կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 10:45
Հասարակություն

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 80 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 80 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 80 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 80 հա տարածք, 24ՙ8 կիլոմետր ճանապարհՙ 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է 4577 պայթուցիկ օբյեկտ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մեկ օրում ականազերծվել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհային ուղղությամբ և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի տարածքում գտնվող գազատարի երկայնքով տարածքը: Բացի այդ՝ քաղաքի օդանավակայանի տարածքներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր, որի կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը և բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը:

Ընդգծվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները ոչնչացվում են:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: Ռազմական գործողություններից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել են 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսագոր բնակավայրի շրջանում»,- հավելվում է հաղորդագրության մեջ: