ՀՅԴ կամավորները հավաքվել են Հանրապետության հրապարակին կից տարածքում՝ Արցախի առաջնագիծ մեկնելու համար՝ հայտնում է
Yerkir.am-ը։
ՀՅԴ «Կամավորական շարժում» հկ խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասաց, որ արդեն պատրաստ են ՊԲ ղեկավարությամբ՝ բանակի կազմի մեջ, մասնակցելու մարտական գործողություններին և կոչ են անում բոլորին՝ արագ կազմակերպվելու։
«Սա մեր բոլորի պատերազմն է, հայ ժողովրդի պատերազմն է և պետք է ավարտենք անպայման հաղթանակով։ Մենք պատրաստ ենք, երբ ասեն՝ նույն վայրկյանին կմեկնենք։ Մենք պատրաստ ունենք 1-2 վաշտ, 3-4-ն էլ, կարծում ենք, այս մի քանի օրը պատրաստ կլինեն»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ կոչ են արել բոլոր ընկերներին, կամավորներին՝ ներկայանալ կուսակցության գրասենյակ, ցուցակագրվել և մեկնել սահման։
«Ամբողջ աշխատանքները կոորդինացվելու են ՊԲ կողմից, որևէ ինքնագործունեություն չի լինելու, բանակը ունի հրամանատարություն, մեր բոլոր գործողությունները լինելու են նրա ղեկավարության ներքո։ Այս պահին շտաբը գործում է, կարող են հերթագրվել, հագուստ, իրեր ստանալ, ստուգվել՝ ովքեր են և մեկնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ-ին համախմբողը, միավորողը հայրենիքի և ազգի գաղափարն է, ասաց Հրանտ Մարգարյանը ելույթում, միավորվել ենք հանուն մեր ժողովրդի։
«Մենք միշտ խոսել ենք ազգ-բանակի, համաժողովրդական բանակի, պահեստազորը կազմակերպելու, պատրաստ լինելու մասին։ Ցավոք, մեր կոչերը շատ ուշ են արձագանք գտել, հազիվ կարողացել ենք մե՛նք պատրաստվել։ Բայց պատրա՛ստ ենք։ Պատրա՛ստ ենք և սպասում ենք հրամանի, պատրա՛ստ ենք և ասում ենք՝ ոչ մի քաղաքական հարց, ոչ մի քաղաքական տարաձայնություն չի կարող այսօր մեր միասնականության մեջ որևէ կեղտ իջեցնել»,-հայտարարեց Հրանտ Մարգարյանը, որի խոսքն ուղեկցվեց ծափահարություններով։
Թեկուզ կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ պահպանելով կանոնները, ՀՅԴ կամավորականները անցկացրել են պարապմունքներ՝ վստահեցրեց «Կամավորական շարժում» հկ խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։
«Այստեղ կան զինվորական ծառայություն անցած, ապրիլյան գործողություններին մասնակցած, ինչպես նաև ազատամարտին մասնակցած՝ մինչև 45-50 տարեկան և ավելի բարձր տարիքի տղերք։ Այս պահին միայն Երևանից պատրաստ ենք դուրս բերել 100 հոգանոց վաշտ»,-նշեց նա։
Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ ազգովի դեպի ճակատ պետք է գնալ, դեմ դուրս գալ և ուժը դեմ տալ թշնամու հարվածներին։
«Մենք պետք է հաղթենք այս պատերազմում և այս պատերազմի հաղթանակը պետք է նվիրենք մեր եկող սերունդներին։ Գերխնդիրը թշնամին է, որին պետք է ծունկի բերել, այս պահին չունենք այլ գերխնդիր, կգա օրը, նորեն կհավաքվենք, նորեն կքննարկենք խնդիրները, բայց այսօր ունենք մեկ խնդիր՝ թշնամին ծնկի բերելու»,-հայտարարեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հկ խորհրդի նախագահ Հրանտ Մարգարյանը։
Աննա Բալյան