կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 22:38
Մշակույթ

Պատմական Ձկնավաճառի վաղմիջնադարյան եկեղեցու հետքերը

Պատմական Ձկնավաճառի վաղմիջնադարյան եկեղեցու հետքերը

Ծաղկունյաց լեռնաշղթայի գրկում` Արագածի արևելյան լանջերին` Քասաղ գետի աջակողմյան բարձունքներին` ներկայիս Ապարանի ջրամբարից դեպի հյուսիս գտնվել է պատմական Ձկնավաճառ գյուղը: Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները մենք հանդիպում ենք 10-րդ դարի հայ պատմագիր, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու մոտ: Վերջինս տեղեկություններ է տալիս  910 թվականին հայոց թագավոր Սմբատ Ա-ի  արաբական զորքերի դեմ մղած ճակատամարտի մասին:

Իսկ Սմբատայ զգացուցեալ ոմանց զդրժող դաւաճանութիւնն, ապա և նա ևս տագնապելով ստիպեալ գումարէ զոր բազում և տայ ի ձեռս Աշոտոյ և Մուշեղայ որդվոց իւրոց և հրամայէ զգուշանալ ի ճանապարհացն: Իսկ նոցա չուեալ եկեալ հասեալ ի Նիգ գաւառ տեսին զի ճամբար այլազգեացն բունեալ դադարեալ էր ի հովիտս  հարթայատակ վայրի միյոջ առ ստորոտով լերինն ընդ որոց և թագաւորն ևս Գագիկ:[1]

Հետաքրքիր է, որ պատմիչը շեշտում է միայն Նիգ գավառի փաստը, միջնադարի մեկ այլ մատենագիր`Ասողիկը հիշատակում է կոնկրետ  Ձկնավաճառի մասին.

 «Որոյ ընդդէմ երթեալ ամենայն զօրուն Սմբատայ, եւ երկու որդիքն մին Աշոտ եւ Մուշեղ՚ ի գաւառն Նիգ, եւ մարտուցեալ ընդ միմեանս՚ ի տեղին, որ Ձկնավաճառն կոչի: Երեւի լինել այստեղի ՚ի հովտի ինչ առլերամբ. զի Յովհաննէս կաթ. գրէ վասն տեղւոյ բանակի թշնամեաց սոյն պատերազմի ուր մարտեան Աշոտ եւ Մուշեղ. Հասեալ (ԱշոտեւՄուշեղ)՚ ի Նիգ գաւառ, տեսին զի ճամբար այլ ազգեացն բունեալ դադարեալ էր ՚ի հովիտս հարթայատակ վայրի միոջ, առ ստորոտով լերինն»:[2]

Արդեն նոր ժամանակներում մասնավորապես  անվանի պատմաբան Լեոն  ևս վայրն անվանում է Ձկնավաճառ:

Հայոց արքա Սմբատը բանակի հրամանատարությունը հանձնում է իր որդիներ Աշոտին և Մուշեղին։ Մի կողմից Գագիկ-Խաչիկի և Արծրունի այլ նախարարների, իսկ մյուս կողմից Աշոտի և Մուշեղի զորքերը հանդիպում են Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրում։ [3]

Բնակավայրի անվան ստուգաբանությունը այս պահին կոնկրետ վերլուծությունների չի ենթարկվել, բայց փորձենք տրամաբանության սահմաններում լուսաբանել անվան ստուգաբանաությունը: 

Այն գտնվել է Քասաղ գետի ափին ամենայն հավանականությամբ բնակիչները զբաղվել են ձկան առևտրով ուստի բնակավայրն էլ ըստ տրամաբանության կոչվել է Ձկնավաճառ: Հատկապես փաստենք, որ հարակից տարածքներում  արդեն 12-13-րդ դարերում բավականին զարգացած բնակատեղիներ են եղել, որոնցից մեկն էլ եղել է Վարդենիս գյուղը, որն հանդիսացել է Արագածոտն գավառի տիրակալ Քուրդ Ա Վաչուտյանի նստավայրը, որի մասին մենք տեղեկություններ են ստանում Կիրակոս Գանձակեցու Հայոց պատմություն աշխատությունից.

Արագածու հանդեպ լերինն Արայի ի գիւղն, որ կոչի Վարդենիս, ի տանն իշխանին զոր      Քուրդ անուանէին  հայ ազգաւ, կրոնիւք քրիստոնեայ:[4]

Բացի վերոհիշյալ հիշատակություններից բնակավայրի մասին այլ հիշատակություն չկա սակայն հնավայրում պահպանված հին շինությունների մնացորդները մեզ թույլ են տալիս  որոշակի վերլուծություններ կատարելու; Այստեղ պահպանվել է վաղմիջնադրյան եկեղեցու հետքերը:

Թերևս անհայտ է թե ինչ անուն է ունեցել եկեղեցին, բայց եթե հաշվի առնենք, որ Քասաղի հովտի սրբավայրերը հիմնականում կրել են Թուխ Մանուկ, Ջղալ Ավետարան կամ Սուրբ Աստվածածին անունները, ապա մեծ է հավանականությունը, որ եկեղեցին կրել է այս  անուններից մեկը:

Այս տարածքը  կրոնական առումով հայտնի և ընդգծաված ուխտատեղի չէ, սկայն  այն պահպանվել է, որպես միջնադրյան եզակի հուշարձան:

Տարիների ընթացքում եկեղեցու տարածքը պատվել է վայրի բնության թփերով, բայց դրանք չեն խանգրում հասկանալու համար, որ վայրում բավականին մեծ եկեղեցի է եղել:

Այս նկարում տեսանելի է եկեղեցու պահպանված խորանը, որի չափսերը արդեն թույլ են տալիս ենթաադրել, որ եկեղեցին եղել է բազիլիկ ոճի:

 

Եկեղեցու պատերի շարվածքներն են, քարերի  մշակման աստիճանը  և իհարկե չափերի  անհամապատասխանությունը եկեղեցու հնության լավագույն վկայությունն է:

Իսկ ահա այս շարվածքի քարերից յուրաքնչյուրի միջին բարձրությունը 1,20 մետր է, Երկարությունը 1,50-1,70 մետր, իսկ հաստությունը հասնում է 45-50 սմ-ի:

Վաղմիջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ են նաև այս մի քանի քանդակները, որոնք գտնվել են եկեղեցեու ավերակների տարածքում,  և հատկանշական է, որ այսպիսի հորինվածքով քանդակները սովորաբար օգտագործվել են եկեղեցու շինարարական լուծումներում:

Շինությանը կից տարածքում է գտնվել այս կավե խեցին, որը ևս մեկ անգամ փաստում է միջնադարյան մշակույթի հսկայական ազդեեցությունը այս վայրի վրա:

 

Իսկ ահա այս հորինվածքը գտնվում է շինության հարավային պատի վրա, առանց խորը մասնագիտական ուսումնասիրության դժվար է եզրակացնել թե այն իրենից ինչ է ներկայացնում, բայց այնուամենայնիվ այն եկեղեցու կառույցի բաղկացուցիչ մաս է և իր տեսակի մեջ եզակի ու քիչ հանդիպող:  Հատկապես արդեն զարգացած միջնադարյան ժամանակաշրջանի  եկեղեցիների  պատերին նման հորինվածքներ գրեթե չեն հանդիպում:

Օգտագործված աղբյուրներ

[1] Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն Երևան 1996թէջ 220

2 Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ Տիեզերական պատմությունէջ 215-216, Երևան 2000 թ.

3 Լեո «Հայոց Պատմություն» երրորդ հատոր, էջ 544  Երևան 1984 թ.

4Կիրակոս Գանձակեցի <<Պատմություն հայոց>>`  էջ  351,   Թիֆլիս 1909 թ. 

 

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վադենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ