Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: .
«2. Հենց այս սկզբունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունեն ինչպես հանրային իշխանության մարմինները, այնպես էլ նրանց ընդդիմախոսները, որոնք հանրային դաշտում ապահովում են հասարակական-քաղաքական քննարկումների բովանդակությունը, հանրային դիսկուրսը:
3. Յուրաքանչյուրիս ներուժը պետք է ծառայեցվի մեր գերակայություններին՝ հետպատերազմական վիճակում սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման ապահովում, ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց կատարած պատերազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հիմքերի ապահովում և այլն:
4. Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:
Դրանից բացի, անթույլատրելի է իշխանության մարմինների, պաշտոնյաների կողմից այնպիսի բառապաշարի (հաճախ անհասցե) գործածումը, որոնք ստացան հանրային լայն կիրառություն ու ավելի նպաստեցին երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը (օրինակ՝ «պիցցայակեր», «ծախված» և այլն):
Իշխանության մարմիններին ու պաշտոնյաներին նշում եմ առաջնահերթ, քանի որ նրանք են ի վերջո պատասխանատու լայն իմաստով հանրային երկխոսության ու քննարկումների բովանդակության, երկրի գերակայությունների համար, ինչպես նաև անհանդուժողականության հաղթահարման համար:
5. Խիստ մտահոգիչ է, որ քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, ավելի են նպաստում անհանդուրժողականության խորացմանն ու դրանով ավելացնում լարվածությունը:
Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախոուսումը: Օրինակ՝ անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» և այլն:
6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջերի և կեղծ օգտահաշիվների կազմակերպված ու նպատակային հարձակումների համար օգտագործվող խմբեր:
Այդ էջերն ու օգտահաշիվները գործում են խմբերով և կոնկրետ հանձնարարականներով՝ մարդկանց հայհոյելով, արժանապատվությունը վիրավորելով, սպառնալիքներով ու բռնության կոչերով:
7. Առհասարակ, բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը:
8. Խիստ դատապարտելի է, որ իշխանության դեպքում սոցիալական ցանցերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների հիմնավոր ենթադրութամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք:
9. Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները:
10. Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին մի քանի տարիների ընթացքում ստացան ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:
11. Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում ու կլինեինք համախմբված՝ հաշվի առնելով բոլորիս միասնական լինելու, միմյանց իրավունքների նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:
12. Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև ներկայում գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց իրավունքները (հոգեկան անձեռնմխելիությունը, մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքը և այլն), վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին խաթարում է մեր երկրի անվտանգությունը:
13. Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:
14. Ուստի, մենք պետք է գործենք մարդու իրավունքների համակարգի նկատմամբ հարգանքով, ճիշտ որոշենք այս օրերի մեր գերակայություններն ու լինենք համախմբված` հանուն այդ գերակայությունների և հանուն մեզնից յուրաքանչյուրի իրավունքների՝ ապավինելով ինքներս մեր հզոր ներուժին»,- գրում է նա։