կարևոր
1891 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-07 17:36
Քաղաքական

Պաշտոնավարումը միայն վնաս է բերում, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով. «Փաստ»

Պաշտոնավարումը միայն վնաս է բերում, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին մեր տարածաշրջանում բավական պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախը։ Հասկանալի է, որ այդ շրջափակումն անվերջ տևել չի կարող, քանի որ ամեն օր հումանիտար իրավիճակը սրվում է։ Մյուս կողմից էլ՝ այդ ահաբեկչական երկիրն ավելի է կոշտացրել իր հռետորաբանությունը։ Այդ երկրի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիա սկսելու վերաբերյալ բացահայտ հայտարարություններ են հնչում։ Այսպիսի գործելակերպով փաստացի Բաքուն փորձում է իր պայմանները թելադրել հայկական կողմին։ Վերջերս կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանին են փոխանցել հայկական կողմի առաջարկները, իսկ օրեր անց էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանեց, թե հայկական կողմը դեռ չի ստացել Բաքվի պատասխանները։

Բայց Փաշինյանը դեռ դրանից շատ առաջ խոստովանել էր, որ, որպես կանոն, ադրբեջանական կողմը հայկական կողմի առաջարկները ջնջած հետ է ուղարկում։ Իսկ ինչո՞ւ չպետք է այս անգամ ևս նույն պատմությունը չկրկնվի։ Եվ եթե ՀՀ իշխանություններն ընդգծում են, թե չհամաձայնեցված են մնում ամենաառանցքային հարցերը, ապա պարզ է, որ Բաքուն փորձել է պատերազմից հետո իր դիրքերն օգտագործել հայկական կողմի վրա ճնշում գործադրելու և զիջումներ պարտադրելու համար։ Հատկապես տագնապալի է այն փաստը, որ վերջին օրերին Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանների մոտ։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը սպառազինությունների ակտիվ ներկրումներ է իրականացնում Իսրայելից։

Անգամ իսրայելական լրատվամիջոցներն են արձանագրում, որ Բաքվից դեպի «Օվդա» օդանավակայան (ըստ իսրայելական աղբյուրների՝ Իսրայելի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման ու ներկրման համար) իրականացվող թռիչքների հաճախականությունը կտրուկ աճում է հենց հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ կամ շեմին։ Իսրայելից թռիչքների վիճակագրությունը ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանն Իսրայելից ռազմամթերքի ներկրումներն արագացնում է հատկապես ռազմական բախումների նախօրյակին կամ դրանց ընթացքում։ Այդպես էր 2016 թվականի Ապրիլ յան պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Իսրայելն իր գործընկեր Ադրբեջանին է վաճառում միլիարդավոր դոլարների զենք՝ բալիստիկ հրթիռներ, օդային պաշտպանության համակարգեր, կամիկաձե անօդաչուներ՝ դրա դիմաց Բաքվից ստանալով նավթ և, որ ամենակարևորն է, մուտք դեպի Իրան։

Իսկ Թուրքիան ոչ միայն զինում է Ադրբեջանին, այլև ադրբեջանական բանակին փորձի փոխանակման միջոցով նախապատրաստում է նոր ռազմական ագրեսիայի իրականացմանը։ Փորձագետները չեն բացառում, որ Բաքվի կողմից ուժի ցուցադրությանը կարող են հետևել նոր լայնածավալ ռազմական գործողությունները։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի պլանների մեջ է մտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելը, ու նրանք դրա համար ուղղակի հարմար պահի են սպասում։ Բնականաբար, այս իրավիճակով անհանգստացած է Իրանը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայ-իրանական սահմանը կտրելու և պանթուրքական երազանքներն իրականություն դարձնելու նպատակներ է հետապնդում։ Թուրք-ադրբեջանական նոր հավանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ուժերի դասավորությունը էապես կփոխվի, ինչի արդյունքում կթուլանան նաև Ռուսաստանի դիրքերը։

Ուստի, այս պարագայում մեր գործընկեր երկրների ու հիմնական միջազգային կենտրոնների հետ ակտիվ աշխատանքի կարիք կա։ Հասկանալի է՝ դիվանագիտական աշխատանքը նաև կուլիսային աշխատանք ու պայմանավորվածություններ է ենթադրում, սակայն դրա փոխարեն ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ հրապարակային բանավեճի մեջ են մտնում և էլ ավելի սրում հարաբերությունները։ Իրականում, ինչպես բազմաթիվ փորձագետներ են նշում, իրավիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել: Իսկ գործող իշխանությունները ավելի են բարդացնում վիճակը: Նրանց պաշտոնավարումը միայն վնաս է բերում Հայաստանին։ Ընդ որում, ամենօրյա ռեժիմով: Ըստ այդմ, պատահական չէ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բոլոր ադեկվատ, այսինքն՝ ոչ իշխանամերձ փորձագետները հստակ արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը շատ հրատապ է, ավելին՝ արդեն վաղուց ուշացած է, քանի որ բառիս բուն իմաստով կարող ենք կանգնել պետականություն կորցնելու վտանգի առաջ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում