Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ավարտվեց Եվրոպական խորհրդարանի նիստը, որը քննարկում էր Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունները։
Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտող, նրանց դեմ պատժամիջոցներ և անհապաղ այլ պատժիչ գործողություններ պահանջող, նոր Ցեղասպանության վտանգը մատնանշող ավելի քան 30 պատգամավորների միակամ ելույթներից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ իրենք դեկտեմբերին որոշում կկայացնեն, թե ինչ դիրքորոշում կհայտնեն Թուրքիային։
Բորելը քննարկման մեկնարկին նշեց, որ ԵՄ-ն չի ընդունում հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով։
«Մեր դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանի»,-ասաց նա։
Բորելը, որը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ, վստահեցրեց, որ իր վերջին խոսակցությունը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ շատ մտահոգիչ էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ չի դադարեցնելու մարտական գործողությունները, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պահանջները։
Նա դատապարտեց կասետային ռումբերի կիրառումը և հիշեցրեց երկու կողմերին` խաղաղ բնակչությանը պաշտպանելու` իրենց պարտականությունների մասին։
Փոխնախագահը տեղեկացրեց, որ ԵՄ-ն փոքր գումար է հատկացնելու Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։
Ելույթ ունեցող պատգամավորների մեծ մասը խիստ կերպով քննադատեց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը տարածաշրջանում և խոսեց Թուրքիայի ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության մասին։
Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան առավել ակտիվ քննադատում էին ձախակողմյան կուսակցությունների և կոալիցիաների ներկայացուցիչները, ֆրանսիացի և հույն պատգամավորները։ Մինչդեռ միակ պատգամավորը, որի ելույթը բացահայտ ադրբեջանամետ էր, հունգարացի ծայրահեղ աջակողմյան «Յոբբիկ» կուսակցության փոխնախագահ Մարտոն Գյոնգյոսինն էր։
Երկու ժամ տևած քննարկման ավարտին Բորելը, ի պատասխան հակամարտության հարցում հստակ գործողությունների դիմելու կոչին, հայտարարեց. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի երկու կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները։ Հատկապես աշխատելու ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չշարունակի իր ներգրավվածությունը, բայց եթե դուք, գործողություններ իրականացնել ասելով, նկատի ունեք ռազմական միջամտություն ԵՄ-ի կողմից, ապա այդ տարբերակը չի քննարկվում»։
Նշենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր ՀՀ կառավարության 2 պահանջը՝ նախ` Ադրբեջանի, ապա` Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին։ Նա պարտավորեցրել էր հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։