Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տաթև Սողոյանը գրում է.
«Դիմում եմ 2.5 տարի առաջ հրապարակում պայքարող իմ ուսանող ընկերներին
Ընկերներ ջան, ո՞նց եք:
Ակնկալում էի ձեզ տեսնել հրապարակում: Գրեթե չտեսա: Մտածում էի՝ վրդովված կլինեք ու պատասխանատվության կկանչեք այն մարդկանց, որոնք իշխանության հասան նաև ձեր լուսավոր դեմքերի շնորհիվ:
Վստահաբար, դուք չէիք պայքարում, որ ձեր ոլորտը՝ կրթությունը, ավերվի Արայիկ Հարությունյանի կողմից: Դուք չէիք պայքարում, որ կորցնեք հայրենիքի ¼-ը: Ձեզնից ոչ ոք չէր ուզում Հայաստանը վերածել աղետի գոտու: Բայց ցավոք եղավ հենց այդպես:
Հավատացեք՝ չեմ մեղադրում: Ես էլ եմ ինչ-որ պահի դատարկ հույսեր ունեցել: Յուրաքանչյուրս ունենք սխալվելու իրավունք, հատկապես երբ դեռ երիտասարդ ենք: Բոլորդ գիտեք, որ երբեք «հեղափոխական առաջնորդի» իշխանության համար չեմ պայքարել, և երբ գիտակցել եմ, որ շարժումը վերածվում է կռապաշտության և մեզ բոլորիս տանում դեպի անդունդ (դա, ցավոք, հենց 2018-ի ապրիլի 24-ն էր), կանգ եմ առել։
Ինձ մտահոգում է, թե ինչու եմ ես հիմա այստեղ առանց ձեզ: Չէ՞ որ մենք հավասարաչափ ենք պատասխանատու մեր պետության առաջ: Ինչու՞ եմ ես բոլորիս սխալը ուղղում առանց ձեր ներկայության:
Ասում էիք՝ մենք ենք տերը մեր երկրի: Բայց մի՞թե մեկ անգամ սխալվելը բավարար էր, որ դուք թևաթափ լինեք ու հրաժարվեք հայրենիքին տեր լինելու մտքից: Էլ չե՞ք պայքարելու ձեր ապագայի համար։ Որտե՞ղ եք հիմա։
Ես հասկանում եմ հոգեբանությունը: Մարդ որևէ մեծ սխալ գործելուց հետո խուսափում է որևէ նոր քայլից, որ հանկարծ նոր սխալ չգրանցի: Մինչդեռ հենց ոչինչ չանելն էլ դառնում է նոր սխալը:
Գիտեմ, որ կան նաև այլ հանգամանքներ: Գիտեմ, որ ավելի հեշտ էր 2.5 տարի առաջ վստահել նրանց, որոնք կյանքում ոչինչ չէին արել, և որոնց դուք չէիք էլ ճանաչում, քան հիմա վստահել նրան, ով մեր տարիքից մեծ քաղաքական կենսագրութուն ունի: Բայց ինչպես տեսանք, նորը միշտ չէ, որ ավելի լավն է:
Գիտեմ, որ ցուրտ է, բայց պատասխանատվություն կրելն ամենևին վայելք չէ: Գիտեմ, որ շարժման խորհդանիշներն էլ նախորդի պես գրավիչ չեն: Անհատականացված շունիկ, Լեյլա տատիկ կամ փշալարերի մոտ համբուրվող զույգեր չկան: Կորսված հայրենիք, որդեկորույս մայրեր, վիշտ ու զայրույթ՝ սա է ամենը, ինչ մնացել է:
«Ես առաջարկելու ոչինչ չունեմ՝ բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից»,-ասում էր Չերչիլը պատերազմական օրերին: Հիմա էլ է այդպես: Իրականությունը մեզ ոչինչ չի թողել, բացի ցրտից, պայքարից ու փոփոխության հույսից:
Իսկ առաջարկը մեկն է՝ անել դա միասին և կիսել բոլոր դժվարությունները: Եվ եթե դուք չեք հրաժարվել պետության նկատմամբ պատասխանատվությունից, ես սպասելու եմ ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ մեր փրկության ուղին բացված չէ: Կտեսնվենք»: