կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-18 11:15
Հասարակություն

2022 թ. հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման համար բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ. ԿԳՄՍՆ

2022 թ. հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման համար բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ. ԿԳՄՍՆ

2022 թ. հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ: Այս տարի հուշարձանների վերականգնմանն առնչվող աշխատանքները բազմաթիվ են՝ ուսումնասիրություններ, պեղումներ, նախագծեր, բուն վերականգնման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասել է, որ 2022 թվականի պետական բյուջեից հուշարձանների վերականգնման համար հատկացվել էր 108 մլն դրամ, որից հետո ՀՀ կառավարության որոշմամբ հավելյալ հատկացվել է ևս 128 մլն դրամ՝ ուղղված դրանց ուսումնասիրմանը, պեղումներին, նախագծմանն ու ամրակայմանը, կարելի է ասել, հուշարձանների վերականգնման ողջ փուլին՝ առաջին քայլից մինչև վերջին քայլը: Այդ շղթայի մեջ նախատեսված են նաև պեղումներ Տավուշի բերդում. աշխատանքները սկսվել էին 2020-2021 թվականներին և կշարունակվեն այս տարի: 2022 թվականին պեղումներից հետո և դրանց զուգահեռ պետական միջոցների հաշվին կիրականացվեն ամրակայման, վերականգնման նախագծի կազմման աշխատանքներ. արդյունքում արդեն հաջորդ տարիներին հնարավոր կլինի վերականգնել ամրոցի պարիսպների վնասված մասերը, պեղումներով հայտնաբերված շինություններն ու դրանց պատերը, ինչպես նաև տարածքի եկեղեցին։

Պեղումներ են նախատեսված նաև Լոռու մարզի Լոռի բերդ-ամրոցում. պեղումները կկենտրոնացվեն հատկապես պարսպապատերի ներքին հատվածներում, որոնք դեռևս չեն պեղվել:

Վարչության պետի տեղեկացմամբ՝ համատեղ ուժերով կվերականգնվի Լոռու մարզի Ամրակից գյուղի՝ վթարային վիճակում գտնվող ռուս ուղղափառ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին:

2022 թ. համար մրցութային կարգով պայմանագրեր են կնքվել Գոշավանքի Սուրբ Աստվածածին և Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների տանիքների նորոգման, Քոբայրավանքի սեղանատան վերականգնման համար։ Հայտարարված է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը։

Կիրականացվի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի վերականգնման փուլը, որի աշխատանքները կիրականացվեն 2022-2024 թվականներին:

Մասնակի կվերականգնվի Քոբայրավանքի սեղանատունը, որի աշխատանքները կսկսվեն գարնանը: Նախատեսված են հատկացումներ Լոռու մարզի Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցու ամրակայման, վերականգնման նախագծի համար: 2020 թվականին այնտեղ իրականացվել են պեղման, ուսումնասիրման, չափագրման աշխատանքներ, որովհետև եկեղեցին մասնակի փլուզված է, և բազմաթիվ բեկորներ կան, որոնք վերականգնումից առաջ պետք է ուսումնասիրվեն։

2022 թվականին հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման ոլորտում նախատեսված աշխատանքները

• Լոռու մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցու նորոգման, ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծ,

• Տավուշի մարզի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքների նորոգման աշխատանքներ,

• Լոռու մարզի Սանահինի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման աշխատանքներ,

• Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներ,

• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի պարսպապատի հարավարևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներ,

• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի պարսպապատի հարավարևմտյան հատվածի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,

• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի եկեղեցու (քաղաքացիական կառույց) ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,

• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի առաջին բաղնիքի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,

• Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի բերդ-ամրոցի երկրորդ բաղնիքի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,

• ՀՀ Լոռու մարզի Ամրակից համայնքի Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,

• Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Սրվեղի վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,

• ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի պեղումներ,

• ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ։