Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով ստեղծված` ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
«Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է շատ ինտենսիվ գործընթաց իրականացնենք, որովհետև այդ գործընթացի արդյունքը բոլորիս է պետք՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հետևանքներից»,- ասաց նա:
Կոստանյանի խոսքով` ամենօրյա ռեժիմով աշխատելու պարագայում կկարողանան հնարավորինս արագ ձեռք բերել այն տեղեկություններն ու տվյալները, որոնք հնարավորություն կտան ճիշտ հետևություններ անելու:
Հարցին՝ ովքե՞ր են լինելու այն պաշտոնյաները, որոնք առաջինն են հրավիրվելու հանձնաժողովի նիստերին, Կոստանյանը պատասխանեց. «Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր անձի հրավիրման անհրաժեշտությունն ու հաջորդականությունը բխում է ամեն մեկի տված տեղեկություններից»:
Նա նշեց, որ օրենքով պետական պաշտոնյաները պարտավոր են ներկայանալ, իսկ ոչ պաշտոնյաները իրավունք ունեն չներկայանալու:
Հիշեցմանը՝ ԱԱԾ տնօրենն արդեն հայտարարել է, որ այս գործը բացահայտված է, Կոստանյանն արձագանքեց. «Քրեական գործին ծանոթ չեմ, որ ասեմ՝ բացահայտվել է, թե՝ ոչ: Նշեմ, որ ես ՔԿ-ի քննության նկատմամբ ունեմ վստահություն, բայց դա չի նշանակում, որ մենք մեր լիազորությունները չենք իրականացնելու»:
Կոստանյանը նշեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջը նիստեր կհրավիրեն:
Հարցին՝ շուտով քարոզարշավ է սկսվելու, եւ հնարավոր է, որ հանձնաժողովի անդամները ներգրավված լինեն կուսակցական աշխատանքների մեջ, այդ դեպքում ի՞նչ է լինելու հանձնաժողովի աշխատանքների հետ, նա պատասխանեց. «Եթե քվորում չեղավ, ապա հանձնաժողովը չի կարող գործել: Քվորումի համար պետք է 6 պատգամավորի ներկայություն»: