Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է եւ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարեւոր է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:
Փոխվարչապետ Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը եւ հայկական կողմի դիրքորոշումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, մասնավորապես, հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտում ծրագրերը, ինչպես նաեւ նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները:
Անդրադառնալով առեւտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առեւտրական գործընկերներից է եւ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առեւտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Տիգրան Ավինյանը կարեւորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը եւ փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարել էր պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Քննարկվել է նաեւ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը եւ դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները: