Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում:
«Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ լուծմանը»,- ասաց Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվել:
«Երկրների նախագահների մակարդակով հնչել են կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարություններ, որոնք վերահաստատվել են նաև ԱԳ նախարարների կողմից: Հոկտեմբերի 10-ին մենք շատ երկար խորհրդակցություններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ, հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որը չհարգվեց Ադրբեջանի կողմից, այնուհետև նույնպիսի պայմանավորվածություն եղավ հոկտեմբերի 17-ին, որը դարձյալ չպահպանեց Ադրբեջանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ այժմ հայկական կողմը պայքարում է երեք հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների, որոնք սեպտեմբերի 27-ից պատերազմ են սկսել Արցախի դեմ:
Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: