Կրկին հպարտանալու առիթ։ Ջավախքի զավակ, ծնունդով Նինոծմինդա քաղաքից՝ բժիշկ Արմեն Բդոյանը, ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի։
Բժշկի գործունեության լավագույն գնահատականն առողջացած հիվանդն է.
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմը հոսպիտալներում և հիվանդանոցներում համախմբեց սպիտակ բանակի ներկայացուցիչներին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը համալսարանական այն բժիշկներից է, որը հոկտեմբերի 1-ից երեք շաբաթ շարունակ՝ օր ու գիշեր, անցկացրել է զինվորական հոսպիտալի վիրահատարանում:
Նախատեսված էր, որ Բժշկական համալսարանի թիմը Արցախից տեղափոխված վիրավորներին բուժօգնություն տրամադրելու նպատակով պետք է մեկնի Գորիսի հիվանդանոց: Սակայն, հաշվի առնելով առաջնագծից Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոների թիվը, գնահատելով ստեղծված իրավիճակը՝ ԵՊԲՀ ղեկավարությունը որոշում է ստանձնած առաքելությունն իրականացնել մայրաքաղաք Ստեփանակերտում: Բժիշկների առջև դրված խնդիրը մի կողմից պարզ էր, մյուս կողմից՝ պատասխանատու և պարտավորեցնող:
«Այդ օրերին կատարված աշխատանքը գնահատելու համար, պետք է իրականացնել բազմակողմանի վերլուծություններ: Արդյունավետությունն ուղիղ համեմատական է փրկված կյանքերի, չանդամահատված հիվանդների և այժմ վերականգնողական բուժում անցնողների թվի հետ»,-չշտապելով գնահատել իր կատարած աշխատանքը՝ օրթոպեդ-վնասվածքաբանն ավելացնում է, որ բժշկի գործունեության լավագույն գնահատականն առողջացած հիվանդն է:
Արմենակ Բդոյանը կարևորում է նաև պատերազմական օրերին զինվորական հոսպիտալում կողք կողքի կանգնած տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների յուրաքանչյուր ներդրումը:
Բժշկի խոսքով՝ աշխատանքային գործընթացը բարդ էր, քանի որ այդ օրերին հոսպիտալը ստիպված էր ծառայել որպես բուժօգնություն ցույց տվող ոչ թե երկրորդային, այլ առաջնային օղակ: «Հոսպիտալն օրական ընդունում էր տարբեր աստիճանի վնասվածքներով 200-250 վիրավորի: Բուժական մասն՝ անկախ ծավալներից, իրականացրել է թիմային աշխատանք՝ համատեղ ուժերով: Կար պահանջ, հետևաբար՝ այն բավարարելու և կատարելու անհրաժեշտություն»,-շեշտում է բժիշկը:
Արմենակ Բդոյանն ընդգծում է. «Կարևոր առաքելություն ստանձնած բուժանձնակազմն անընդհատ ռմբակոծվող քաղաքում դժվարությունները հաղթահարվում էր այն գիտակցումով, որ վիրավորն ունի օգնության կարիք և նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ճակատագիրը կախված է բժիշկի կատարած աշախատանքից»:
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմն օրթոպեդ-վնասվածքաբանի առաջին փորձը չէր. 2016 թվականի ապրիլյան պատերազմին Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ Արմենակ Բդոյանը բժշկի իր մասնագիտական աշխատանքն իրականացնում էր Գորիսում:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավարը Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավար Զորի Սաղիյանի կողմից ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի:
Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար ծնունդով ջավախքցի համալսարանական բժիշկին շնորհվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշան։
Լուսինե Մկրտչյան