Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի համար սա առաջին հացադուլը չէ։
Տարիներ առաջ՝ 2009-ին, այժմյան կառավարության դիմացի շենքի՝ ԱԳՆ-ի առջև, նա ևս մեկ անգամ հացադուլ էր հայտարարել հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման պահանջով։ Այն ժամանակ հացադուլի ձևաչափը երկու օրը մեկ հերթափոխով էր, հիմա անժամկետ է։
«Պահանջը ուրիշ է, բայց խնդիրը էլի կապված է մեր ազգային անվտանգության հետ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։
ՀՅԴ գործիչը հայտնի է նաև նրանով, որ տարիներ առաջ Թուրքիայում համաշխարհային համաժողովի ժամանակ վեր կացավ ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ պաստառ բարձրացրեց Հայոց ցեղասպանության թեմայով գրառմամբ։ Նաև թուրքերեն հայտարարեց՝ Գրիգոր Զոհրապ ու Ռուբեն Զարդարյան սպանած երկիրն արդյո՞ք ցեղասպան չէ։
1994-98 թթ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց Դաշնակցության գործունեությունն ու քրեական հետապնդումներ սկսեց ակտիվ անդամների նկատմամբ, Գեղամ Մանուկյանն էլ մի քանի տարով կալանավորվեց՝ դարձավ քաղբանտարկյալ։ Այսօր Տեր-Պետրոսյանի թեման նորից ակտուալ է՝ հաշվի առնելով Արցախի տարածքները հանձնելու՝ նրա մոտեցումն ու Դաշնակցության հակադրությունը։
«Չեմ սիրում խոսել քաղբանտարկյալ լինելուս մասին։ Կան երկու տեսակի գործիչներ․ մեկը՝ կառավարության այս շենքում նստած, առավոտից իրիկուն բոլորիս ականջները հոգնեցրեց փախստական լինելով, բանտարկյալ լինելով․․․ ավելի լավ է՝ ապագայի մասին խոսենք։ Ես կուզեմ արձանագրել մի բան․ 1988 թ-ի արցախյան շարժումից հետո Հայաստանում փոխվել է երեք ղեկավար մինչև Նիկոլ Փաշինյանը, ամեն մեկն ունեցել է ղարաբաղյան հարցով իր մոտեցումը, բայց երեք նախագահների ժամանակ էլ չի եղել տարածքային այն կորուստը, որն արձանագրվել է Նիկոլ Փաշինյանի ժամանակ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա չի սիրում «եթե»-ներով խոսել, պարզապես որպես քաղաքացի նայում է փաստերին և արձանագրում՝ 1992-ից Շուշին ազատագրված էր, այսօր Շուշին հանձնված է և տրված է ուղղակի սրիկայաբար, սրիկայաբար մինչև վերջ։
«Դեռ շատ ջրեր են հոսելու, շատ փաստեր մեկտեղվելու են, մեկ էլ կպարզենք, թե ինչո՞ւ էին այդքան շտապելով, ջանասիրաբար ուզում, որ Շուշին հանձնվի։ Չեմ ասում՝ կասկած ունեմ, ուղղակի այն փաստերը, որ կան, ուղղակի խայտառակություն են։ Եվ այս խայտառակության համար մարդիկ պետք է պատասխան տան։ Արդեն խոսում են, որ ամեն ինչ այդպես հարթ չի եղել, ինչպես խոսում է Փաշինյանի թիմը»,-ասաց նա։
Գեղամ Մանուկյանի դաշնակցական բոլոր ընկերները, այդ թվում նրա որդին՝ Տարոն Մանուկյանը, առաջին օրվանից եղել են առաջնագծում, երեկ գիշերը նոր վերադարձել են։
«Ցանկացած բանական մարդու համար կարևորը խաղաղությունն է, բայց արժանապատիվ խաղաղությունն է, հայրենիքով խաղաղությունն է։ Խաղաղություն, որը քաղաքական շահարկման մեջ չէ՝ աթոռը պահելու համար, սուտ, կեղծ թեզ առաջ տանելը չէ՝ վայ, ես տասնյակ հազարավորների կյանք եմ փրկել, տասնյակ հազարավորների մասին խոսող երկրի ղեկավարը պետք է հիշի, թե ինչ կորուստներ ունեցավ իր անխոհեմ քայլերով, երկուսուկես տարվա իր պոռոտախոսությամբ, արտաքին, ներքին թերի քաղաքականությամբ, բանակաշինության գործում բազմաթիվ տապալումներով, երկրի ողնաշարը կոտրելով, արժեզրկելով ազգային արժեքները, նախորդ պատերազմի բազմաթիվ հերոսներին, որի հանրագումարը եղավ այն, ինչ տեսանք վերջին երկու ամիսներին»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Մեր երկրի անվտանգության համար, այս ամենը շտկելու համար, նրա համոզմամբ, այս իշխանությունները օր առաջ պետք է հեռանան։
Աննա Բալյան