Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեսնելով Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» վերնագրերը՝ ես, անկեղծ ասած, թեթեւ ժպտացի։ Որովհետև նորմալանալու համար նախ պետք է նորմալ հարաբերությունների մեջ լինել, իսկ հետո՝ աննորմալ հարաբերությունների մեջ, որպեսզի դրանք կրկին նորմալ դառնան։ Այսինքն՝ համեմատություն անցյալի հետ անհրաժեշտ է. թուրքական էրդողանամերձ Habertürk թերթում գրել է սյունակագիր Չեթիներ Չեթինը:
«Սակայն մեր հանրապետության պատմության ընթացքում մենք առողջ հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի և հայերի հետ։ Այնուամենայնիվ, եկել է առողջ հարաբերություններ կառուցելու ժամանակը, և շուտով նոր քայլեր կսկսվեն։ Անկարայում այս հարցով աշխատանքային խումբ կձևավորվի մինչև 2022 թվականի հունվարի 20-ը։ Երկու կողմից էլ կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ Անկարայում այս դերին հավակնում են յոթ կարևոր թեկնածուներ։ Մինչև 2022 թվականի մայիս հարաբերությունները առողջ դարձնելու համար կմշակվի եռափուլ ճանապարհային քարտեզ։
Երևանի պաշտոնյաները, որոնց հետ ես զրուցել եմ, նշում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կողմ է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների զարգացմանը։ 2022 թվականի հունվարի 15-ից կձևավորվի աշխատանքային խումբ և քարտուղարություն, որոնք անմիջականորեն կաշխատեն Փաշինյանի հետ այս հարցով։ Երևանը կփորձի Թուրքիայի հետ կապեր ունեցող անձանցից ընտրել ներկայացուցիչ, աշխատանքային խումբ ստեղծել և դիվանագիտական հարաբերություններ կառուցել պատմական հարթությունից դուրս՝ փոխադարձ շահերից ելնելով։ Հատուկ ներկայացուցիչները կհայտարարվեն երկու կողմերի միջև կոնսենսուսի հասնելուց հետո:
Հունվարի 20-ից Երեւանը ցանկանում է առաջ շարժվել։ Ըստ իմ դիտարկումների` Անկարան նույնպես պատրաստակամորեն հակված է դրան։ Հիմա, եթե ամեն ինչ լավ լինի, առաջինը կսկսվեն չարտերային թռիչքները։ Այսինքն՝ մարտ ամսից Հայաստանը մաքուր օդ կշնչի։
Բանակցային կարևոր օրակարգ կլինի նաև Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացումը, որը խոստացել էր Երևանի վարչակազմը ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Անկարան ցանկանում է բացել այս միջանցքը մայիս-հունիս ամիսներին։
Իսկ երրորդ փուլը տնտեսական հարաբերություններն են... Այս հարցում իրադարձությունների զարգացում ակնկալվում է հուլիսից։
Անկարայի և Երևանի միջև առաջին դիվանագիտական շարժումները սկսվել են 2009թ.: Առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման օրացուցային ծրագիր ներկայացնելու այս քայլերը ստիպեցին Ադրբեջանին այդ ժամանակ արձագանքել։ Այնուամենայնիվ, անցած ժամանակաշրջանում տարածաշրջանային պայմանները կտրուկ փոխվել են։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանին` ՌԴ կողմնակցին, հաջողվել էր համոզել՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Նախ՝ ծրագրվում էր բացել սահմանները, իսկ հետո՝ հաստատել հարաբերություններ։ Սակայն Սարգսյանը, որին աջակցում էր Ռուսաստանը, Ղարաբաղի հարցում զիջումների չգնաց։
Այսօր պատկերը միանգամայն այլ է. Փաշինյանը, Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությամբ, ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ճնշման ներքո և Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավելին՝ մինչ Բաքվում աշխարհի աչքի առաջ ցուցադրվում էր Ղարաբաղում նրա պարտված բանակի զինանոցը, Փաշինյանն Արևմուտքի աջակցությամբ հաղթեց երկրորդ ընտրություններում…
Հիմա Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում, բայց չի ցանկանում ապրել աշխարհից կտրված՝ ցանկացած պահի ռիսկի դիմելով բախվել երկրում ծայրահեղ ազգայնական ռուսամետ խմբավորումների հեղաշրջմանը։ Ընտրվելուց հետո Փաշինյանը չորս անգամ հայտարարել է, որ ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
Այս բոլոր իրադարձությունների ֆոնին՝ անհրաժեշտ է հաշվարկել նաեւ Իրանի հնարավոր արձագանքը։ Ի վերջո, Թեհրանի վարչակազմին ձեռնտու չէ Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությանը Կովկասում։ Հետեւաբար, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը էական ներդրում չի ունենա Թեհրանի տարածաշրջանային հաշվարկներում...:
Բրյուսելում կարևոր հանդիպում է տեղի ունեցել. դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից մեկ օր առաջ, որին մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահի հետ…
Օրեր առաջ «3 + 3» ձևաչափով բանակցություններ են վարվել՝ հինգ երկրների փոխարտգործնախարարների մասնակցությամբ՝ կարգավորում գտնելու և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները զարգացնելու նպատակով։ «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների այս առաջին փուլին մասնակցել են Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստանը և Իրանը։
Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն ավարտվել է, սակայն իրավիճակն այս պահին այնքան էլ կայուն չէ։ Սահմանին ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է։ Ստորագրված եռակողմ հայտարարությունը դեռ չի իրականացվում։ Մյուս կարևոր կետն այն է, որ Վրաստանը չի մասնակցում «3 + 3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակին։ Վրաստանը չի ցանկանում Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջը նստել, քանի դեռ չեն կարգավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները։
Այսպիսով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված կլինի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի բարի կամքի դրսևորումից, ջանքերից, այլև տարածաշրջանային դինամիկայից»,- գրում է թուրք վերլուծաբանը:
Նյութը` Yerkir.am-ի