կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 18:22
Հասարակություն

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան. ԿԳՄՍՆ

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական եւ մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի մի շարք աշխատանքներ: Մասնավորապես նախատեսվում են «Երեւանի պարարվեստի պետական քոլեջի» պարասրահի հատակի հիմնանորոգում, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Հատկացման շրջանակում նախատեսվում է նաեւ «Մատենադարան»  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որով կվերակառուցվեն ստորգետնյա 5 պահոցները, 2 միջանցքները, հորիզոնական եւ թեք թունելների աստիճանավանդակներն ու օժանդակ այլ տարածքներ: Մատենադարանի նշված ստորգետնյա հատվածները գտնվում են գերխոնավ միջավայրում՝ գրունտային ջրերի հարեւանությամբ: Հորիզոնական եւ թեք թունելներում անհրաժեշտ է ջրամեկուսացնել եւ ամրացնել սեյսմիկ կարերը, հատակի վրա ապահովել տեղափոխմանն ու պահպանմանը հարմարեցված սալահատակ, իրականացնել ընդհանուր նորոգման աշխատանքներ, տեղադրել մեխանիկական եւ էլեկտրական քարշակ մեխանիզմներ:

Նախատեսվում են նաեւ «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի» ջեռուցման արտաքին համակարգի հիմնանորոգում, «Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի» վերանորոգում, ինչպես նաեւ մի շարք հուշարձանների վերականգնման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն: Որոշվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներ» մոնումենտալ քանդակի վերականգնման աշխատանքների գնման ընթացակարգը սահմանել մեկ անձից` հիմք ընդունելով քանդակագործի դստեր` Է. Բեջանյանի՝ քանդակագործ Ռ. Մանուկյանին տրամադրված հեղինակային իրավունքի լիազորագիրը: