Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Հարգելի՛ պատգամավորներ,
Նախապես ուզում եմ տեղեկացնել, որ ձեր համախոհը չեմ եղել երբեք: Ավելին, ձեզ և ձեր իշխանությանը, մասնավորապես՝ վարչապետին, բազմիցս հրապարակային քննադատել եմ անցած երկուսուկես տարվա ընթացքում: Բայց այժմ չեմ կարող ձեզ չդիմել, որովհետև ես նույնպես կարծում եմ, որ մեր պետականության և ժողովրդի առջև ծառացած լրջագույն փորձության հաղթահարման, ավելին՝ դրա ամենից կարճ և անարյուն հանգուցալուծման բանալին ձեր ձեռքերում է, որքան էլ այն ձեզ համար դժվար լինի:
Այս օրերին շատ է խոսվում մեր հայրենիքում առկա համակողմանի՝ հանրային, քաղաքական, տնտեսական, վստահության, բարոյականության, անկեղծության և այլ ճգնաժամերի մասին, և դա ճշմարտություն է: Իրականում, սակայն, «ճգնաժամ» բառը չափազանց մեղմ է այն իրականության համար, որի մեջ հայտնվել ենք բոլորս: Մենք ազգովին կանգնած ենք պետականությունը և հայրենիքը կորցնելու իրական վտանգի առջև: Ավելին, հանուն պետականությունը և հայրենիքը փրկելու չեն բացառվում նաև բախումները, հետևաբար՝ նաև քաղաքացիական պատերազմի վտանգը, քանզի մեր հանրային-պետական կյանքը ծայր աստիճան լարված է և գնալով այդ լարվածությունն ավելի է մեծանում: Ձեր գործընկերներից ոմանք ներկա իրավիակը մեկնաբանում են որպես քաղաքական ընդդիմության կողմից հարմար առիթ իշխանությանը տիրանալու համար: Մեկն այդ պայքարը նույնիսկ բնորոշեց իբրև քաղաքական «էլիտաների պայքար»: Սակայն վստահ եմ՝ այդպես բնորոշողներն իրենք ևս գիտակցում են, որ առնվազն անկեղծ չեն: Մի բան պարզ է. ոչ մի իշխանություն հեշտությամբ իր դիրքերը չի զիջում: Սակայն դա հասկանալի կլիներ, եթե իսկապես այսօր ընթանար պայքար հանուն իշխանության, այլ ոչ թե՝ հանուն հայրենիքի: Իշխանության համար պայքարը տեղի կունենա մեկ տարի հետո, երբ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց ... այդ օրվան նախ պիտի հասնել որպես պետություն:
Ի տարբերություն ձեզանից շատերի, որոնք երիտասարդ են և մեր երրորդ հանրապետության անցած երեսնամյա ճանապարհի մասին լսել և լսում են ավագներից, ես տարբեր կարգավիճակներով այդ երեսնամյակի կաևոր իրադարձություններից շատերի ականատեսն ու մասնակիցն եմ՝ սկսած 1988-ի փետրվարից: Անցած երեսուն տարիների ընթացքում մեր երկիրը բազմիցս է անցել փորձությունների միջով, սակայն վստահեցնում եմ՝ չեմ հիշում մեր պետականության համար ավելի ծանր և տագնապալից շրջան, ներառյալ՝ 1992-94 թթ. ծանր պատերազմը և 1999-ի հոկտեմբերի 27-ի մղձավանջը, քան այսօր է: Ձեզ վիճակված է ընտրություն կատարել ներկայիս՝ պատգամավորական կարգավիճակի և ապագայի բացճակատ, առանց դավաճանի խարանի կյանքի միջև: Այլ կերպ ասած՝ դուք կամ մասնակիցն եք լինելու հայրենիքի փրկության սուրբ գործի, կամ, ընդհակառակը, կուլ գնալով առանձին կուսակիցների բարոյական ճնշումներին, դառնալու եք հայրենադավ ընթացքի ակամա կամ գիտակցված մասնակիցները: Ընտրությունը ձերն է, բայց մի բանում ես կասկած չունեմ. Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ դուք ապագա չունեք, որովհետև նրանց հետ ապագա չունի հայոց պետականությունը: Ես հասկանում եմ, որ «թիմի» համար դժվարին պահին նրան լքելը հեշտ չէ, մանավանդ որ պատգամավորի մանդատը ձեր սեփական վաստակի, ձեր անցած ճանապարհի հանրային գնահատականի արդյունք չէ, այլ նվեր է «թիմի» կողմից: Հետևաբար այդ նույն «թիմի» առջև կա բարոյական պարտավորության խնդիր: Սակայն, կարծում եմ՝, կընդունեք, որ հայրենիքն ու պետականությունը ավելի բարձր արժեքներ են, քան ցանկացած թիմ կամ կուսակցություն:
Կարծում եմ՝ լավ եք հասկանում, որ եթե այս օրերին Երևանի փողոցներում առայժմ չկա ժողովրդի՝ ձեր պատկերացրած «կրիտիկական զանգավածը», որը կար, օրինակ, 2018-ի ապրիլին, դա դեռևս չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը: Այդ «զանգավածը» դեռևս չկա տարբեր պատճառներով: Առաջին հերթին այն պատճառով, որ մեր հազարավոր հայրենակիցներ անձնական ողբերգության մեջ են, իսկ բազմահազարներն էլ պարզապես ուշքի չեն գալիս կատարվածից: Բայց կանցնի այս վիճակը, և այն, ինչը դուք այսօր դեռ կարող եք փրկել ձեր սեփական նախաձեռնությամբ, չեք կարող փրկել հետո:
Ձեր շարքերում կան մարդիկ, որոնք իրենց հետ խմբակցություն են բերել դեռևս 90-ականների վերջերից սկիզբ առած «հին հաշիվներ» երբեմնի թիմակից, իսկ այնուհետև հանգամանքների բերումով բարիկադի տարբեր կողմերում հայտնված պետական գործիչների հետ: Նրանք բարդույթավորված մարդիկ են և այդ բարդույթների գերին են դարձնում նաև ձեզ: Նրանց «հաշիվները» ձեր «հաշիվները» չեն: Իրենց հիմքում դրանք խիստ անձնական են և պատկանում են անցյալին: Ձեր իսկ շահերից է բխում՝ նայել ապագային: Թույլ մի տվեք, որ ձեզ դարձնեն իրենց նեղ անձնական «հաշիվների» պատանդները:
Ավելորդ չեմ հարում երկու խոսքով անդրադառնալ նաև Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուին: Վազգեն Մանուկյանի հետ անձնական շփումների որոշ առիթներ ունեցել եմ հեռավոր 90-ականներին, հատկապես 1996-ի նախագահական ընտրությունների շրջանում, երբ դարձյալ նա ընդդիմության միասնական թեկնածուն էր: Չեմ թաքցնում. անցած երեսուն տարիների ընթացքում Վազգեն Մանուկյանը եղել է այն սակավաթիվ քաղաքական-պետական գործիչներից մեկը, որոնց նկատմամբ միշտ հարգանք եմ տածել, անկախ առանձին հարցերում ունեցած անհամաձայնություններից, որոնք նույնպես բնական են: Այդ բոլոր տարիների ընթացքում ինձ մշտապես հետաքրքրել է, թե այս կամ այն կարևոր հարցի առնչությամբ ինչ է մտածում նա: Կասկածից վեր է, որ Վ. Մանուկյանն իսկական առաջնորդ է և իսկապես բոլոր առումներով ամենից հարմար թեկնածուն է այս օրերին և լավագույն թեկանծուներից մեկը բոլոր ժամանակներում: Վստահենք նրան: Համոզված եմ՝ նա կլինի բոլորի ղեկավարն ու ընկերը, այդ թվում՝ ձեր, այլ ոչ թե միայն իրեն առաջադրողների: Վ. Մանուկյանը ներկա՝ երրորդ հանրապետության հիմնադրման ակունքներում կանգնած գործիչներից է, ըստ էության՝ «Ղարաբաղ» կոմիտեի փաստական ղեկավարը և մեր նորանկախ պետության առաջին վարչապետը: Ակնհայտ է, որ նրա համար մեծ ցավ է այն ամենը, ինչն այս օրերին կատարվում է մեր հայրենքի և պետականության հետ: Ավելին, ըստ իս, եթե փորձենք մեզ հայտնի քաղաքական-պետական գործիչներից մեկին առանձնացնել որպես երկրորդ անկախ հանրապետության հիմնադիր, իմ կարծիքով՝ այդ պատվավոր կոչման ամենահավանական թեկնածուն հենց Վ. Մանուկյանն է: Խոսքը հիմնադրի, այլ ոչ թե ամենից մեծ ներդրումն ունեցած գործչի մասին է (իհարկե, գիտեմ, որ մարդու ողջության օրոք նման բաներ ասելն ընդունված չէ, բայց նաև վստահ եմ, որ ինձ ճանաչողները խոսքերիս տակ ուրիշ ենթատեքստ չեն փնտրի): Իսկ 1990-ից առ այսօր ՀՀ բոլոր ղեկավարներից պետականության կայացման գործում ամենից մեծ վաստակը, ըստ իս, ունի Ռ. Քոչարյանը, որի պաշտոնավարման տասը տարիները եղել են այս երկրի կայացման ոսկե ժամանակաշրջանը բոլոր ոլորտներում: Սրանք փաստեր են, որ, անկախ այդ գործիչների նկատմամբ ունեցած մեր համակրանքներից ու հակակրանքներից, չենք կարող չընդունել: Պետական-քաղաքական գործիչներին պիտի դատել ըստ նրանց գործի արդյունքների և նշանակության, այլ ոչ թե անձնական համակրանք-հակակրանքներով, որոնք, որպես կանոն, անաչառ չեն: Հետևաբար, հայոց պետականության և մեր իսկ շահերից ելնելով, խելամիտ չի լինի այս դժվարին ժամանակներում Վ. Մանուկյանի և Ռ. Քոչարյանի կենսփորձից և գիտելիքներից չօգտվելը:
Իսկ ձեր կուսակցական առաջանորդը՝ Նիկոլ Փաշինյանը, հարգելի՛ իմքայլականներ, հայոց պատմության մեջ կմնա որպես մեր հինգհազարամյա պատմական հոլովույթի ամենից ձախողակ և արկածախնդիր ղեկավարներից մեկը, որին այդպես էլ խորթ մնացին պետական առաջնորդին բնութագրող նույնիսկ տարրական հատկանիշները:
Ուզում եմ հավատալ, որ մեր հայրենիքի համար այս պատասխանատու օրերին ձեզանից շատերին առաջնորդ կլինի մեր պետականության և հայ ժողովրդի վաղվա օրվա հանդեպ բարձր պատասխանատվության զգացումը, և դուք ձեր ծանրակշիռ ներդրումը կունենաք հայոց պետականության սասանվող նավը հետագա փորձություններից հեռու պահելու պատվաբեր գործում:
Վարդան Պետրոսյան
ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ
11. 12. 2020 թ.