Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների որոշման համաձայն, ամեն տարի նոյեմբերի առաջին հինգշաբթին նշվում է որպես Դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օր: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և նշել է, որ այսօր դպրոցում բռնության դեմ պայքարի մասին խոսելուց բացի, անհրաժեշտ է գիտակցել, թե ինչպիսի բռնություն է կիրառվում արցախցի երեխաների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:
«Տեսնում ենք, որ այդ սանձազերծած ագրեսիայի հետևանքով խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունքը: Նրանք հնարավորություն չունեն իրենց կրթության իրավունքն իրացնելու մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում: Դրանից բացի, մենք ուսումնական հաստատություններում ունենք զգալի ավերածություններ: Վերջին տվյալների համաձայն, շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալիորեն վնասվել են: Այն ենթակառուցվածքները, որոնք կրթության իրավունքի վերականգնման հնարավորություն են ընձեռում, լուրջ բարեկարգման անհրաժեշտություն ունեն»,- ասել է նախարարի տեղակալը:
Կրթության իրավունքի խախտման, և այս իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ-ի սահմանամերձ համայնքների սովորողները: Պատերազմական գործողությունների սանձազերծման առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայնքների երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար եղանակով: Շուրջ 10 հազար սովորողներ չկարողացան ուսումնական հաստատություններ հաճախել արդեն իսկ սեպտեմբերի 28-ից:
«Դրանից բացի, մենք ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր Հայաստանում, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում: Մենք տեսնում ենք շարունակական թիրախավորում, բռնություն: Երբ խոսում ենք երեխաների հանդեպ բռնությունից, ապա շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական այս դրությունը մեծապես վտանգում է նրանց իրավունքները: Այս շարունակական բռնությունը, կրթության իրավունքի ոտնահարման հետ մեկտեղ, դպրոցականների հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ է առաջացնում: Այսօր ոտնահարված են երեխաների տարրական իրավունքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: