կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 13:36
Հասարակություն

Տուլայում վթարից զոհվածների ընտանիքները մեկ միլիոն դրամի փոխհատուցում կստանան. Գագիկ Բեգլարյան

Տուլայում վթարից զոհվածների ընտանիքները մեկ միլիոն դրամի փոխհատուցում կստանան. Գագիկ Բեգլարյան

Տուլայում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածներից մեկի դիակն այսօր Ռուսաստանից բերվեց Հայաստան. այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա խոսքով` ՌԴ-ում մնացել է 11 վիրավոր, որոնցից մեկի վիճակը շատ ծանր է: «Լավ կլինի, որ այդ մարդու կյանքը փրկվի»,- հույս հայտնեց Բեգլարյանը:

Հարցին, թե վթարի համար ո՞վ է  պատասխանատվություն կրելու, նախարարը պատասխանեց. «Այսօր գործող օրենքով, ուղևորափոխադրումների առումով, այդ մեքենան, վարորդը օրենքի մեջ են գտնվում, և քննության վերջում պարզ կլինի`կոնկրետ պատասխանատվությունն ում վրա է ընկնում: Ես մի բան կարող եմ ասել հստակ, որ պետությունը, այս վթարի հետ կապված, միայն մարդկային պատասխանատվություն ունի: Այսինքն` մենք, որպես պետություն, պետք է անպայման մեր համաքաղաքացիներին օգնենք, դժվար պահին կարողանանք ամեն ինչով լինել նրանց կողքին: Պատասխանատվություն՝ որպես այդպիսին, քննությունից հետո պարզ կլինի` ով կկրի»:

Բեգլարյանը նշեց նաև, որ կառավարությունը ավտոբուսի վթարից տուժածների ընտանիքներին ֆինանսական հատկացումներ է անելու, և գումարի հստակ չափը պարզ է դառնալու այսօրվա նիստի ընթացքում, որը հրավիրել է տրանսպորտի և կապի նախարարը:

«Այսօր նիստ եմ հրավիրվել, և նիստը վերջնական որոշում կկայացնի: Երևի թե մահացածներից յուրաքանչյուրի ընտանիքին միլիոն դրամից ավելի գումար կտանք, կոնկրետ թիվը հանձնաժողովից հետո պարզ կլինի, իսկ տուժածների ընտանքիներին՝ մինչև միլիոն դրամ»,- ասաց Բեգլարյանը և հավելեց, որ բոլոր այն ծախսերը, որոնք առնչվում են տուժածների, մահացածների տեղափոխմանը, արարողությունների կազմակերպմանը, կառավարությունը նույնպես վերցրել է իր վրա:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ողբերգական վթարից տուժածներին առանձնակի օգնություն են ցուցաբերել ոչ միայն Ռուսաստանի իշխանությունները, այլև մեր հայրենակիցները: Նրա խոսքով` Տուլայի կենտրոնում գտնվող հյուրանոցները, որոնք մեր հայրենակիցներին են պատկանում, երեք օր շարունակ բոլոր հայերին անվճար են սպասարկել: «Հայերն իրենց այդ տարածքում պահել են շատ արժանապատիվ, և այդ մասին ինձ ասել են նաև Ռուսաստանի ղեկավարները: Առանձնազրույցում ասում էին, որ տեղի հայերը` անկախ իրենց սոցիալական վիճակից, ամեն ինչով եղել են տուժածների կողքին»,- նշեց Բեգլարյանը: