Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հանդիպի Հանրային խորհրդի անդամների հետ: Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անդամներին երեկ հայտնել է, որ այսօր նախատեսվում է հանդիպում, սակայն հանդիպման օրակարգն ու հստակ ժամը դեռևս հայտնի չեն:
«Անկախ»-ի տեղեկություններով՝ խորհրդի անդամներից շատերն արդեն իսկ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել կայանալիք հանդիպմանը: Նրանցից են, օրինակ, Արծրուն Պեպանյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գագիկ Եգանյանը, Վարդան Մարաշլյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Մկրտչյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Վազգեն Յակուբյանը, Աիդա Թոփուզյանը, Էդուարդ Ղազարյանը և ուրիշներ:
Խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իմաստ չեմ տեսնում հանդիպել երկիրը պարտության և նվաստացման մատնած վարչապետի հետ: Առաջարկել եմ Նիկոլ Փաշինյանին այդ անպտուղ հանդիպմանը տրամադրելիք ժամանակը հատկացնել իր պաշտոնից բխող պարտականության կատարմանը՝ գերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծմանը»:
ՀԽ անդամ Գագիկ Մանասյանն էլ ասաց, որ միանում է Ռուզան Ղազարյանին և կիսում նրա տեսակետը:
ՀԽ անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ համարելով հանդիպումն անիմաստ:
Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ասաց, որ չի մասնակցելու հանդիպմանը, և իր դիրքորոշումն արտահայտված է ՀՀ ԳԱԱ նախագահության տարածած հաղորդագրության մեջ՝ որպես ԳԱԱ նախագահության անդամ: Հիշեցնենք, որ ակադեմիան օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով կառավարության հրաժարականը:
ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, որը նույնպես հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, կարծում է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար մինչև պատերազմը կամ գոնե պատերազմի ընթացքում. «Արդեն ուշ է և անիմաստ նման հանդիպումը»,-նշեց նա:
ՀԽ անդամ Գագիկ Գինոսյանը, ընդհակառակը, կարծում է, որ պետք է մասնակցել այդ հանդիպմանը. «Պետք է գնալ և երեսին ինչ-որ պետք է՝ ասել: Չեմ լռելու»,-ասաց նա:
Իսկ թե ինչ է պատրաստվում ասել, հանդիպումից հետո այդ մասին կխոսի:
ՀԽ անդամ Արամ Սաֆարյանը նույնպես մասնակցելու է հանդիպմանը, քանի որ իր համար կարևոր է ողբերգական իրադարձութուններից 20-25 օր հետո լսել և հասկանալ պաշտոնական, պետական մեկնաբանությունը:
«Իշխանությունները պետք է ականջալուր լինեն իմ առաջարկին, ըստ որի պետք է զարգացնել հայ-ռուսական դաշինքը, ուղղել նախկինում արված կոպիտ սխալները, վերացնել բոլոր խոչընդոտներն ու արգելքները հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք հույս դնել այդ ռազմավարական դաշինքի առավելությունների վրա»,-ասաց Սաֆարյանը:
Ճշտող հարցին, թե որոնք են այդ խոչընդոտները, Սաֆարյանը նշեց, թե բոլորին հայտնի են այդ խոչընդոտները: