Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն: Մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ)»,- նշում են ԱՀ ՄԻՊ-ից:
Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60-ը ստացել է լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Նրանցից 24-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում՝ ութ անձի պարագայում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետևանքով:
Տուժողները հիմնականում ստացել են ստորին և վերին վերջույթների ու դեմքի մարմնական վնասվածքներ՝ բեկորային հարվածների արտահայտված տեսքով:
Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել 22 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 6 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 12 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 5 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտ:
Տեղեկացնում ենք, որ երեկ ու այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը:
ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է նախնական չորս զոհ և 10 վիրավոր, իսկ այսօրվա հարվածների հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:
Կառույցից նշում են, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:
Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Վերջին օրերին Ադրբեջանը սկսել է քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառել նաև ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Այս երկու օրվա ընթացքում Ստեփանակերտում ու մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ու կետային կերպով սկսել են թիրախավորել կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը լրջագույն պատերազմական հանցագործություն է՝ խորացնելով Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը:
Մինչև հոկտեմբերի 4-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալներն են
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգության հետևանքով էլ զոհվել է երկու խաղաղ բնակիչ՝ Վարդենիսում և Մեծ Մասրիկում: