կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 12:25
Հասարակություն

Հաշմանդամն ավելի շատ ձգտում է թոշակի. Արմեն Սողոյան

Հաշմանդամն ավելի շատ ձգտում է թոշակի. Արմեն Սողոյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բժշկասոցիալական փորձաքննություն» գործակալության պետ Արմեն Սողոյանը ներկայացրեց բժշկասոցիալական փորձաքննության առանձնահատկությունները և ոլորտում ընթացող զարգացումները: Նա նշեց, որ ոլորտը գտնվում է բարեփոխումների փուլում, տարվել են բավականաչափ աշխատանքներ, բայց դրանց մասին քաղաքացին չգիտի, և դեռ կարծրատիպեր կան հասարակության մեջ, որ դա ամենակոռումպացված ոլորտներից մեկն է:

Սողոյանը բացատրեց, որ հաշմանդամությունը ստատիկ վիճակ չէ, այն փոփոխությունների է ենթարկվում, ըստ այդմ` հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված` օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

«Ակնհայտ հիվանդության, արատի առկայությունը կարող է և չհամարվել որպես հաշմանդամություն: Եթե սիրտը վիրահատել են 15 անգամ, բայց սահմանման մեջ նշված ֆունկցիաները չեն խաթարվում, ուրեմն նա չի համարվում հաշմանդամ: Ինչևէ, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում որևէ անօրինական մոտեցում որևէ մեկի նկատմամբ հանձնարարված է, որ չլինի»,- ասաց Արմեն Սողոյանը:

Նշվեց, որ սխալ է, երբ հաշմանդամությունը կապվում է թոշակի հետ, ինչից բխում են բազմաթիվ խնդիրներ ոլորտում: Ճիշտն այն է, որ հաշմանդամությունը կապվի ծառայության հետ. հաշմանդամը պետք է ծառայություն ստանա, որ վերականգնվի, հաշմանդամը պետք է ձգտի վերականգնվել: Սակայն մեր երկրում հաշմանդամն ավելի շատ ձգտում է թոշակ ստանալ, այլ ոչ թե վերականգնվել: