Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ-ադրբեջանական սահմանը չի կարող անցնել Շուռնուխի մեջտեղով, հնարավոր բան չէ։ Երկու հակամարտող ազգեր, որոնք մեկ շաբաթ առաջ իրար վրա էին կրակում, չեն կարող ունենալ շփման այդքան մոտիկ գիծ, դա ենթադրում է նոր սպանություններ, նոր բախումներ։ Սա նոր ճգնաժամի սկիզբ է: Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ասուլիսում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով հայկական սահմանների նկատմամբ Ադրբեջանի նոր նկրտումներին, ՀՀ կառավարության դավաճանական եւ դավադիր ծրագրին, Շուռնուխի եւ այլ գյուղերի հանձնմանը, GPS-ի միջոցով սահմանների ճշգրտմանը։
Մելքոնյանի խոսքով՝ այսուհետ ամենօրյա ռեժիմով լինելու է թուրք-ադրբեջանական սպառնալիք, եւ այն միամիտները կամ այն թրքաբարո հայերը, որոնք մտածում են, թե, թուրքին եւ ադրբեջանցուն զիջելով, կարող են կասեցնել նրանց նկրտումները, չարաչար սխալվում են։ «Թուրքը մինչեւ վերջ շարունակելու է պնդել, նոր տարածք ուզել, անընդհատ լարվածություն ստեղծել, եթե հնարավոր է գերի վերցնել, վերցնելու է, հնարավորություն է ունենալու հայ սպանել, սպանելու է»,- նշեց թուրքագետը։
Ըստ նրա՝ այն, ինչ հիմա կատարվում է, որեւէ կապ չունի սահմանազատում երեւույթի հետ։ Փաշինյանի ձեռնարկած դավաճանական ծրագիրը, Մելքոնյանի խոսքով, կապիտուլյացիոն մի ենթաշերտ է, որը բխում է նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից։ Թուրքագետն ասում է՝ Հայաստանի անկախացումից հետո՝ 1991-1992թթ․-ին, երբ ծագել է հայ-թուրքական սահմանների դեմարկացիայի հարցը, գործընթացը տեւական ժամանակ է պահանջվել։ Ուստի այսքան արագ՝ մեկ օրում, մեկ շաբաթում, ըստ նրա, չի կարող տեղի ունենալ սահմանազատում: «Ինչին մենք ականատես ենք լինում, չունի որեւէ հիմք։ Չի ասվում, թե որ թվականի քարտեզի հիման վրա է սահմանազատում արվում, ինչի հիման վրա։ Հիմա ընդունում ենք վաղուց գոյություն չունեցող ԽՍՀՄ-ի ներքին կարգավորումները եւ դա համարում ենք որպես անքննելի ճշմարտություն։ Իրականում ինքնախաբեության դրսեւորում է, երբ հղում ենք անում խորհրդային շրջանում արված սահմանազատմանը։ Սա ուղղակի կապիտուլյացիա է, որն իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է ինքնարդարացման, ինքնախաբեության համար»,- շեշտեց թուրքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: