կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 15:50
Հասարակություն

Եթե լինի պատերազմական գործողություն, դա չի լինի լոկ Արցախ-Հայաստան-Ադրբեջան տարածքում. Դավիթ Բաբայան

Եթե լինի պատերազմական գործողություն, դա չի լինի լոկ Արցախ-Հայաստան-Ադրբեջան տարածքում. Դավիթ Բաբայան

Արդեն հայտնել ենք, որ մարտի 10-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Նշենք նաև, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ`Մոսկվայում լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինված միջադեպերի աճից, և դա է պատճառը, որ Սարգսյանը մեկնում է ՌԴ:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջունում են բանակցային գործընթացի զարգացմանը նպաստող քննարկումները: Ըստ նրա` Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և երկու երկրների նախագահների հանդիպումների ընթացքում  հակամարտությանն անդրադառնալը բնական է:

«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Հաշվի  առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կովկասյան աշխարհաքաղաքականության և, առհասարակ, գլոբալ աշխարհաքաղաքականության կարևոր  գործոններից մեկն է,   նախագահների հանդիպման ընթացքում այդ հարցը չէր կարող շրջանցվել: Ես ավելի քան վստահ եմ, որ շեշտվելու է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և ցանկացած  ուժային տարբերակի բացառումը:  Պատերազմը, մարդասիրական և աշխարհաքաղաքական առումով, ձեռնտու չէ  նաև Ռուսաստանին: Լայնածավալ պատերազմն ու սրացումները ձեռնտու չեն նաև ԱՄՆ-ին, Եվրոպային, Իրանին»,- ասաց Բաբայանը` ընդգծելով, որ շատերն են շահագրգռված, որ մեր տարածաշրջանում կայունությունը պահպանվի:

«Հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և  մի շարք այլ տարածաշրջաններում, կայունությունն  էլ ավելի  կարևորագույն հարց է դառնում: Եվս մեկ թեժ կետ, որն անմիջապես կընդգրկի նաև գերտերությունները, չի բխում Ռուսաստանի շահերից»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Նրա բնորոշմամբ`ԵԱՀԿ համանախագահող եռյակին և, առհասարակ, որևէ մեկին ձեռնտու չէ այստեղ իրավիճակի սրումը:

«Եթե լինեն պատերազմական գործողություններ, դրանք չեն լինի լոկ Արցախ-Հայաստան-Ադրբեջան տարածքում, կընդգրկվեն նաև հարակից տարածքներն ու պետությունները: Մենք գիտենք, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը լեզգիների, թալիշների  հանդեպ: Նրանց բերում է պատերազմական գոտի, որ լարի հայերի դեմ: Սա անհանդուրժողական մթնոլորտ է ստեղծելու լեզգիաբնակ, թալիշաբնակ վայրերում, և բնական է, որ  հատկապես Ադրբեջանի պարտության պարագայում նրանք փորձելու են  ձերբազատվել ադրբեջանական լծից, և սա նշանակում է, որ Դաղստանից ու Հյուսիսային Կովկասից գալու են` իրենց եղբայրներին օգնելու: Այստեղ կարող են ընդգրկվել նաև Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ՆԱՏՕ-ն և այլն… Իսկ սա կբերի անկանխատեսելի  հետևանքների: Ինչո՞ւ թողնել, որ գա դրան, եթե կարելի է այս ամենը պարզապես թույլ չտալ»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառմանը, որում նա տեղեկացնում է, որ Թբիլիսիում կքննարկի ԼՂ հակամարտությունը, Բաբայանը նշեց, որ տրամաբանական կլիներ, եթե այնտեղ ներկա լինեին հակամարտության կողմերը, որովհետև եթե քննարկվում է նրանց հարցը, և կողմերից մեկը կամ երկուսը ներկա չեն, տարօրինակ է: