կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 20:04
Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպաններին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպաններին

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի), Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի) և Դանիայի դեսպան Ռուբեն Մադսենին (նստավայրը՝ Կիև):

Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ գործընկերային հարաբերություններին՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հետ համագործակցության առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորությունների շրջանակներում:

Որպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության օրակարգի առաջնային ուղղություններ` կողմերն առանձնացրեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը` շարունակել բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության երաշխավորմանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ այս գործընթացում կարևորելով գործընկեր երկրների աջակցությունը և համագործակցությունը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը և դեսպանները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

ՀՀ ԱԳՆ