կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 12:18
Քաղաքական

Մինասյանը լավ ընտրություն է արել քննադատության համար` հարվածիր թշնամուն նրա իսկ զենքով. Ալեքսանդր Մարգարով

Մինասյանը լավ ընտրություն է արել քննադատության համար` հարվածիր թշնամուն նրա իսկ զենքով. Ալեքսանդր Մարգարով

Հայ-ռուսական հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալուց հետո գնալով վատթարանում են: Վերջերս Լավրովը հայտարարություն արեց, որ Երևանն այնքան էլ չի ձգտում գործընկեր լինել, սակայն Ռուսաստանից շատ բան է պահանջում: Հետո տեղի ունեցավ սիգարետի և ալմաստների մաքսանենգության հետ կապված սկանդալը: Սուր կերպով դրված է գազի հարցը: Ինչո՞վ են պայմանավորված երկկողմանի դեմարշները` Pravda.ru-ի հարցին, ըստ yerkir.am-ի, պատասխանել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը:

Ըստ քաղաքագետի` դրանք երբեմն և անմիջականորեն վերաբերում են երկկողմ հարաբերություններին, սակայն նաև` բազմակողմ օրակարգին, տարածաշրջանային քաղաքականությանը, երբեմն էլ Հայաստանի ներքին հարցերին:

«Նախարար Լավրովի հայտարարությունը Հայաստանի, երկկողմ հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանում բավականին սուր են ընկալվում: Միշտ էլ ցանկություն կա ավելին ստանալու, հատկապես` երբ հարաբերությունները կոչվում են ռազմավարական: Բայց դրանք պետք է լինեն փոխշահավետ ոչ միայն խոսքերով: Հայտարարվող հարաբերությունների և ստացվող «բլիթների»` մասնավորապես գազի գնի տեսքով, անհամապատասխանությունները որոշակի դիսոնանս են առաջացնում: Դա ի հայտ է գալիս ոչ միայն Լավրովի հայտարարություններում: Կարելի է հիշել ԵԱՏՄ ղեկավարների վերջին հանդիպումը, երբ դարձյալ հակասություններ առաջացան ներմուծող և արտահանող երկրների միջև: Հասկանալի է, որ ով արտահանում է, ցանկանում է ավելին ստանալ, ով ներմուծում է, ցանկանում է քիչ վճարել: Ցանկությունն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են:

Հարկավոր է ձևավորել ընդհանուր շուկա` ընդհանուր դիրքորոշումների առկայության դեպքում, որոնք և ենթադրում են, բնականաբար, ավելի խոր ինտեգրում, ինչին ոչ բոլոր գործընկերներն են համաձայն»,- նշել է Մարգարովը:

Ինչ վերաբերում է սիգարետի ու ալմաստների պատմությանը, ըստ քաղաքագետի, դա ոչ միայն արտաքին, այլև ներքին օրակարգ է: «Այդ բոլոր պատմությունները պատմում է Միքայել Մինասյանը, որն այսօր ներկայանում է որպես ընդդիմություն գործող ռեժիմին: Իսկ եթե դուք ընդդիմություն եք, ապա  այլ ընտրություն չունեք` անհրաժեշտ է քննադատել, բայց քննադատել հնարավորինս կառուցողական: Այսօրվա օրակարգը, ըստ էության, վերադառնում է նրան, որը հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանը Երևանում երկու տարի առաջ` «թավշյա գործողությունների» օրերին: Նա այն ժամանակ բարձր ու շատ խոսում էր, որ գոյություն ունի մենաշնորհ և կոռուպցիա: Իսկ ինչպես այսօր ամենալավ կերպով քննադատել գործող իշխանությանը, եթե ոչ` նույն դիրքերից, որոնցից նրանք եկան իշխանության: Մինասյանը լավ ընտրություն է արել քննադատության համար` հարվածիր թշնամուն նրա իսկ զենքով: Չէ՞ որ կոռուպցիայի դեմ պայքարն այն դրոշն էր, որ կիրառում էին ներկայիս քաղաքական վերնախավի ներկայացուցիչները: Այնպես որ` սա ոչ այնքան արտաքին, որքան ներքին օրակարգ է` կապված գործող իշխանության դեմ պայքարի հետ, նաև` այն բանի, թե ինչ կարող է առաջարկել ընդդիմությունը»,- ասել է Ալեքսանդր Մարգարովը:

Ըստ նրա` Հայաստանի ներկայիս իշխանություններն ամենուր պայքար են մղում նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ, շարունակում նրանց ամեն հնարավոր ու անհնար հանցագործությունների և մեղքերի մեջ մեղադրել, այդ թվում` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Սակայն այսօրվա դրությամբ դեռևս ոչինչ չի հաջողվում: «Քրեական գործեր հարուցված են, բայց ավարտին չեն հասցվել: Իրականում կան միայն բարձրագոչ հայտարարություններ, թե որտեղ են փողերը: Այսինքն` ներկայիս իշխանությունը վրդովվում է, թե` բոլոր փողերը գողացվել են մինչ մեզ: Սակայն նույնիսկ այնտեղ, որտեղ հաջողվում է ինչ-որ բան անել, բյուջե վերադարձված միջոցներն անչափելի տարբերվում են նախապես հնչեցված գումարներից»,- նշում է Ալեքսանդր Մարգարովը:

Քաղաքագետի խոսքով` խոսքը ոչ թե այն մասին է, որ Փաշինյանը չի կատարում պարտավորությունները, թեև ժամանակին հայտարարում էր, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ. պայքարը, կարծես, գնում է, սակայն  պետք է լինի այդ պայքարի պարզորոշ արդյունք: Ո՞ւր են դատապարտվածները, չկան: