կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 17:39
Աշխարհ

Ավստրալահայերը ցույցերով կառավարության ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա

Ավստրալահայերը ցույցերով կառավարության ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա

Հարյուրավոր ավստրալահայեր հավաքվել են Կանբերայում ՝ կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել բուն հայկական տարածքի վրա հարձակումների մասին՝ նշեով, որ դա մեծ ռազմական հանցագործություն է: Այս մասին հայտնում է The Canberra Times-ը:

Այդ երկրում ադրբեջանական դեսապանատան մոտ է հավաքվել մոտ 500 ցուցարար:

The Canberra Times-ը հիշեցրել է, որ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը նախորդ շաբաթ հայտնել էր, թե իրեն անհանգստացնում է մարտերի բռնկումը, և կողմերին հորդորել էր զսպվածություն ցուցաբերել, աջակցել խաղաղ կարգավորման բանակցություններին:

Սակայն ցույցի ընթացքում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է. «Հարձակումն անվանեք հարձակում, ագրեսորին անվանեք ագրեսոր»:

Ցուցարարները նշել են, որ հարյուրավոր անմեղ խաղաղասեր բնիկ հայեր ռմբակոծվում են: Նրանք նաև ասել են, որ հակամարտությունը կարող է վերաճել ևս մեկ Հայոց ցեղասպանության: Հավաքված ավստրալահայերը ցանկանում են, որ Ավստրալիայի կառավարությունը միանա Ֆրանսիային՝ դատապարտելու Թուրքիային և Ադրբեջանին: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նախնական տվյալներով զոհվել է 240 զինծառայող և կամավորական: