|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այդ մասին լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ռիա-նովոստի» գործակալությունը, Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել ՌԴ իշխանությունների, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի հաստատման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:
«Ցանկանում ենք խորը երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ Ադրբեջանին հանձնվող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ պատմական վանքերի, եկեղեցիների եւ մշակութային հուշարձանների պահպանման գործում ներդրած ջանքերի համար»,- ասված է ուղերձում:
Մասնավորապես, Կաթողիկոսն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել Դադիվանքում եկեղեցական ծառայությունը:
«Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Ռուսաստանի կարեւոր դերն արցախյան հողում արյունահեղության դադարեցման գործում եւ աղոթելու ենք հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ընդգծել է Գարեգին Երկրորդը: