիմության առաջնորդներն այդ հարցի պատասխանը, կներկայացնե՞ն ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, այլ, որ ավելի կարևոր է՝ դրանից հետո պետությունը ստեղծված իրավիճակից դուրս բերելու հստակ քայլեր, հասարակությունը կկատարի իր անելիքը՝ առնվազն ֆիզիկապես մասնակցելով բողոքի հետագա գործողություններին։
Հակառակ պարագայում այսօրվա հանրահավաքը կարող է իսկապես լինել աննախադեպ մեծ ու բազմամարդ, բայց լինել վերջինը՝ որպես այդպիսին։ Այդ իմաստով, այսօրվա հանրահավաքն իսկապես ջրբաժանային է՝ այն կարող է դառնալ կա՛մ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացի կարևոր քայլը, կա՛մ իր դիսֆունկցիոնալությամբ նպաստել նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։
Ընդդիմությունն իր վերջին ամիսների գործունեությամբ, իսկ ավելի հաճախ՝ անգործությամբ, ինքն էլ է հասունացրել այդ ջրբաժանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: